Անկարան փոխանակում է Նախիջեւանը. Հայաստանի եւ Մոսկվայի որոշումը

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ չնայած հայկական եւ ադրբեջանական դիրքորոշումների տարբերությանը, արցախյան հարցում փոխըմբռնման հասնել հնարավոր է:

Զախարովան այդ մասին հայտարարել է ավանդական ճեպազրույցի ընթացքում: Նա խոսել է Ռուսաստանի միջնորդական ջանքի մասին, նշելով, որ կան նաեւ մի շարք հարցերում երկկողմ փոխըմբռնման դրսեւորումներ, ինչպես օրինակ օրերս տեղի ունեցած լրագրողական փոխայցերը:

Մարիա Զախարովան իրավացի է՝ չնայած տարբերությանը` փոխըմբռնման հասնել հնարավոր է, թեեւ դա իհարկե լինելու է չափազանց բարդ գործընթաց: Իհարկե, առաջանում է հարց, թե կողմերից ո՞վ պետք է նահանջի իր դիրքից, փոխըմբռնման հասնելու համար, քանի որ հակառակ դեպքում հնարավոր լինելու մասին խոսելն ավելորդ է:

Ամբողջ հարցն այն է սակայն, որ փոխըմբռնում ասվածը ունի գնահատման կարիք: Ի՞նչ հարցում է հնարավոր փոխըմբռնումը, չնայած կողմերի դիրքորոշումների տարբերությանը:

Փոխըմբռնումը հնարավոր է առանց նախապայմանի խաղաղության հարցում, երբ կողմերը կմնան իրենց դիրքորոշումներում, միեւնույն ժամանակ սակայն կբացառվի դիրքորոշման «պարտադրման ռազմական ճանապարհը»: Դա նշանակում է իհարկե, որ ռազմական շանտաժի դիվանագիտությունից կամ քաղաքականությունից պետք է հրաժարվի Ադրբեջանը, որովհետեւ Հայաստանն այդ առումով խնդրի կամ անվտանգային սպառնալիքի աղբյուր չեն, եթե իր ագրեսիվ վարքագծով Բաքուն չստիպի հայկական կողմին խաղաղությունը պարտադրել ուժով:

Մեծ հաշվով, Հայաստանն իհարկե պետք է «պարտադրի» խաղաղությունը, եւ հիմա էլ այդպես է, բայց ոչ թե ուժի կիրառումով, այլ ուժի առկայությամբ, որի հարցում համոզվածությունը զսպելու է Բաքվին, փոխելու է ռազմա-քաղաքական միջավայրն ու միջնորդներին էլ տալու է Բաքվի առաջ հարցեր դնելու եւ պատերազմելն արգելելու փաստարկ:

Այդպիսով, առանց Բաքվի որեւէ նախապայմանի խաղաղությունն է, որի շուրջ հնարավոր է կողմերի փոխըմբռնում: Ռազմական շանտաժի փակուղում հայտնված Բաքուն հասկանում է, որ չի կարող չգնալ դրան: Իհարկե, գուցե ունի հույս, որ կփոխվի միջազգային իրավիճակն ու հնարավոր կլինի վերադառնալ շանտաժին:

Այստեղ արդեն շատ բան կախված է Երեւանից՝ իրավիճակի փոփոխություն թույլ չտալու առումով: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում պահպանվի իշխանության լեգիտիմության բազան, միաժամանակ այդ բազան ծառայի Ռուսաստանի հետ հարաբերությունը վերափոխելուն եւ միջպետական մակարդակի բերելուն: Միեւնույն ժամանակ, Բաքուն թերեւս հուսադրող քիչ բան ունի նաեւ միջազգային մասշտաբում: Իրավիճակն Ադրբեջանի համար կարող է փոխվել, բայց միայն դեպի ավելի վատը, քանի որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ մանեւրի թուրքական տարածությունը սկսել է էապես նեղանալ, եւ այդ առումով Անկարան պատրաստ է հրաժարվել Բաքվից՝ Նախիջեւանի դիմաց:

Եթե մինչ այդ Թուրքիան Մոսկվային առաջարկում էր առեւտուր Արցախի եւ Հայաստանի առնչությամբ, ներկայում պատրաստվում է առեւտրի Նախիջեւանի եւ Ադրբեջանի հարցում: Անկարան պատրաստ կլինի զիջել Մոսկվային Բաքվում, ռուս-թուրքական մոսկովյան պայմանագիրը գոնե Նախիջեւանի առումով շարունակելու դիմաց, քանի որ պայմանագիրն ընդհանուր առմամբ շարունակելու հարցում Անկարան թերեւս տեսնում է ավելի ու ավելի քիչ հավանականություն:

lragir.am

(Visited 14 129 times, 14 visits today)