Հայաստանի և Արևմուտքի շահերը համընկնում են. եթե Փաշինյանը խորքային պայքար տանի՝ վտանգավոր կլինի Կրեմլի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերի վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով գլխավոր վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը։

Հարցազրույցի առաջին մասը կարդացեք այս հղումով։

– Ռուսական գործոնն, իհարկե, հնարավոր չէ շրջանցել այս համատեքստում։ Ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի վերաբերմունքը նոր կառավարությանը և Փաշինյանի ու Կրեմլի հարաբերությունները։

– Ռուսաստանի համար տանելիության կամ հանդուրժողականության որոշակի աստիճաններ կան։ Բնականաբար, Կարեն Կարապետյանի և նրա մերձավորների, քոչարյանական թիմն ամենանախընտրելին է, բայց նրանց քաղաքական հարություն տալու հնարավորությունները հիմա շատ քիչ են։ Սակայն Կրեմլի համար սա ժամանակի և ֆինանսների հարց է։ Մենք արդեն տեսնում ենք, որ նոր կուսակցություններ են բացվում՝ վերը նշված ազգայնական-պահպանողական կեղծ օրակարգով։

Սրանք երկարաժամկետ պրոյեկտներ են։ Կա նաև Սերժ Սարգսյանին հարող ՀՀԿ-ականների խումբը, որն իրականում շատ թույլ է և առանձնապես շատ չի տարբերվում Կարեն Կարապետյանի թիմից։ Այս երկուսն ամենանախընտրելին են ռուսների համար։ Բայց ընտրությունները կարևոր էին նրանով, որ ցույց տվեցին, որ առայժմ դաշտը փակ է այդ մարդկանց համար։ Փաշինյանն այնքանով է ընդունելի Ռուսաստանի հետ, որ, նախ, զերծ է մնում Արևմուտքի հետ լուրջ գործակցությունից և երկրորդը՝ շարունակում է հին պրո-ռուսական գիծը։ Նա տանելի է Մոսկվայի համար, բայց սա ևս ժամանակի հարց է։

Այստեղ մի այլ հարց կա։ Հայաստանյան հանրության մեծ մասը, նաև շնորհիվ Ռուսաստանի մեծ հայ համայնքի, վախենում են Ռուսաստանի հետ ցանկացած առճակատումից, ինչն անհնար է, եթե Հայաստանն ուզում է որ Ռուսաստանն իրեն տնտեսապես և անվտանգության առումով չվնասի։ Հայաստանում չկա հանրային պահանջ՝ դեպի Արևմուտք շարժվելու։ Գուցե դա աճող պահանջ է, բայց դոմինանտ խնդիր չէ։ Հայաստանի էլիտան իր հոգեվիճակով և աշխարհայացքով ավելի մոտ է Ռուսաստանին։

Սա գիտակցում է ներկայիս իշխանությունը, գիտեր նախկին ռեժիմը, և քաջ տեղյակ է Ռուսաստանը։ Մոսկվան Հայաստանում իրեն ավելի ապահով է զգում, քան Ուկրաինայում, Մոլդովայում, որովհետև կարիք չկա մարդկանց վարձել, մեծ ներդրումներ անել հինգերորդ շարասյուն պահելու համար։ Շատ հայաստանցիներ և ՌԴ հայազգի քաղաքացիներ իրենց ցանկությամբ են դրանով զբաղվում ռուսական շահերի պաշտպանմամբ՝ ապահովելով Հայաստանի ենթակայությունը Ռուսաստանին։

Ռուսաստանը կշարունակի պահել իրեն այնպես, ինչպես որ մինչև հիմա է պահել։ Նա կշարունակի խոսել իշխող ուժի հետ՝ միևնույն ժամանակ հստակորեն ցույց տալով, որ իր համար նախընտրելի է հին օլիգարխան։ Սա ամենալավ տակտիկան է, որովհետև Ռուսաստանի «5-րդ շարասյունը» կապանքի մեջ կպահի և կկանխի ցանկացած լուրջ քայլ դեպի Արևմուտք։ Լծակները հայտնի են՝ տնտեսություն, Էներգետիկա և Արցախի հարց՝ հայսատանցիների համար երեք մեծ վախերը։

