Այո՛, անկասկած… Ամենամեծ նվերն էր հեղափոխությունը , որ ունեցել ենք վերջին մի քանի հարյուրամյակում․ Սերժ Թանկյան

Այսօր TUMO Live-ի հատուկ թողարկմանը, Սերժ Թանկյանն, ի թիվս այլ հարցերի, խոսեց Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների և Հայաստանի նոր կառավարությանից ունեցած իր սպասելիքների մասին։

Հարցին՝ հեղափոխությունից հետո Թանկյանը զգու՞մ է արդյոք որևէ փոփոխություն Հայաստանի և սփյուռքի միջև հարաբերություններում, նա պատասխանեց․ «Այո՛, անկասկած։ Հեղափոխությունն, ըստ իս, պարզապես հեղափոխություն չէր Հայաստանում, այլ հեղափոխություն էր ողջ հայ ժողովրդի համար»։ Նա նշեց, որ թեև կային կազմակերպություններ սփյուռքում, որոնք հանրապետական նախկին ռեժիմի կողքին էին, սփյուռքի հայերի մեծամասնությունը ատում էր օլիգարխիկ կլեպտոկրատիան, որ տիրում էր երկրում։

«Եվ հասկանում էին, որ դա պետք է փոխվի, հույս ունեին, որ կփոխվի, բայց չգիտեին, թե ինչպես դա տեղի կունենա։ Դա սփյուռքի անելիքը չէր, ձեր գործն էր, ձեր հեղափոխությունը։ Բայց երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, ու ես վերադարձա Լոս Անջելես, և բոլորն ինձ հարցնում էին՝ ի՞նչ է կատարվում այնտեղ, իմ առաջին ու անկեղծ արձագանքն այն էր, որ մենք ունեցանք հեղափոխություն Հայաստանում, հիմա ժամանակն է, որ անենք դա սփյուռքում։ Մեզ պետք է նոր հայացք՝ նայելու Հայաստանին, մեր ժողովրդին, մեզ պետք է Հայաստանի հետ կապվելու նոր եղանակ»,- ասաց Սերժ Թանկյանը։

Ըստ նրա՝ հեղափոխությունն ամենամեծ նվերն էր, որ մենք՝ որպես ժողովուրդ, ունեցել ենք վերջին մի քանի հարյուրամյակում, և պիտի պաշտպանենք այն, «գուրգուրանքով պետք է նայենք»։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի նոր կառավարությունն արդարացրել է իր սպասելիքները, Թանկյանն ասաց, որ գերազանցել է։ «Անկեղծ ասած, սկզբնական շրջանում հեղափոխական կառավարության խոցելիությունը շատ էր վախեցնում ինձ, որովհետև կային շատ հարուստ օլիգարխներ, որոնք վերահսկում էին ԶԼՄ-ների և պետական ենթակառուցվածքների մեծ մասը, բայց կառավարությունը գերացանցեցին իմ ակնկալիքները, թե ինչ հաջողությունների կարողացավ հասնել ընդամենը մի քանի տարում: Ես հույսով լի եմ և շատ շնորհակալ»,- ընդգծեց System of a Down-ի վոկալիստը։

Նա պատմեց, որ երբ Հայաստան էր ժամանել ու Նիկոլ Փաշինյանի հետ քայլում էր մարդկանց միջով ու նայում նրանց դեմքերին, հասկացավ, որ երբեք չէր տեսել այդպիսի երջանկություն։ «Տեսել էի ուրախ մարդկանց, հուզված մարդկանց, հարյուր հազարավոր խենթ բրազիլացիների էի տեսել Ռիոյում, բայց նման մեծագույն երջանկություն երբեք չէի տեսել։ Դա բացառիկ փորձառություն էր։ Ես ասում էի ընկերներիս, որ դա մի բան էր, որ պետք է տեսնել կյանքի ընթացքում։ Դա միակ դեպքն էր, որ ես նման բան էի տեսնում, և գիտեմ, որ էլ երբեք չեմ տեսնի մինչև մահս։ Հուսով եմ, որ ոչ, բայց կարծում եմ՝ հավանաբար այդպես կլինի։ Ես չէի հավատում իմ աչքերին»,- ասաց նա։

Սերժ Թանկյանին հարց ուղղվեց նաև այն մասին, որ եթե Փաշինյանի կառավարությունը չբավարարի մարդկանց պահանջներն ու մարդիկ դուրս գան փողոց, նա նորից կաջակցի՞ քաղաքացիներին։

«Ես միշտ աջակցել եմ Հայաստանի քաղաքացիներին, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչն է ճիշտ։ Հիմա մարդիկ կան ԱՄՆ-ի փողոցներում, որոնք դիմակ չեն կրում՝ պահանջելով, որ նահանգապետերը հանեն կարանտինը, որովհետև նրանց ցնդած ղեկավարը՝ նախագահ Թրամփը, Սպիտակ տնից ասում է, որ այդպես անեն։ Արդյո՞ք ես կաջակցեմ նրանց։ Իհարկե, ո՛չ։ Ամեն ինչ կախված է մտադրությունից, ճշմարտացիությունից»,- նշեց Թանկյանը։

Իսկ ճշմարտությունը, նրա խոսքերով, այն է, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը ներկայումս աջակցում է Հայաստանի կառավարությանը։ «Նրանք գիտեն, թե ինչ է եղել, գիտեն, որ ինչ խնդիր էլ ունենան, ինչի հետ էլ գործ ունենան, հիմնված է մտադրությունների ու մեր անցյալի վրա։ Սա լավագույն բանն է, որ եղել է մեզ հետ, և ես կանգնած եմ դրա կողքին՝ այդ թվում և լիդերների»,- եզրափակեց Սերժ Թանկյանը։

(Visited 209 times, 1 visits today)