Արթուր Վանեցյանի և Իլհամ Ալիևի նվերը ամբաստանյալ Քոչարյանին

Արթուր Վանեցյանի և Իլհամ Ալիևի նվերը ամբաստանյալ Քոչարյանին

ԱԱԾ-ի մեկուսարանում գտնվող Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը մեկ օրվա ընթացքում աջակցության տեսքով երկու նշանակալի ուղերձ ստացավ Հայաստանից, և Ադրբեջանից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, իսկ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը ևս քաղաքական դրդապատճառներ ունի: Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է Բաքվում` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ընթացքում:

«Հայաստանի նախկին նախագահը արդեն ավելի քան մեկ տարի է ինչ կալանքի տակ է: Նա ձերբակալվեց ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրության վերաբերյալ հայտարարությունից հետո: Քննություն է իրականացվում նաև այն նախագահի հանդեպ, որը Հայաստանը ղեկավարում էր ընդամենը երկու տարի առաջ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, և ըստ մամուլի հրապարակումների՝ նախկին նախագահի դեմ հարուցված այդ գործն արդեն իսկ փոխանցվել է դատարան: Այդ բոլոր գործողությունների պատճառն այն է, որ նախկին նախագահները քննադատության են ենթարկել գործող իշխանություններին», — դիմելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարին նշել է Ալիևը:

Ինչ է ստացվում, Մարտի 1-ի սպանդի ժամանակ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած անձը նախագահի մակարդակով այլևս քաղբանտարկյալի որակավորում ունի։ Ամիսներ շարունակ Քոչարյանի փաստաբանների թիմը ջանք ու եռանդ չէր խնայում իրենց վստահորդի «վրա» քաղբանտարկյալի «շտամպ խփելու» համար։ Այս իրավիճակում ավելի լավ նվեր, որը Քոչարյանը ստացավ Ալիևից ուղղակի դժվար է պատկերացնել։

Բայց սա միակ նվերը չէր, որ 24 ժամվա ընթացքում ստացավ ամբստանյալ Քոչարյանը։ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը երեկ թերթերի մի քանի խմբագիրների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, սխալ է ընտրված:
«Ինչ վերաբերում է Քոչարյանին, այս հայտարարությունից հետո ես գիտեմ՝ լինելու են շատ տարբեր մեկնաբանություններ, բայց ես ուզում եմ նշել, որ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ընտրված է սխալ ու նա երբևիցե որևէ իր քայլով չի ցույց տվել, որ խուսափում է քննությունից, կարծում եմ՝ ճիշտ կլիներ խափանման միջոցը վերանայվեր, դա կնպաստեր լարվածության թուլացմանը որոշ շրջանակներում ու կնպաստեր գործի բացահայմանը, իսկ մենք՝ բոլորս, ուզում ենք, որ Մարտի 1-ի գործը բացահայտվի», — ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Ոմանք կպնդեն, որ տեղի ունեցածը պատահականության կամ զուգադիպության արդյունք է, բայց ինչպես ընդունված է ասել քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։

Հայաստանի արյունոտ ժամանակաշրջանի գերագույն հրամանատարին աջացում են պատության դեմ դավեր նյութող, ՀՀ վարչապետի հետ շանտաժի լեզվով խոսող անձը և թշնամի երկրի առաջնորդը։

Դե եկեք ասենք, որ այս հարցի շուրջ Վանեցյանի և Ալիևի հայացքները չեն համընկնում։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում դա հնարավոր չէ անել։ Տեղի ունեցածը հիմք է տալիս մտորելու, որ Վանեցյանի, Քոչարյանի և Ալիևի հայացքները կարող են համընկնել նաև այլ խնդիրների շուրջ։

Դավիթ Ջալալյան

(Visited 427 times, 1 visits today)