2 մլն դրամից ավել աշխատավարձ է ստանում 1720 մարդ. Եկամտահարկի փոփոխությունից շահում են նրանք

Խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո հրատապ են դառնում տնտեսական զարգացման հեռանկարները: Այդ հարցում մասնավորապես կարեւոր է Հարկային օրենսգրքի փոփոխությունը, որին ընտրարշավի ընթացքում ուշադրություն էին դարձնում գրեթե բոլոր մասնակից ուժերը: Կառավարությունն արդեն իսկ հասանելի է դարձրել Հարկային օրենսգրքում փոփոխությունների ու լրացումների մասին օրենքի նախագիծը: Դրանց շուրջ զրուցել ենք Քաղաքացի-Հարկատու-Բիզնես իրավապաշտպան կազմակերպություն ՀԿ համահիմնադիր Էդուարդ Բադալյանի հետ:

Հարկային օրենսգրքում փոփխությունների կատարման նախագծով առաջարկվում է սահմանել եկամտային հարկի համահարթ համակարգ՝23% դրույքաչափ, որը տարիների ընթացքում կնվազի մինչև 20%-ի: Ասվում է, որ սա կբերի աշխատավարձի հայտարարագրման ոլորտում ստվերի նվազմանը ու կթեթեւացնի քաղաքացիների ու բիզնեսի հարկային բեռը: Ինչպե՞ս կգնահատեք այս մոտեցումը:

Կարծում եմ, որ մենք կարիք ունենք նոր հարկային օրենսգրքի: Անհրաժեշտ է քաղաքական որոշում կայացնել և արդեն իսկ սկսել այդ ուղղությամբ աշխատանքը: Նախկինում առիթ ունեցել եմ խոսելու այս մասին՝ գործող օրենսգիրքը համապատասխանում է նախահեղափոխական տնտեսության տրամաբանությանը: Այն տնտեսական գործունեության նկատմամբ սահմանում է տոտալ վերահսկողություն և դրանով իսկ արգելակում ազատ տնտեսական գործունեությունը: Սա միանգամայն հասկանալի էր՝ համակարգը ձգտում էր խստագույն վերահսկողության, որպեսզի հնարավոր լիներ պահպանել գործունեության այս կամ այն ճյուղում տրված քվոտաները, անմիջապես բացահայտել եկամտաբեր ճյուղերը, բիզնեսում ի հայտ եկող նոր խաղացողներին, և այլն:

Ամենամեծ ցանկության դեպքում անգամ, այս օրենսգրքով ՊԵԿ աշխատանքը անընդհատ ու էական դժգոհությունների պատճառ է լինելու և քննադատության թիրախ:

Հետհեղափոխական պայմաններում, երբ տնտեսությունն արդեն քվոտավորված չէ, երբ վերացել է մենաշնորհների պահպանման անհրաժեշտությունը, օրենսգրքի՝ արգելակող ազդեցությունն էլ ավելի է մեծանում, ու հրատապ է դառնում այն փոփոխելու հարցը:

Ինչ վերաբերվում է առաջարկվող նախագծին, ապա այն, իմ կարծիքով, լիարժեք հեղափոխական չէ: Այդպիսին չէի համարի նույնիսկ եկամտային հարկի նախկին՝ ձևականորեն պրոգրեսիվ համակարգի փոփոխումը համահարթ համակարգով:

Մեր կողմից ՊԵԿ-ին կատարված պաշտոնական հարցմանն ի պատասխան ստացված՝ նոյեմբեր ամսին ՀՀ-ում որպես վարձու աշխատողներ գրանցված անձանց վերաբերյալ տվյալների համաձայն, վարձու աշխատողների շուրջ 64.9%-ի աշխատավարձը կազմում է մինչև 150 հազար ՀՀ դրամ (այս խմբի միջին ԱՎՈՒՄ մեծությունը 81.5 հազար ՀՀ դրամ է): Մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում վարձու աշխատողների 34.8%-ը (այս խմբի միջին ԱՎՈՒՄ մեծությունը 328 հազար ՀՀ դրամ է), իսկ 2 միլիոն դրամից ավել աշխատավարձ են ստանում ընդամենը 1720 մարդ կամ 0.3%-ը (այս խմբի միջին ԱՎՈՒՄ մեծությունը 3.7 միլիոն ՀՀ դրամ է):