Երկրորդը, ունենք նոր կառավարություն, որը եկել է իշխանության՝ խոստանալով, ըստ էության, արևմտամետ փոփոխություններ։ Այսինքն՝ երբ կազմաքանդում ես օլիգարխիան, դեմոկրատական ինստիտուտներ ես ստեղծում, լուրջ ջանքեր ես գործադրում դեպի սոցիալական արդարություն, ուժեղ պետություն, սրանք այն քայլերն են, որոնք Արևմուտքը կուզեր, որ արվեին՝ թուլացնելու Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա։ Այս առումով Հայաստանի և Արևմուտքի շահերը համընկնում են։ Բայց խորքային հակակոռուպցոին պայքարը վտանգ է Կրեմլի համար, քանի որ այն կզրկվի ապագայում իր ամենաազդեցիկ քաղաքական գործիքից՝ կաշառակեր քաղաքական և հանրային գործիչներից։ Եթե Փաշինյանն իսկապես խորքային պայքար տանի, ապա վտանգավոր կլինի Կրեմլի համար։

– Այսինքն՝ թեկուզ չի ասվում, որ մենք ձգտում ենք խորացնել հարաբերությունները Եվրամիության, Արևմուտքի հետ, ինտեգրվել արևմտյան կառույցներին, բայց, ըստ էության, հեղափոխության հարթակից հռչակված գաղափարներն ու արժեքները, ներքին բարեփոխումները, պայքարը կոռուպցիայի դեմ, երկրում օրենքի իշխանության հաստատումը Հայաստանին դարձնում են Եվրամիության և Միացյալ Նահանգների բնական դաշնակի՞ցը։ Գուցե սա հասկանալո՞վ են ռուս փորձագետներն ասում, որ իրականում Փաշինյանը շարժվում են դեպի Արևմուտք։
– 
Կոռուպցիան և բիզնես շահերը ՀՀ-ի պորտալարն է Ռուսաստանի հետ։ Բավական է նայել, թե ինչպես է Ռուսաստանը նույն սցենարով հիմա աշխատում Արևելյան Եվրոպական երկրներում հասկանալու, որ սա մեծ գաղտնիք չէ, այլ լայնորեն կիրառվող մարտավարություն։

Կրեմլը կշարունակի ճնշում գործադրել այս իշխանության վրա, որովհետև նրանց պետք չէ, որ այս հակակոռուպցիոն շարժումները շատ ծավալվեն, քանի որ դա կքանդի իրենց քաղաքական և տնտեսական ենթակառուցվածքները, որոնք նրանց վրա հենվում են։ Այս ենթակառույցներն ավելի են ակտիվանալու ապագայում, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թուլանա, և նրան դաշտից հանելու պահը գա։ Դրա համար ռուսական ճնշումը շարունակվելու է, որ հանկարծ որևէ ցանկություն կամ փորձ չլինի կտրել պորտալարը Ռուսաստանի հետ։

– Հաշվի առնելով այս ամենը՝ երկրի ընթացքը դեպի ժողովրդավարացում, եվրոպական տիպի պետության ստեղծում՝ Հայաստանը ռազմավարական, երկարաժամկետ հեռանկարում կպահպանի՞ ռազմավարական դաշինքը Ռուսաստանի հետ, կկարողանա՞ համագործակցել հետխորհրդային երկրների հետ գոյություն ունեցող տարբեր կառույցների՝ ԱՀՊ-ի, ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, թե՞, այնուամենայնիվ, կշարժվի այլ ուղղությամբ՝ դեպի Արևմուտք։

Շատ փորձագետներ այս մի քանի ամսվա ընթացքում իրավացիորեն նշում էին այն հանգամանքը, որ Փաշինյանն ու իր կառավարությունը խորթ են հետխորհրդային ավտորիտար երկրների համար, որովհետև խորհրդանշում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կամ Ադրբեջանի պես երկրներում իշխող ռեժիմների համար շատ վտանգավոր ժողովրդավարական փոփոխությունները։

