Արցախում 20-ամյա զինծառայողի մահվան գործով մի շարք սպաների զորացրել են ԶՈՒ շարքերից. ՊԲ

Վահրամ Ավագյան մահվան գործը նոր զարգացումներ է ստանում. Արցախի պաշտպանության նախարարությունը խիստ քայլեր է ձեռնարկել։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՊԲ զորամասերից մեկում հունվարի 30-ին տեղի ունեցած մահվան դեպքի հանգամանքները պարզելու համար բանակի հրամանատարի հրամանով ստեղծված հանձնաժողովը ծառայողական քննություն է անցկացրել, որի ընթացքում որոշվել է

մի շարք ավագ սպաների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին և դիվիզիոնի հրամանատարին զորացրել զինված ուժերի շարքերից: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Նույն գործի շրջանակում խիստ կարգապահական տույժերի են ենթարկվել զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները, իսկ որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հետաքննությունը շարունակվում է, և տույժի ենթարկված տվյալ պաշտոնատար անձիք այդքանով հանդերձ չեն ազատվում հետագա հնարավոր քրեական պատասխանատվությունից:
Հիշեցնենք` ՊԲ զինծառայող, 20-ամյա Վահրամ Ավագյանը մահացել էր հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում, զորամասում, հրազենային վնասվածքից։

Ավագյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են ծառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը։

Հունվարի 30-ին Արցախում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները փետրվարի 2-ին որոշել էին նրա դագաղը ոտքով տեղափոխել Երևան: Նրանք չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել և պահանջում էին արդար քննություն։ Ճանապարհին, սակայն, նրանց մոտեցավ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հորդորեց գյուղ վերադառնալ ու խոստացավ, որ գործն ամբողջությամբ բացահայտվելու է։

(Visited 525 times, 1 visits today)