Անծանոթների խորհրդարանը կամ «լեգիտիմ պատուհասը – 2»

Երեկ ԿԸՀ-ն հաստատել է 7-րդ գումարման ԱԺ 132 պատգամավորների մանդատները ու նշանակել է առաջին նստաշրջանի օրը․ այն տեղի կունենա հունվարի 14-ին։

Համամասնական ցուցակներում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել․ ԲՀԿ-ից ինքնաբացարկ առահասարակ չի եղել, «Լուսավոր Հայաստանից» ինքնաբացարկի դիմում են ներկայացրել երկու թեկնածուներ, իսկ «Իմ քայլը» դաշինքում մանդատներից հրաժարվել են այն 18 թեկնածուները, ովքեր աշխատանքը շարունակելու են գործադիր իշխանությունում։

«Իմ քայլը» դաշինքը խորհրդարանում ունենալու է սահմանադրական մեծամասնություն և այս հարթության վրա մյուս երկու խմբակցությունների ներկայությունն ԱԺ-ում ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի՝ կայացվելիք որոշումների վրա ազդելու իմաստով։ Այլ խնդիր է, որ ընդդիմադիր խմբակցությունները խորհրդարանական ամբիոնն ու գործունեությունը կարող են օգտագործել՝ քաղաքական օրակարգ ու հասարակական տրամադրություններ ձևավորելու համար։

Սոցիալական ցանցերում նոր ԱԺ-ն բնորոշվել է «անծանոթների խորհրդարան» տերմինով ու թերևս դա լավագույնս բնորոշում է ձևավորված օրենսդիր մարմինը։ Նույնիսկ 1990-ին ձևավորված խորհրդարանում անհամեմատ շատ էին ծանոթ դեմքերը, վառ անհատականությունները։

Նախ՝ 88-ի շարժումը ուներ ավելի քաղաքական հարթակ, որը խորհրդանշվում էր ոչ թե մեկ առաջնորդով, այլ՝ կոլեգիալ ուժեղ մարմնով։ Եվ հետո՝ 1990-ի Գերագույն խորհրդի ընտրություններն անցկացվում էին մաքուր մեծամասնական համակարգով, որտեղ հնարավոր չէր հաղթանակ տանել՝ առանց անհատական որակական տվյալների, խարիզմայի։

Հիմա գործել է միանգամայն այլ տրամաբանություն․ «Իմ քայլը» դաշինքի ու նրա վարկանիշային թեկնածուների բարձր ցուցանիշները պայմանավորված են բացառապես մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշով։

Հենց այստեղից էլ առաջ են գալիս հիմնական ռիսկերը։

Նախ՝ խորհրդարանը կառավարման պառլամենտական համակարգում չի կարողանալու կատարել իշխանության հիմնական կենտրոնի իր սահմանադրական առաքելությունը, որովհետև էությամբ, այսպես ասած, գրպանային է ու ամբողջովին վերահսկվում է վարչապետի կողմից։ Սա կարող է հանգեցնել ինստիտուցիոնալ ճգնաժամի, մանավանդ՝ խորհրդարանում հիմնականում «անծանոթներ» են, որոնք չունեն քաղաքական խարիզմա ու նաև՝ ըստ անհրաժեշտության, գործադիր իշխանությանը հակադրվելու քաղաքական կամք։ Այլ խոսքով՝ նման խորհրդարանը կարող է ստեղծել անվերահսկելի գործադիր իշխանության ձևավորման ու ավտորիտար կառավարման ռիսկեր։ Երևանի այսօրվա ավագանու մեծամասնությունը ձևավորված է նույն սկզբունքով ու ականատեսն ենք, որ 82%-ոց մեծամասնությունը, մեղմ ասած, պատուհաս է դառնում մայրաքաղաքի ու դեմոկրատիայի համար։

Ամիսներ կամ մեկ-երկու տարի անց խորհրդարանը հայտնվելու է անխուսափելի ապալեգիտիմացման սարդոստայնում, որովհետև ԱԺ լեգիտիմության հիմքում Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշն է, որի օբյեկտիվ անկումն անխուսափելի է։

Մյուս կողմից՝ «կոճակ սեղմող» խորհրդարանը չի կարող դառնալ քաղաքական դիսկուրսի, բանավեճերի հարթակ, ինչը մեծացնում է հնարավորությունը, որ քաղաքական զարգացումները կարող են ծավալվել ԱԺ պատերից դուրս՝ ֆորս-մաժորային իրավիճակներ ծնելու ռիսկերով։

Այս և այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով որևէ մեկը չի կարող հստակ պնդել, թե գործող խորհրդարանը կարող է գործել իր սահմանադրական լիազորությունների ողջ ժամկետում, որովհետև 70%-ոց վստահությունն ամորֆ է ու վաղը կարող է վերածվել համարժեք անվստահության։ Միակ հույսը մնում է այն, որ հեղափոխության թիմը կիրականացնի արդյունավետ կառավարում։

1in.am

(Visited 163 times, 1 visits today)