Անհավատալի. Կանաչ գոտու են վերածվում Անտարկտիդայի ափերը

Քեմբրիջի համալսարանի եւ Բրիտանական անտարկտիկական ծառայության գիտնականները ստեղծել են մանրադիտակային ջրիմուռների առաջին լայնածավալ քարտեզը, որոնք ծաղկում են ձյան մակերեսի վրա Անտարկտիկական թերակղզու ափերի երկայնքով: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ այս «կանաչ ձյունը» կարող է տարածվել գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ, փոխանցում է Nat-geo-ն:

Գիտնականների խումբը համախմբել է երկու տարվա ընթացքում հավաքված արբանյակային տվյաները ձնային կանաչ ջրիմուռների հայտնաբերման եւ չափման համար: Չնայած յուրաքանչյուր առանձին ջրիմուռը մանրադիտակային չափեր ունի, դրանք միասին ձյունը վառ կանաչ գույն են ներկում, որը կարելի է տեսնել նույնիսկ տիեզերքից:

«Մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել Անտարկտիդայում ցամաքային կյանքը հասկանալու համար, թե ինչպես այն կարող է փոխվել առաջիկա տարիներին, երբ կլիման ավելի տաք կլինի: Ձնային ջրիմուռները մայրցամաքի՝ ֆոտոսինթեզի միջոցով մթնոլորտից ածխաթթու գազ որսալու ունակության հիմնական բաղադրիչն են»,- նշել է հետազոտության գլխավոր հեղինակ Մեթ Դեյվին:

Ձնային ջրիմուռներն ավելի տարածված են Անտարկտիկական թերակղզու արեւմտյան ափին, հատկապես՝ կղզիներում: Նրանք աճում են ավելի տաք տարածքներում, որտեղ ամառային սեզոնի ընթացքում միջին ջերմաստիճանը գերազանցում է զրո աստիճանը:

Գիտնականները պարզել են, որ ծովային թռչունները եւ կաթնասուները մեծապես ազդում են կանաչ ձյան ջրիմուռների տարածման վրա, որոնց արտազատումները որպես շատ սննդարար բնական պարարտանյութ են ծառայում ջրիմուռների աճն արագացնելու համար: «Կանաչ ձյան» ավելի քան 60 տոկոսը գտնվել է պինգվինների եւ այլ թռչունների բնակավայրերից մինչեւ հինգ կիլոմետր հեռավորության վրա:

«Մենք ծաղկող կանաչ ջրիմուռների 1679 առանձին կետ ենք հայտնաբերել ձյան մակերեսի վրա, որոնք միասին 1.9 քառակուսի կիլոմետր տարածք են զբաղեցնում, ինչը համարժեք է տարեկան 479 տոննա ածխածնի կլանմանը»,- նշել է Մեթ Դեյվին:

Ծաղկող կանաչ ջրիմուռների գրեթե երկու երրորդը գտնվում էր փոքրիկ ցածր կղզիներում: Անտարկտիկական թերակղզում գլոբալ ջերմաստիճանի բարձրացման պատճառով այդ կղզիները կարող են կորցնել իրենց ամառային ձնային ծածկը, իսկ դրա հետ միասին՝ ջրիմուռներին: Բայց, միեւնույն ժամանակ, դրանք կարող են ավելի լայն տարածում ունենալ բլուրների վրա՝ Անտարկտիկական թերակղզու հյուսիսում եւ Հարավային Շեթլանդական կղզիներում:

«Մենք կանխատեսում ենք, որ Անտարկտիկայի տաքացմանը զուգահեռ ձնային ջրիմուռների ընդհանուր զանգվածը կավելանա, քանի որ բարձրունքների վրա տարածումն էապես կգերազանցի ջրիմուռների փոքր կղզային բծերի կորուստը»,- նշել է հետազոտության համահեղինակ Էնդրյու Գրեյը:

Գիտնականները կարծում են, որ Անտարկտիդայի ձնային կանաչ ջրիմուռներում պահվող ածխածնի ընդհանուր քանակը ժամանակի ընթացքում շատ ավել կդառնա: Բացի այդ, ածխաթթու գազը ներծծվում է նաեւ կարմիր եւ նարնջագույն ջրիմուռների կողմից, որոնք այս հետազոտության ընթացքում չեն ուսումնասիրվել:

(Visited 31 times, 5 visits today)