Բերված ցուցանիշներից ակնհայտ է դառնում, որ եկամտային հարկի նախկին 28 և 36 տոկոս դրույքաչափերի իջեցումը որևէ կերպ չի անդրադառնալու աշխատող բնակչության մեծամասնությանը, նվազ (միջինում 8.9 հազար ՀՀ դրամով) կանդրադառնա աշխատողների 34.8 տոկոսի վրա, իսկ ամենաէական և ուրախալի փոփոխությունը կլինի 2 միլիոնից ավել աշխատավարձ ստացող փոքր խմբի համար, ում եկամտային հարկը կնվազի (առձեռն աշխատավարձը կավելանա) միջինում 316.9 հազար ՀՀ դրամով:

Ստացվում է, որ այս փոփոխության հիմնական շահառուն աշխատողների մեկ տոկոսը չկազմող խումբն է:

Այս միջոցով չի լուծվում նաև աշխատավարձի հայտարարագրման ստվերի խնդիրը: Բանն այն է, որ բարձր ու հատկապես 2 միլիոն դրամից ավել աշխատավարձ ստացողները բանկային, ՏՏ ու համանման մեկ-երկու այլ ոլորտների աշխատակիցներն են, ում աշխատավարձի հայտարարագրման ոլորտում ստվեր չկա: Միաժամանակ աշխատող բնակչության մեծ մասը գտնվում է աշխատավարձի ավելի ցածր միջակայքում, որոնց համար հարկերի նվազում տեղի չի ունենալու առաջին տարում, իսկ հետագա տարիներին տեղի է ունենալու շատ փոքր նվազում, ինչը հաստատապես այն խթանը չէ, որը կարող է ստվերից դուրս բերել այդ աշխատավարձը:

Այս փոփոխությամբ վերանում է նաև եկամտային հարկի՝ եկամուտների վերաբաշխման գործառույթը, ինչպես նաև նվազում է ֆիզիկական անձանց տնօրինվող եկամուտների ավելացումից սպասվող տնտեսական էֆեկտը: 2 և ավելի միլիոն աշխատավարձ ստացող անձինք իրենց եկամուտների ավելացումն ավելի շուտ կուղղեն պարզ խնայողություններին, քանի որ իրենց աշխատավարձով արդեն իսկ հոգում են ընթացիկ սպառման հարցերը: Մինչդեռ, ավելի նվազ աշխատավարձ ստացող անձանց եկամուտների թեկուզ և փոքր ավելացումն առավել մեծ հավանականությամբ ուղղվելու է հենց սպառմանն ու հետևաբար ավելի մեծ տնտեսական էֆեկտ կունենա:

Եվ ի վերջո նկատենք, որ փաստացի չի լուծվում քաղաքացիների հարկային բեռի նվազմամբ տնօրինվող եկամտի ավելացման հարցը, քանի որ պետական բյուջեի եկամուտների նվազումն առաջարկվում է փոխհատուցել ակցիզային հարկի դրույքաչափերի ավելացմամբ և ակցիզային հարկով հարկվող նոր ապրանքների ավելացմամբ: Ակցիզային հարկի բեռն ընկնում է սպառողների վրա: Ինչպես արդեն ասացի վերևում, այս փոփոխությունից առավելապես օգտվելու են բարձր աշխատավարձ ստացող աշխատողները, մինչդեռ ակցիզային հարկի փոփոխությունների հետևանքով թանկացող ապրանքները գնելու են բոլորը, նաև մեծամասնություն կազմող այն աշխատողները, ում հարկային բեռը չի նվազում: Այսինքն՝ վերջիններիս տնօրինվող եկամուտը չի ավելանալու, մինչդեռ ծախսերն ավելանալու են սպառվող ապրանքների գնի բարձրացման հետևանքով:

Ի վերջո իզուր չէ, որ զարգացած երկրներում եկամտային հարկի համակարգը համահարթ չէ:

Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքով եկամտային հարկի ցանկալի մոդելը:

Ինքս կողմնակից եմ եկամտային հարկի պրոգրեսիվ սանդղակի: Այսօր առկա մոդելը միայն նման է պրոգրեսիվի: Կարծում եմ, որ պրոգրեսիվ սանդղակի քայլերը պետք է լինեն երեքից ավելի և ոչ մեծ միջակայքերով, իսկ դրույքաչափերը՝ նվազեցվեն, որպեսզի թեկուզ և փոքր չափով, սակայն ավելացվեն առավել մեծ թվով անձանց փաստացի տնօրինվող եկամուտները: Դրույքաչափի նվազեցումը կնպաստի նաև, որ ի վերջո եկամտային հարկը բիզնեսի կեղծ հարկատեսակից վերածվի իսկապես ֆիզիկական անձանց հարկատեսակի:

