Գեթ մեկ անգամ. Լուսաբացը՝բարի լուրով… Ըմբշամարտի մեր չեմպիոնները վերադարձան

Թեև կեսգիշերն անց է, բայց «Զվարթնոց» օդանավակայանը մարդաշատ է: Հռոմից վերադառնում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեր մասնակիցները: Նրանց հետ չէ միայն «սպիտակ արջը»՝ Արթուր Ալեքսանյանը:

Հայ հասարակությունը չեմպիոններ դարձած և մեդալներ վաստակած մարզիկներին դիմավորում է փուչիկներով և բուռն ծափերով:
Տղաները հոգնած են, բայց գոհ ու երջանիկ: Նրանք էլ ավելի են ուրախանում հայրենիքում նման ընդունելության արժանանալով:

Ըմբշամարտի հավաքականի մարզիչ Էդուարդ Սահակյանն ասաց, որ թեև իրենք ավելի լավ արդյունքներ էին ակնկալում Եվրոպայի առաջնությունից, բայց գոհ են նաև այսքանից, քանի որ տղաներին հաջողվել է հաղթահարել հոգեբանական խնդիրներն ու լավ արդյունք ցույց տալ:
Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանն օդանավակայանում լրագրողներին ասաց, որ չէր սպասում նման ջերմ ընդունելության ու շատ զգացված է: Նա նշեց, որ պայքարը հեշտ չի եղել, սակայն ի վերջո կարողացել է հասնել ցանկալի արդյունքի և հպարտ է, որ բարձրացրել է հայկական դրոշը:
«Շատ սկզբունքային գոտեմարտ էր հատկապես ադրբեջանցու հետ. ոչ սպորտային կեցվածքով էր նա մոտեցել, բայց ես կարողացա հաղթանակի հասնել»,-ասաց Ղարիբյանը:

Նշենք, որ Գևորգ Ղարիբյանը վնասվածքներ ուներ և այս հաղթանակին հասնելը նրանից գերագույն ճիգեր պահանջեց:
Բրոնզե մեդալներով վերադարձած Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը նշեցին, որ կարող էին ավելի լավ արդյունքի հասնել, սակայն ստացվեց այնպես, որ ստիպված էին բավարարվել բրոնզով:

Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ալեքսանյանն ու Գևորգ Ղարիբյանը վաստակել են ոսկե մեդալ և դարձել Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը բրոնզե մեդալակիրներ են դարձել:

(Visited 1 025 times, 1 visits today)