«Սասնա ծռեր»-ը հայտարարություն է տարածել

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել. «Իշխանությունը նահանջում է «խորքային պետության» առաջ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը, որի նախագահը և մեծամասնությունն իշխանության ներկայացուցիչներ են, բացասական եզրակացություն է տվել ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելու մասին օրինագծերին։

Իշխանությունը հանձնաժողովի նախագահի շուրթերով ներկայացրեց իր որոշման հիմնավորումը՝ համակարգը չի կարելի խարխլել:
Մինչդեռ անցյալից ժառանգած պետական կառավարման այս համակարգի առաքելությունը մեզ նորգաղութային կախյալության մեջ պահելն է:

Համակարգի միջուկը և վերարտադրության գրավականը 2018թ. ժողովրդական ընդվզմամբ մասամբ կազմաքանդված «խորքային պետությունն» է, որը բաղկացած է մոսկվահպատակ ԱԱԾ-ից, ոստիկանության և մյուս ուժային մարմինների վերնախավերից, ինչպես նաև քրեական օլիգարխիայից:

Ինքնիշխանությունը, ազգային շահը և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները նորգաղութային և կոռումպացված համակարգին ստորադասելու այս քայլը կոպիտ սխալ է:

Այսպես շարունակելու դեպքում ներկայումս խարխլված «խորքային պետությունն» իրական հնարավորություն կստանա, ի վերջո, վերարտադրվելու և չեզոքացնելու գործող իշխանությանն ու մեր ժողովրդի ձեռքբերումները՝ բոլորիս կանգնեցնելով ամեն ինչ զրոյից սկսելու անհրաժեշտության առաջ»:

(Visited 78 times, 1 visits today)