– Ձեր նշած արտաքին քաղաքական փոփոխությունը ստրատեգիական ոլորտին է պատկանում։ Մինչ օրս Փաշինյանը տակտիկական որոշումներ է ընդունել։ Բայց ստրատեգիական՝ նշանակում է երկարատև, բազմաշերտ հաշվարկներ, սցենարներ, թե Հայաստանը որ դեպքում ինչպես պիտի վարվի, և պրո-ակտիվ քաղաքականություն՝ այն, ինչ անում է Ադրբեջանը։ Արդարության համար պետք է ասել, որ այն վասալային անվտանգության, էներգետիկ և քաղաքական վիճակում, որ Հայաստանն ունի Ռուսաստանի հետ, շատ դժվար է քանդել, մանավանդ, երբ Հայաստանյան էլիտայի զգալի մասը և հին ռեժիմն իր հին ու նոր բացվող կուսակցություններով անվերապահորեն ընտրում են ռուսական ուղին, անգամ եթե դա ՀՀ-ի շահեին դեմ է։

Դառնալով լիարժեք կառավարություն՝ Փաշինյանն ու իր թիմը կարողանալո՞ւ են ստրատեգիական որոշումներ ընդունել։ Չգիտեմ։ Հնարավոր է, որ հենց ինքը Ռուսաստանը, իր ագրեսիվ քաղաքակությամբ և Արցախի հարցում հօգուտ Ադրբեջանի զիջումներ պահանջելով, հրի ՀՀ-ի ղեկավարությանը այդ ստատեգիական որոշումն ընդունելու։

Ի վերջո, եթե ՀՀ հանրություն ուզում է ունենալ կենսունակ և ոչ թե օրեցօր նվաղող պետություն՝ Արևմուտքի հետ դաշնակցային հարաբերությունները հրամայական են դառնում, ինչը նաև կօգնի Ռուսաստանին զսպել և առողջացնել Կրեմլի հետ երկկողմ հարաբերությունները։ Սա տեղի կունենա՝ լինի Փաշինյանի կամ մեկ ուրիշի ղեկավարությամբ մեկ պարզ պարճառով՝ Արևմուտքի և Հայաստանի շահերը համընկնում են։ Իսկ Ռուսաստանն ամեն դեպքում որոշեց, որ իրեն պետք չեն գործընկերային հարաբերություններ. նա ընտրել է ՀՀ-ի կլանման քաղաքականությունը, որը նաև ներառում է ԼՂ-ի կորուստ։ Այս գործընթացի հիմքը դրվել է առավել քան տասնամյակ առաջ, և այն անշեղորեն առաջ է գնում։

Այո, Փաշինյանն, իհարկե, անցակալի կերպար է թե՛ Ռուսասատանի և թե՛ ԵԱՏՄ-ում հավաքված մյուս միապետական երկրների համար, բայց միանշանակ չէ, որ, ասենք, ղազախները կհետևեն  Հայաստանի օրինակին։ Այնտեղ տնտեսության կառուցվածքը լրիվ ուրիշ է։ Այո, քաղաքական առումով Նիկոլ Փաշինյանը ուղղակի հիշեցում է այս երկրների ղեկավարներին, թե ինչ կարող է իրենց հետ լինել, եթե հանկարծ այդ երկրների տնտեսական և քաղաքական մոդելը այնքան անարդյունավետ դառնա, որ չկարողանա հաղթահարել ներպալատական լարումները։

Որքան հասկանում եմ՝ ռուսական փորձագիտական շրջանակները և ՀՀ հին ռեժիմը կարծում են, որ Թավշյա հեղափոխությունը դա ներքին դավադրության, պառակտման արդյունք էր և Սերժ Սարգսյանի կողմից ժամանակին ռեակցիա չտալու, ժողովրդին, ներեցեք, «մասսային», «մարդկային զանգվածին» կարգին չմանիպուլացնելու, կեղծ ընդդիմությանը կվերացնելու հետևանքն էր։

