ԱՄՆ դուրս է գալիս Թուրքիայից. Հայաստանի առանցքային գործը

Ինտերֆաքսը տեղեկություն է հայտնել, որ Թուրքիայում գտնվող Ինջիրլիք ռազմակայանից վերջին երկու օրերի ընթացքում դուրս է եկել ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի քանի օդանավ, այդ թվում ծանր տրանսպորտային, բարձր բեռնափոխադրման հնարավորություն ունեցող օդանավեր:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան արտգործնախարարի եւ նախագահի մակարդակով խոսել է ռազմակայանից ԱՄՆ-ին «դուրս հրավիրելու» հավանականության մասին, եթե Վաշինգտոնը շարունակի Թուրքիայի հանդեպ կոշտ քաղաքականությունը:

Միացյալ Նահանգների ռազմա-տրանսպորտային շարժը էական հարց է առաջացնում Թուրքիայի Ինջիրլիք ռազմակայանում տեղակայված ամերիկյան միջուկային զենքի առնչությամբ: Արդյոք Վաշինգտոնը դուրս է բերում միջուկային զենքը Ինջիրլիքից, որպեսզի Անկարան չհասցնի հարուցել խոչընդոտներ: Իհարկե, ինքնին հարց է, արդյոք Վաշինգտոն-Անկարա հարաբերության լարվածության ֆոնին Թուրքիան այդուհանդերձ կգնար ամերիկյան միջուկային զենքի «առգրավման» հանդգնության, այդուհանդերձ Վաշինգտոնը կարող է պարզապես գործել այսպես ասած առանց ռիսկի:

Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների այդ մտադրության մասին Նյու Յորք Թայմսը գրել էր դեռեւս հոկտեմբերին, որ Վաշինգտոնը Անկարայի հետ հարաբերության լարվածության ֆոնին դիտարկում է Ինջիրլիքից միջուկային զենքը դուրս բերելու տարբերակները:

ԱՄՆ սկսե՞լ է գործընթացը: Եվ արդյոք Չավուշօղլուի ու Էրդողանի հայտարարությունները պատճառ են, թե առիթ, որ Թուրքիայի ձեռքով հմտորեն ստեղծում է Վաշինգտոնը: Իսկ պատճառները թերեւս շատ ավելի խորքային են եւ առնչվում են նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացում ամերիկա-թուրքական հարաբերության տրանսֆորմացիայի խնդրին:

Ինջիրլիքից միջուկային զենքի դուրսբերման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն դեռեւս չկա: Եթե այդուհանդերձ հաստատվի, որ տեղի է ունենում կամ արդեն տեղի է ունեցել այդ գործողությունը, ապա դա նշանակում է, որ թե համաշխարհային անվտանգության համակարգը, թե դրա կարեւոր օղակներից մեկը՝ Կովկասի անվտանգության ռազմա-քաղաքական համակարգը գործնականում հայտնվում են լիովին նոր իրադրությունում:

Դրանում առանցքային է դառնում Հայաստանի դերը, միեւնույն ժամանակ դրանից բխում է առանցքային պատասխանատվություն, դրա իրականացման տեւական ու բարդ գործընթացով՝ կանխարգելել միջուկային ոլորտում ռուս-թուրքական հնարավոր գործակցությունը:

Ենթադրվում է, որ ռուսական էլիտան բավարար խելք, հեռատեսություն պետք է ունենա՝ Թուրքիային միջուկային սպառազինության տեխնոլոգիաների հասանելիություն թույլ չտալու համար: Ամբողջ խնդիրը սակայն այն է, թե որքանով է ռուսական պետականությունը ներկայում հենց ռուսական էլիտայի ձեռքին, եւ ոչ թե թյուրքական: Այդ հարցում կան ոչ միայն կասկածի հիմքեր, այլ դատելով վերջին տարիների քաղաքականությունից՝ հնարավոր է եզրակացնել, որ ռուսական պետության այդպիսի քաղաքականություն կարող էր վարել միայն թյուրքական էլիտան՝ Ռուսաստանի համար ծանր հետեւանքներով:

2016 թվականի ապրիլյան պատերազմում հայկական բանակը արգելափակել է այդ քաղաքականության հնարավորությունը, սակայն դա գործնականում ժամանակավոր հանգամանք էր: Ավելի երկարաժամկետ լուծումների հնարավորություն Հայաստանը ստացել է թավշյա հեղափոխությունից հետո, Ռուսաստանի հետ հարաբերության վերափոխման միջոցով անուղղակիորեն հասնել իրավիճակի, երբ Ռուսաստանում կդրվի էլիտայի փոփոխության հարց եւ կձեւավորվի նոր էլիտա, որին բնորոշ հատկանիշներից մեկը կլինի իր եւ ռուսական պետականության գոյության հարցում հայկական ինքնիշխան պետականության հանդեպ երախտագիտության, ոչ թե խանդի ու թշնամության զգացումը:

lragir.am

(Visited 18 400 times, 1 visits today)