Քանի դեռ վայելում եք թավիշը, վախեցեք Աստծո պատժից

Էդգար Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

2019 էլ մոտեցավ իր ավարտին’ թողնելով շատ հարցեր անպատասխան: Այնուհանդերձ, հարցերի պատասխանները տալու համար օրվա իշխանությունները դեռ 4 տարի ունեն, քանի որ նրանց ընտրել էին ոչ թե 1 տարվա, այլ’ 5 տարվա կտրվածքով։

Այնուամենայնիվ, հասարակությունը այն աստիճան էր զզված գողապետական համակարգից, որ ընտրելով նորին, ակնկալում էր յաթաղան նախկինների հանդեպ։ Բայց չէ, ժողովուրդ ջան, այդպես չի կարող լինել, մենք Պակիստան չենք և քաղաքակիրթ աշխարհն էլ աչքները չորս արած մեզ էր նայում և նայում է առ այսօր։

Մի քանի խոսքով կարելի է ամփոփել քաղաքական տարին։

1. Իշխող քաղաքական ուժը’ Իմ Քայլը, գուցե և կարող էր շատ ավելի արդյունավետ լինել, եթե այսքան չձգձգեր ՍԴ-ի ճգնաժամի հանգուցալուծումը։ Հիմնական քննադատությունը հենց այստեղ է կանգ առնում։ Մարդիկ իրականում տենչում են արդարադատություն, որին թավիշը շատ է խանգարում։ Այստեղ համամիտ եմ հասարակության հետ, որովհետև մարդիկ իրապես ցանկանում են <<վիշապին>> գլխատված տեսնել։ Եվ թավիշով <<վիշապին>> չես հաղթի, առնվազն շուշաթուղթ է հարկավոր։ Ինչև, պարտավոր ենք համբերել, հարկ եղած դեպքում սատարել իշխանությանը <<վիշապին>> գլխատելու համար, քանի որ ամեն համայնքում <<վիշապը>> ունի իր սերմանած մարմինը

2. ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժը ԲՀԿ-ն է։ Իմ կարծիքով, ԲՀԿ-ն ինքն իրեն դրեց վատ դրության մեջ՝ առաջ բերելով հանրահայտ շեյխերի պատմությունը։ Դրանով փորձ արվեց հասարակությանը մատուցել, որ օրվա իշխանությունները չեն աջակցում օտարերկյա ներդրումներին։ Սակայն այս պատմության բարեգործական հիվանդանոցի հատվածը ամբողջովին պայթեցրեց շեյխական թոհուբոհը։

Հարգելիներս, ինքներդ ձեզ հարց տվել եք, թե ինչու պիտի մի հարուստ արաբ, կամ արաբ թագաժառանգ, կամ արաբ թագավորի որդի, շատ հավանական է կրոնով մահմեդական, ցանկություն հայտնի Երևանում կառուցել հիվանդանոց, այն էլ բարեգործական, և հիվանդանոցը կոչի էր իր թագավոր հոր անունով։ Մենք, որպես հայ, ով ենք այդ արաբի համար, որ ցանկություն է հայտնել կառուցել բարեգործական հիվանդանոց քրիստոնյա Հայաստանում թագավոր հոր հիշատակը վառ պահելու համար։

Ասենք, պատկերացնում եք, ԲՀԿ ղեկավարը ցանկություն հայտնի Էմիրատներում կառուցել ռազմական վարժարան և այն կոչի օրինակ Վազգեն Սարգսյանի, կամ Մոնթե Մելքոնյանի անունով, որպեսզի նրանց անունը վառ մնա։ Հիմա սա աբսուրդի ժանրից է, թե նոր <<թրենդ>> է, որից հետ եմ մնացել? Լավ, այդ ամենը մի կողմ, եթե ենթադրյալ հիվադանոցը բարեգործական էր լինելու, այդ դեպքում ինչու հենց կենտրոնում, չէ՞ որ բարեգործության կարիք ունեն ավելի շատ մարզերի, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները։

Շեյխերին տանեիք Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց ձորի մարզ և այլն։ Համոզված եմ, որ այդ մարզի բնակիչները, որտեղ որ կառուցվեր բարեգործական հիվանդանոցը, ըստ արժանվույն կգնահատեին արաբ թագավորի որդուն և գուցե որոշ ժամանակ անց տեղադրվեր թագավորի արձանը նրա հիշատակը էլ ավելի վառ պահելու համար։

3․ Հասանք Լուսավոր Հայաստանին։ Ճիշտն ասած, լուսավորիչները թե Երևանի ավագանիում, թե ԱԺ-ում ավելի շատ ճղճղում են, քան հանդես են գալիս որպես առողջ ընդդիմություն։ Նրանց ասածների 70 տոկոսը լսելուց հետո ակամայից մտածում ես․ «такая маленькая, а уже Наташа»:

4. Մնացին ԱԺ-ում չհայտնված ազգային, ավանդական, ընտանեկան արժեքների մասին մեզանից շատ հասկացող, յոթ շրջանները հանձնելուն պատրաստ, բանակից և գյուղացուց գողացող, մայրերին երեխաներից կտրած անվեհեր հայրենասերները։ Նմանատիպ երկոտանիների մասին կասեմ հետևյալը։ Քանի դեռ վայելում եք թավիշը, վախեցեք Աստծո պատժից։ Չնայած, եթե լինեիք քրիստոնյա, 1-ին քրիստոնյա ազգին չէիք դարձնի <<մուրացկան>>։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

(Visited 55 times, 1 visits today)