Տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատների. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Ցավոք սրտի, ամանորյա տոները ուրախություն բերելուց զատ նաև երբեմն դժբախտություն են բերում մեր որոշ ընտանիքներին` երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով:

Քիչ առաջ ահազանգ ստացա իմ մանկական վիրաբույժ գործընկերներից, որ նորից սկսել են արձանագրվել երեխաների մատների և ձեռքերի ջնջխման և անդամահատման դեպքեր` փոքրիկների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու պատճառով:Տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատների հենց միայն դրանց պատճառով:

Մինչև մենք օրենսդրական մակարդակով կկանոնակարգենք կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը, կոչ եմ անում և խնդրում եմ բոլոր ծնողներին պարզապես ՉԳՆԵԼ որևէ պայթուցիկ սարք իրենց երեխաների համար, ինչպես նաև խոսել իրենց երեխաների հետ դրանց վտանգների մասին: Նույնը խնդրում եմ անել նաև դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին:

Վստահ եմ` Ամանորը ուրախ կանցնի նաև առանց մեր երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր պայթուցիկների:Հ.Գ. Նկարում երեխայի ջնջխված մատների ռենտգեն նկարն է: Իրական նկարը չեմ տեղադրում, քանի որ շատ ահասարսուռն է»:

(Visited 44 times, 1 visits today)