– Այսինքն՝ իրենց համար մարդիկ «զանգված» են։

– Այո, երբ Վիգեն Սարգսյանն ասում էր՝ «ժողովուրդն ինչպե՞ս պիտի որոշի, ի՞նչ պիտի որոշի», հենց այդ մոտեցման արտացոլանքն է։ Ի դեպ, նա միակը չէ: Թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում մտքի լվացումը, այսպես կոչված քաղաքական տեխնոլոգիաները դպրոցի ծաղկում է, ինչն ինքնին նշանակում է, որ այս մարդիկ իբրև ելակետ ընդունում են, որ շարքային ընտրողները պարզապես «զանգված են», որ դեմոկրատիա չկա, այն կան ընտրյալ կամ սովորականից առավել խելացի մարդիկ, ովքեր կարողանում են «զանգվածների» ուղեղները լավ լվալ կամ վատ լվալ։

– Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Փաշինյանի գլխավորած ժամանակավոր, անցումային կառավարության գործունեությունը։ Արդյունքները բավարա՞ր են, համարժե՞ք են հռչակված առաջնահերթություններին, թե՞ ոչ։ Մարդկանց մի մասը կարծում է, որ այսքան արագ հնարավոր չէ երկրում արմատական բարեփոխումներ իրականացնել՝ արմատախիլ անել կոռուպցիան, տնտեսական հեղափոխություն իրականացնել, օլիգարխիան կազմաքանդել, և պետք է համբերել։ Ոմանք էլ կարծում են, որ արված գործը համարժեք չէ հեղափոխության սկզբնական շրջանում արված սուր հայտարարություններին, որ պետությունից, ժողովրդից թալանված միլիոններն ու միլիարդները վերադարձվելու են, և կոռուպցիոներները, այլ հանցագործությունների մեջ ներգրավված մարդիկ պատժվելու են։ Դուք ո՞ր տեսակետին եք հակված։

– Ես շատ քիչ ակնկալիքներ ունեի հեղափոխությունից։ Այն համեմատում էի հետհեղափոխական Ուկրաինայի և այլ երկրների հետ։ Նման ցնցումներին սովորաբար հետևում է դրամի անկում, բարձր գնաճ, տնտեսական ակտիվների արագ դիսլոկացիա, որի հետևանքով մատակարարման գծերն են խափանվում և այլն։ Այսինքն՝ տնտեսական առումով այդ փոփոխություններին սովորաբար հետևում է ճգնաժամ։ Իհարկե, հանրությունը կարող է դա ընդունել, հասկանալ, որ սկզբնական ցավից հետո կլինի բարելավում։ Եվ կարող է նաև չընդունել և սկսում է դժգոհություն արտահայտել։ Այն, որ չեղավ ո՛չ լուրջ դժգոհություն, ո՛չ կապիտալի մեծ արտահոսք, դա արդեն իսկ դրական է։ Ինձ թվում է՝ կառավարությունը բավական շատ ժամանակ կորցրեց Ռուսաստանի հետ հարաբերությունների, ՀԱՊԿ-ի հետ կապված հայտնի խնդիրների վրա։ Հայաստանի ռուսամետ ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, բավական լավ էին աշխատում․․․

– Որպեսզի Փաշինյանին ներքաշեն այդ բանավեճի մեջ։

– Այո, Հայաստանում ռուսամետ ուժերը լավ են աշխատում հեղափոխության դեմ, հատկապես երիտասարդական արևմտամետ, գաղափարային թևի դեմ։

Ժամանակավոր կառավարությունը սպասելիորեն ունեցավ ձախողումներ, բայց որևէ արտառոց բան չի եղել։ Օրինակ՝ չհաջողվեց անցկացնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագիծը, և ընտրությունները պիտի ավելի շուտ անցկացվեին։

Սովորաբար հեղափոխություններից հետո ակնկալում են արագ փոփոխություններ։ Բայց ինձ թվում է, որ ժամանակավոր կառավարության բացթողումներից մեկը հստակ կոմունիկացիայի պակասն է։ Ճիշտ է, Փաշինյանը Ֆեյսբուքով հմտորեն մի քանի տակտիկական հարցեր լուծեց, բայց ես դա ի նկատի չունեմ։ Կառավորությանն անհրաժեշտ էր հստակ ներկայացնել և մատչելիորեն քաղաքացիներին ներկայացնել թե մոտակա եռամսյակում կամ մոտակա տարում ի՞նչ է արվելու։ Պետք է նշվեն կոնկրետ ծրագրեր, մեթոդներ և վերջնաժամկետներ, և դրանք պետք է լինեն իրական ծրագրեր, որոնց իրականցման հաջողությունը պիտի չափելի լինի։