Ներկայում եկամտային հարկն իսկապես ստվերի և առկա կարգավորումների հետևանքով վերածվել է բիզնեսի հարկատեսակի: Սա շատ հարմար է եղել կառավարման նախկին համակարգում: Երբ եկամտային հարկը ֆիզիկական անձանց հարկ է, երբ ֆիզիկական անձինք զգում են իրենց որպես հարկատու, միանշանակ առավել զգայուն են հարկի դրույքաչափերի, հարկային բեռի նկատմամբ, մյուս կողմից՝ պահանջկոտ կառավարության, պետական ծախսերի արդյունավետության հարցերում: Մինչդեռ բիզնեսն առավել հարմարվող է, կողմնակից չէ ակտիվ բողոքի: Բիզնեսի ներկայացուցիչներն էլ ակնհայտորեն ավելի քիչ են (նույնիսկ ակտիվ բողոքի հակված լինելու դեպքում), քան ֆիզիկական անձինք: Իրերի այս դրությունը խիստ հարմար է եղել նախկինում:

Այժմ մենք ունենք ընտրված կառավարություն, նոր սկզբունքներով կառավարվող նոր Հայաստան, որի իշխանությունը այլևս պետք է չունենա այս կեղծ (ֆեյք) հարկատեսակի կարիքը: Իրապես պրոգրեսիվ սանդղակով (փոքր քայլերով և ոչ այսքան բարձր դրույքաչափերով) եկամտային հարկի սահմանումը կարող է այն կարևոր քայլերից մեկը լինել, որը եկամտային հարկը կդարձնի իսկապես ֆիզիկական անձանց հարկատեսակ և կկրճատի աշխատավարձի ստվերը:

Իսկ ինչպե՞ս կգնահատեք միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրումը:

Սա շատ դրական գաղափար է: Սակայն, չնայած ընդհանուր դրական լինելուն, առկա են նաև որոշակի հարցեր: Օրինակ՝ տարիներ ի վեր հարկային հարաբերությունները կարգավորող, հարկման տարբեր ռեժիմներ սահմանող օրենքներում տեղ են գտել տարատեսակ խտրական մոտեցումներ, որոնցով գործունեության այս կամ այն տեսակն իրականացնող, այս կամ այն մասնագիտությունն ունեցող անձանց արգելվել է օգտվել հարկման ավելի բարենպաստ համակարգերից, չնայած վերջիններիս ակնհայտ փոքր կամ միկրո բիզնես լինելու հանգամանքին:

Առաջարկվող միկրոձեռնարկատիրության համակարգում այս խտրականությունը ոչ միայն չի վերացվում, այլև ավելանում է: Մասնավորապես, ի տարբերություն ընտանեկան ձեռնարկատիրության գործող համակարգի, միկրոձեռնարկատիրության համակարգով չեն կարող հարկվել, ի թիվս այլ գործունեության տեսակների, խորհրդատվական, ինժեներական, թարգմանչական, իրավաբանական, հաշվապահական և մի շարք այլ գործունեության տեսակներով զբաղվող անձինք:

Իմ տպավորությամբ, այս մոտեցումը ՊԵԿ, հնարավոր է նաև ֆինանսների նախարարության ազդեցության արդյունք է: Սրանք հիմնականում գործունեության այն տեսակներն են, որոնցում մեծ է մարդկային, հատկապես մտավոր ռեսուրսի օգտագործումը: Այս մոտեցումը թերևս այն մտայնության արդյունք է, թե այստեղ շահույթները մեծ են, ծախսերը քիչ, և այս գործունեությամբ զբաղվողները կարող են և հարկվել:

