Հեղափոխության հաղթանակի մասին հնարավոր կլինի խոսել տարիներ անց

Բոլորս շատ ոգևորված ենք ընտրությունների կազմակերպման, դրանց թափանցկության առիթով: Համենայն դեպս, որևէ քաղաքական ուժ կասկածի տակ չի դրել Երևանի ավագանու ու խորհրդարանի արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը, իսկ որ ամենակարևորն է՝ այդ ընտրությունները նպաստել են հասարակության կոնսոլիդացիային՝ պատմություն դարձնելով հետընտրական բարիկադների տխուր ժամանակները։

Չնայած հեղափոխությունից հետո առաջին ընտրությունները քիչ կարևոր չեն, բայց հաղթած ուժի համար առավել կարևոր են երկրորդ ընտրությունները: Ավելի շուտ՝ երկրորդ ընտրությունները շատ կարևոր են, որպեսզի պարզ լինի, թե ինչքանով են կապիտալիզացվել հեղափոխության արդյունքերը կամ անշրջելի դարձել ժողովրդավարությունը։

Հեղափոխությանը հաջորդող բոլոր ընտրություններն, որպես կանոն, լինում են օրինական, արդար։ Ակնհայտ է, որ ավտորիտար համակարգերին տապալած հեղափոխական հարթակը չի կարող հաղթանակ չտանել առաջին ընտրություններում։ Այդպես եղել է Վրաստանում, Ուկրաինայում, նաև՝ 80-ականների ու 90-ականների սկզբի Հայաստանում։

«Քայլողների» երիտասարդ սերունդը, որը պարծենում է այսօրվա ընտրությունների որակով ու դա համարում է աննախադեպ, թերևս տեղյակ չէ, որ 1990թ-ի մայիսին, անգամ համազգային շարժման մակարդակում, ՀՀՇ-ն կոմունսիտական իշխանությանը ստիպել է Հայաստանում անցկացնել օրինական ընտրություններ ու դարձել է հետսովետական տարածքի բացառիկ շարժումներից մեկը, որն, ըստ էության, հեղափոխություն է իրականցրել ընտրությունների միջոցով, ընդ որում՝ խորհրդային օրենսդրությամբ։

Տեղին է հիշեցնել, որ 90-ականների հետհեղափոխական առաջին ընտրությունը՝ 1991-ի նախագահական ընտրությունները, եղել են օրինական ու արդար և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել է 82%-ից ավելի քվե, նույնիսկ՝ ավելի, քան այսօրվա հեղափոխականները։ Ընդ որում՝ առաջին նախագահը, ի տարբերություն այսօրվա հեղափոխության առաջնորդի, քարոզարշավ առհասարակ չի անցկացրել ու չի թիրախավորել իր մրցակիցներից որևէ մեկին։

Տեր-Պետրոսյանի իշխանությունը բյուրոկրատացման կամ, այսպես կոչված՝ նոմենկլատուրայի հետ դաշինքի գնալու գայթակղությանը չդիմացավ երկորդ ընտրություններին՝ 1995-ին, երբ ՀՀՇ-ի վարկանիշն արդեն էական անկում էր արձանագրել։ 1995-96թթ-ին ընտրակեղծարարության կազմակերպված համակարգ դեռ չկար, սակայն այդ ընտրություններն օրինական ու արդար համարելը դժվար է։

Հենց այս փուլում էլ սկսվեց նահանջը 88-ի օրակարգից, համատեքստից, ինչն, ի վերջո, բերեց իշխանության ճգնաժամի ու հայկական հակահեղափոխության՝ թերմիդորականության հաղթանակին։

Այլ խոսքով՝ ՀՀՇ-ն իր մեջ այքան ուժ չգտավ, որպեսզի 1995-96թթ-ին չափավոր հաղթանակ տանի՝ ստիպված լինելով գնալ կոալիցիաների, կամ էլ՝ ընտրությունների միջոցով հանձնի իշխանությունը՝ ինչպես դա տեղի ունեցավ մերջբալթյան երկրներում, կամ ավելի ուշ՝ Վրաստանում և Ուկրաինայում։

Նիկոլ Փաշինյանի թիմի համար նույնպես՝ նշանային են դառնալու երկրորդ ընտրությունները, որոնց ժամանակ գործող իշխանությունն այևս չի ունենալու աննխադեպ վարկանիշ։ Հեղափոխության հաղթանակի մասին հնարավոր կլինի խոսել տարիներ անց, երբ Փաշինայնն ու իր թիմն ընտրությունների արդյունքներն ընդունելու քաղաքական խիզախություն կունենան, եթե անգամ դրանց արդյունքում պարտվել են։

Միայն այդ ժամանակ կարող ենք ասել, որ 2018-ին Հայաստանում տեղի է ունեցել արժեքային հեղափոխություն։

Լուսանկարը՝ Photolure-ի

1in.am

(Visited 58 times, 1 visits today)