ժամանակավոր կառավարությունից ստրատեգիական ծրագրեր սպասելն անիմաստ էր, դրա համար չեմ կարող իրենց այս առումով դատել։

– Վերադառնալով կոռուպցիայի և օլիգարխիայի հարցին…

– Ինչ վերաբերում է օլիգարխիայի կազմաքանդմանը, ապա խորհուրդ կտամ նայել Ուկրաինայի փորձին։ Այս երկրին տվել են 40 մլրդ ԱՄՆ դոլար արևմտյան օգնություն, գումարած նաև այլ օգնություն և մշտական խորհրդատվություն Արժույթի միջազգային հիմնադրամից (IMF), բայց մինչ օրս այդ օլիգարխիկ ինստիտուտները չեն քանդվում։ Դա շատ դժվար պրոցես է, գոնե Հայաստանում այն առնվազն 5 տարի կամ ավել կտևի։

Սա մեկ կուսակցության անելիք չէ, այլ ողջ հանրության։ Տարբեր գործոններ են պետք, որպեսզի օլիգարխիան քանդվի։ Օրինակ, այն որ հին ռեժիմին սատարող հին ուն նոր կուսակցությունները դրան դեմ են՝ Ռուսաստնի հետ միասին, արդեն մեծ խնդիր է։ Նաև պարզ չէ, թե Փաշինյանն ինչ հակակոռուպիոն մարտավորություն է ունենալու։

Կարևոր է նաև երկրի էլիտայի դիրքորոշումը, աշխարհայացքը։ Շատ դեպքերում հենց նրանք են այդ օլիգարխիկ համակարգի շահառուն։ Դատելով ներկայիս դեբատներից, քննարկումներից և այն հանգամանքից, որ ռուսական մենթալիտետը շատերին ավելի հոգեհարազատ է, այդ էլիտան թերևս չի կարող գեներացնել այնքան մարդկանց՝ պաշտոնյաներ, դատավորներ, որոնք կսկսեն հակակոռուպցիոն գործընթացը։

Մյուս խնդիրն այն է, որ կոռուպցիան հեշտացնում է կյանքը, այն եկամտի աղբյուր է։ Այս պայմաններում վերաբալանսավորումը դժվար է անել։ Բացի այդ, տնտեսական մոդելի փոփոխությունը բերում է աշխատատեղերի, ներդրումների կորստի, գնաճի, մատակարարումների խափանմանը, ինչը շատ արագ հին ռեժիմը իր հին և նոր կուսակցություններով կօգտագործի ներկայիս իշխանության անկման համար։

Փաշինյանի մյուս խնդիրը կապված է արտաքին համաշխարհային տնտեսական զարգացումների հետ։ Գլոբալ տնտեսական աճը նվազելու է գալիք տարիներին, ինչն էլ ավելի կբարդացնի ՀՀ տնտեսական վիճակը։ Զարգացող երկրների շուկաներում ակնկալվում են ֆինանսական ցնցումներ, նավթի գնի տատանումներ, պահանջարկի պակաս, և դրանք բոլորը ազդելու են Հայաստանի տնտեսության վրա։

– Իսկ նո՞ր կառավարությունից։

–  Նոր կառավարությունը գոնե երեք առանցքային քայլ պիտի անի։ Առաջինը՝ կարճաժամկետ ծրագրերի հստակ կոմունիկացիան է հանրությանը։ Սա լավ աշխատեց հեղափոխության օրերին, և հիմա նույն մարտավարության կարիքն ունեն կառավարությունն ու նախարարությունները։ Այսինքն, ունենալ հստակ, իրական և չափվող կարճաժամկետ և միջին ժամկետի ծրագրեր։

Երկրորդը, ի վերջո պետք է սկսվի նոր մարտավարությունների մշակումը՝ այդ թվում արտաքին քաղաքական, տնտեսական վերամոդելավորման և անկախ դատական համակարգի ստեղծման համար։ Բոլոր նախարարարություններն ու գործակալությունները ոչ թե անորոշ ստրատեգիական հայտարարություններ պիտի անեն, այլ պիտի չափվող նպատակներ դրվեն մոտակա 12, 24, 36 ամիսների կամ ավելի երկար ժամկետների համար։

