Նիկոլ Փաշինյանի երեք կարևոր առաջնահերթությունները

168.am-ին տված հարցազրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն առանձնացրել է մեկնարկող տարում կառավարության երեք կարևոր առաջնահերթությունները։

Որպես քաղաքական մշակույթ՝ այս երևույթը խիստ գովելի է, որովհետև սահմանվում են այն նշաձողերը, որոնց համտեքստում հնարավոր է դառնալու տարեվերջին գնահատել Նիկոլ Փաշինյանի կաբինետի գործունեության արդյունավետությունը։

Նախ, ըստ Աղաջանյանի, պարզ պատճառներով, վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից է շրջանառվող կառավարության նոր կառուցվածքի նախագիծը. «Ես կարծում եմ, որ նոր կառավարության առաջին և ամենակարևոր քայլերից մեկը պետք է լինի՝ առավել հիմնավոր և մտածված գնալ այդ ուղղությամբ և ունենալ բոլոր հարցերի պատասխանները, թե ինչո՞ւ, ո՞նց, և ունենալ նաև այն հարցի պատասխանը, թե դրա արդյունքում մենք ի՞նչ ենք ձեռք բերում»։

Այս հարցում նույնսիկ անզեն աչքով տեսանելի է, որ կառավարությունը մի փոքր հապաղել է, որովհետև կառավարության նոր կառուցվածքը հաստատվելու է նոր խորհրդարանի անդրանիկ նստաշրջանում, իսկ նախագիծն ակնհայտորեն «հում» է, որովհետև, ըստ էության, չի անցել մասնագիտական ու քաղաքական քննարկման փուլերը։

Կառավարության ապաբյուրոկրատացումն անհրաժեշտություն է, սակայն գոնե արտաքուստ այնպիսի տպավորություն է, որ շեշտը դրվել է ոչ թե կառավարման արդյունավետության բարձրացման, այլ՝ պետական միջոցները տնտեսելու վրա։ Արդյունքում՝ ունենալու ենք սուպերնախարարություններ, որոնց գործունեության արդյունավետությունը խիստ վիճահարույց է, մանավանդ՝ դրանք ակնհայտորեն ստեղծվել են Փաշինյանի շրջապատի կոնկրետ մարդկանց համար։

Երկրորդը, ինչպես նշել է Աղաջանյանը, 2019 թվականը պետք է լինի աննախադեպ՝ արտաքին ներդրումների և տնտեսական աճի տեսանկյունից. «Ես կարծում եմ, որ հեղափոխության մոնետարիզացիան՝ նյութականացումը, պետք է առաջին հերթին 2019-ին տեղի ունենա՝ ի դեմս լուրջ խոշոր ներդրումների և, ընդհանրապես, տնտեսական ակտիվության աննախադեպ աճի տեսքով»։

Ի դեպ, իր ամանորյա ուղերձում այս խնդիրն անհրաժեշտություն է համարել նաև Նիկոլ Փաշինյանը՝ 2019թ-ը հռչակելով տնտեսական հեղափոխության տարի։ Ակնհայտ է, որ մարդկանց այլևս հնարավոր չէ «կերակրել» տեսարաններով, ու եթե մեկնարկած տարվա ընթացքում չբարելավվի մարդկանց կյանքի որակը, ապա հեղափոխության սոցիալական բազան խիստ սահմանափակվելու է, ինչը կարող է աշխուժացնել ռեստավրացիայի շարժումը կամ բերել նոր ֆորս-մաժորային իրավիճակների։

Անկեղծորեն նկատենք, որ անցած իննը ամիսների ընթացքում կառավարությանը չի հաջողվել փոխել Հայաստանի տնտեսության կառուցվածքը, հարկային բարեփոխումների թիրախ դարձնել միջին ու մանր բիզնեսի զարգացումը։ Նկատվում է հակառակ միտումը, ինչի դրսևորումներից մեկը թերևս այն է, որ ռեստորանները տարեսկզբին հայտարարեցին գործադուլ անելու մտադրության մասին։
Փաշինյանի շրջապատում պետք է գիտակցեն, որ տնտեսական հեղափոխությունն ոչ թե կարգախոս է, այլ՝ տնտեսության զարգացման կոնկրետ ծրագիր։

Որպես երրորդ գլխավոր անելիք՝ Աղաջանյանը նշել է ՀՀԿ-ի հեռացումից հետո 2019-ին քաղաքական դաշտում արժեքային հեղափոխության խնդիրը. «Պետություն-քաղաքացի շփում, քաղաքական մշակույթ և նմանատիպ արժեքային հեղափոխություն պետք է տեղի ունենա»։

Սա, ի դեպ, ամենադժվար լուծելի խնդիրն է, որովհետև թավշյա հեղափոխության հարթակը եղել է խիստ ապաքաղաքական, ու մենք, ըստ էության, չենք լսել քաղաքական ուղերձներ, որոնց բացակայությունը տեսանելի է նաև այսօր։ Սակայն սա շատ տարողունակ թեմա է ու թերևս առանձին անդրադարձի անհրաժեշտություն ունի։

1in.am

(Visited 55 times, 1 visits today)