ՈՒշագրավ. Մանկապարտեզի աշխատակիցը վարակված է Covid-19-ով. Մանրամասներ

Երեւանի համար 49 մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկը կորոնավիրուսով է վարակվել. այսօր ստացվել է թեստի պատասխանը, որը դրական է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հաղորդեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Կատարվել են համապատասխան աշխատանքներ, պարզվել է կոնտակտավորների շրջանակը, նրանք ինքնամեկուսացել են, որոշ ժամանակ անց կկատարվի թեստավորում, ի հայտ կբերվի՝ նրանց թվում վարակակիր կա, թե չէ»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Մանկապարտեզը անձնակազմի այլ անդամների միջոցով գործարկելու հավանականության մասին հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Առայժմ հստակ է մի բան՝ մանկապարտեզն անորոշ ժամանակով փակ կմնա, մինչեւ բժիշկները, մասնագետները բացելը ճիշտ համարեն»:

Հարցին, թե քանի երեխա պիտի գնար վերաբացվող պարտեզ՝ ծնողներից քանիսն էին, որ ցանկություն էին հայտնել երեխաներին տանել մանկապարտեզ՝ Կարապետյանն ասաց. «Կարծեմ՝ մոտ տասը»:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին վերաբացվեցին Հայաստանի մարզերի, իսկ 20-ին՝ Երեւանի մանկապարտեզները: Դրանցից չբացվեց միայն թիվ 49-ը, քանի որ բացման նախապատրաստական աշխատանքների ժամանակ ջերմաչափելիս աշխատակիցներից մեկի ջերմությունը բարձր էր եղել, որոշում էր կայացվել նրան թեստավորել, իսկ մինչ այդ մյուս աշխատակիցներին՝ ինքնամեկուսացման հրահանգ էր տրվել:

(Visited 115 times, 1 visits today)