Երրորդը անցումային արդարադատությունն է, ինչպես նաև հանրային ուժերով հին ռեժիմին քաղաքական գնահատական տալը և նրա սատարողների լիակատար քողազեծումը։

Տեղեկատվական դաշտի առողջացումը ևս կարևոր է։ Անհրաժեշտ է ապաօլիգարխացնել մամուլը։ Եթե վերջինս շարունակեց մնալ անհայտ ծագմամբ, Ֆեյսբուքի քոմենթներ վերարտադրող ռեսուրս, «fake news»-ի՝ կեղծ լուրերի գործարան, ապա այն վտանգավոր է հանրության և պետության համար։

– Փաշինյանը մի կողմից ասում է, որ «կոռուպցիան պետք է արմատախիլ անենք, թալանված գումարները ետ բերենք», բայց մյուս կողմից էլ ասում է՝ «դեմ եմ քաղաքական ռասիզմին»։ Մի կողմից ասում են, որ ենթադրաբար միլիադների հասնող հարստություն դիզած Ռոբերտ Քոչարյանը լրատվական լուրջ ռեսուրսների է տիրապետում, Փաշինյանի խոսքերով՝ մեկ շաբաթում երեք հեռուստաընկերություն է գնել, բայց այս հայտարարությունները դեռևս չեն ունեցել իրավական հետևանքներ։

Այս դեպքում արդյո՞ք արդարացված է նման հանդուրժողականությունն ու մարդասիրությունը։ Բնական է, որևէ մեկը չի ասում, թե նախկին իշխանավորներից ու նրանց մերձավորներից պիտի «խլեն բիզնեսը» կամ ունեցած լրատվամիջոցները։

Բայց գուցե փորձեն օրենքի դա՞շտ բերել, պարզել՝ կա՞ արդյոք ստվեր, կասկածելի ֆինանսավորում։

– Կարծում եմ՝ պատճառը նույն տակտիկական մոտեցումն է, ռազմավարության պակասը, ինչի պատճառով էլ այս պայքարը կոորդինաված չէ։ Կա կադրային լուրջ խնդիր, և թերացումներ անպայման լինելու են։ Կառուցողական քայլ կլինի, օրինակ, վարչապետին կից կառույց, այսպես կոչված՝ «strategic council» (ռազմավարական խորհուրդ) ստեղծելը, որը կկարողանա կոնցեպտուալ մակարդակով այս և այլ հարցեր քննարկել։ Օրինակ՝ հանք, հյուրանոց կամ այլ բիզնես վերցնելը բավական բարդ պրոցես է. արտասահմանցի ներդրողը փորձում է հասկանալ՝ սա պարզապես ակտիվների վերաբաշխո՞ւմ է, թե՞ իսկապես արդար պրոցես է։

Ինձ թվում է՝ Փաշինյանի կառավարությունը զգուշանում է արագ քայլերից, որ չմեղադրվի բիզնեսի իրավունքները ոտնահարելու կամ քաղաքական հետապնդումների մեջ։ Նույնիսկ Սահակաշվիլին է դրա մեջ ժամանակին մեղադրվում։ Բայց հապաղումը լուծում չէ։ Դրան լուծում կա. ռազմավարական կոորդինացված մոտեցման դեպքում կարելի է շատ հեշտ լուծել այդ հարցը։ Կառավարությունը պիտի կարողանա շարունակական կերպով հաղորդակցվել՝ ճիշտ ձևակերպել իր ուղերձները և ճիշտ ազդակներ ուղարկել արտաքին ու ներքին ներդրողներին, ժողովրդին, որպեսզի իրենք էլ հասկանան, թե ինչ է կատարվում։ Պետք է այս պրոցեսներում ապահովել թափանցիկությունը, հարկապես ակտիվների վերաբաշխման դեպքում՝ նաև ներգրավելով արևմտյան դիտորդների։

1in.am

(Visited 91 times, 1 visits today)