Պ-ն Գլխավոր Դատախազ, պատասխանեք , որտեղ է երեխան, կամ նրա դին. Արտակ Գալստյան

Պ-Ն ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ, ՈՐՏԵ՞Ղ Է ՆՈՐԱԾԻՆ ԵՐԵԽԱՆ

Սեպտեմբերի 24-ին «Հանրապետական ծննդատանը» մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի Հայկուհի Խաչատրյանի նորածինը։

Ի սկզբանե մայրը նորածնի դիակը չի տեսել, այնուհետեւ ծնողներն անանուն զանգ են ստացել եւ տեղեկացել, որ դին 6 օր շարունակ դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել: Ծնողների մոտ տարբեր կասկածներ էին առաջացել՝ որ երեխային կամ նրա օրգանները հիվանդանոցը վաճառել է, նույնիսկ հնարավոր է, որ նա հիմա ողջ է:

Հաստատությունից վերջիններիս տեղեկացրել էին, որ հատուկ ընթացակարգ կա, ոստիկանների գալուց հետո որոշում կկայացվի, երեխայի դին կուղարկվի փորձաքննության: Հայկուհի Խաչատրյանը ծննդատան տնօրինությանը մեղադրում է նաեւ իրեն լռեցնելու նպատակով 1 միլիոն դրամ առաջարկելու մեջ.

«Ռուզաննա Քեհյանը ասեց՝ գիտաժողով ենք արել, փորձում ենք հոգալ ձեր երեխայի ծախսերը, ինչքան ա հասնում երրորդ երեխային, ասեցի՝ եթե երեխան ծնված, ապրած լիներ , մի միլիոն ա հասնում, ինչի եք հարցնում, ասեց՝ ուզում ենք փոխհատուցենք, ասեցի՝ կներեք, ես իմ երեխային չեմ վաճառում:

Փաստացի ունենք հետևյալ փաստը, Հայկուհի Խաչատրյանի երեխան ծնվել է: Մորը հայտնել են, որ իբր թե երեխան մահացել է, բայց դիակը մինչև օրս ոչ ծնողներին են տվել, ոչ էլ փորձաքննության ուղարկել: Այսինքն մահվան փաստը հաստատված չէ, միայն բժիշկների խոսքերով:

Միևնույն ժամանակ Հայկուհի Խաչատրյանը պնդում է, որ իրեն մեկ միլիոն դրամ են առաջարկել, որ լռի և մոռանա երեխայի մասին: Այս իրավիճակում քրեական գործը հարուցվում է մեկ շաբաթ անց, այն էլ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով է:

Այն վերաբերում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Հարցս Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանին Ի՞նչ որ մեկը տեսել է երեխայի դիակը, նույնականացրել է այն թե ո՞չ:

Եթե ոչ, ապա այդ որ ներքին համոզմունք ով ես որոշել, որ երեխան ողջ չէ, վաճառված չէ, որ այդ հոդվածով ես հարուցել:

Եվ վերջապես, պ-ն Գլխավոր Դատախազ, պատասխանեք , որտեղ է երեխան, կամ նրա դին:

Արտակ Գալստյան

(Visited 888 times, 1 visits today)