Իմ կարծիքով, այս մոտեցումն ակնհայտ խտրական է: Չի կարելի խտրական մոտեցում ցուցաբերել իրավաբանի կամ կրկնուսույցի, դարբնի ու այլ մասնագիտությունների տեր անձանց միջև: Ի վերջո, իրավաբանը ևս մինչ այդպիսին դառնալը զգալի նյութական ու ոչ նյութական ներդրումներ է կատարել իր մասնագիտական կայացման գործում: Եթե պետությունը որոշել է, որ փոքր բիզնեսին տալիս է որոշակի արտոնություն, ապա այն հարկ է տրամադրել փոքր բիզնեսի բոլոր ներկայացուցիչներին: Այստեղ տեղին ու կիրառելի չէ նաև հիմնականում բյուջեի մուտքերով մտահոգ շրջանակներից եկող այն տեսակետը, թե որոշակի գործունեության տեսակներ իրականացնողները կարող են թաքցնել իրացման իրական ծավալները՝ այդպիսով հայտնվելով միկրոձեռնարկատիրական գործունեության դաշտում: Այո, իհարկե, կարող են լինել նաև այդպիսի տնտեսվարողներ: Սակայն այստեղ խնդիրը ՊԵԿ աշխատանքի որակի, հարկային վարչարարության դաշտում է: Ի վերջո, մեր երկիրը պահում է այդքան մեծ հարկային համակարգ, որի ուղղակի գործառույթն է հարկային օրենսդրության խախտումների կանխումը և բացահայտումը: ՊԵԿ-ը պետք է կարողանա որակյալ աշխատել: Եվ չի կարելի մեկ, երկու կամ անգամ տաս օրինախախտ տնտեսվարողի առկայությունը բացառելու նպատակով զրկել ոլորտի բոլոր ներկայացուցիչներին առավել պարզ ռեժիմում գործելու հնարավորությունից:

Եվ վերջում կցանկանայի նշել միկրոձեռնարկատիրության ու շրջանառության հարկի ռեժիմների առկայության մի բացասական հետևանքի մասին ևս: Մինչ օրս գործող մոտեցման արդյունքում թուլանում են բիզնեսի աճի խթանները:

Բանն այն է, որ իրացման շրջանառության շեմերի առկա կոշտ սահմանումը զրկում է բիզնեսին, ձեռնարկատիրոջն ընդլայնվելու դրդապատճառից: Օրինակ՝ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարողն իրացման շրջանառության շեմը թեկուզ և մեկ դրամով գերազանցելու դեպքում հայտնվում է հարկման ավելի ծանր ռեժիմում: Այս դեպքում 20 միլիոն և մեկ դրամի շրջանառություն հայտարարագրած տնտեսվարողը հաջորդ հարկային տարում նույն 20 միլիոն և մեկ դրամ կամ 15 միլոն դրամ շրջանառության դեպքում, միևնույն է, հարկվելու է շրջանառության ողջ ծավալն ու հնարավոր է, որ հարկային բեռը կլինի ավելին, իսկ ստացվող զուտ շահույթը կամ եկամուտը ավելի պակաս, քան կլիներ, եթե բիզնեսը դադարեցներ իր գործունեությունը 20 միլիոն դրամի շեմին մոտենալուն պես: Ի վերջո, երաշխավորված չէ, որ նա կունենա կայուն և էական աճ հաջորդ տարիներին:

Արդյունքում օրինապահ հարկ վճարողները կդադարեցնեն գործունեությունը սահմանված շեմին մոտենալու արդյունքում, եթե վստահ չեն, որ հետագայում էականորեն կավելացնեն վաճառքի ծավալները: Իսկ ոչ օրինապահները (այդպիսիք միշտ էլ կգտնվեն) կձգտեն թերհայտարարագրել իրացման ծավալները՝ սահմանված շեմերը չգերազանցելու նպատակով:

Այս հարցի լուծումը թերևս հարկման ռեժիմների ըստ շեմերի պահպանման մոտեցման կիրառումն է, երբ բոլոր տնտեսվարողները կհամարվեն միկրոձեռնարկատիրական սուբյեկտներ մինչև 20 միլիոն դրամ շրջանառության դեպքում, շրջանառության հարկով կհարկվի 20-115 միլիոն դրամ (115 միլիոնը նախագծով առաջարկվող շեմն է) իրացման ծավալից: Այսինքն՝ մինչև 20 միլիոն դրամն այնուամենայնիվ չի հարկվի: Կարծում եմ, այս մոտեցման կիրառումը կկանխի միկրոձեռնարկատերերի թվի արհեստական ու ստվերի հնարավոր աճը, որի նկատմամբ վերահսկողությունը էական ռեսուրսներ կպահանջի և կարող է անգամ արդարացված չլինել:

lragir.am

(Visited 58 times, 1 visits today)