Ես քաղաքականությունից դուրս եմ. Ալբերտ Բազեյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութը շրջանառելու մասին

Այսօր համացանցում է հայտնվել դեռևս 2001-ին նկարահանված մի տեսանյութ, որտեղ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը ԵԿՄ մի հավաքի ժամանակ բավական սուր գնահատականներ է հնչեցնում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, խոսում է կատարվող անհաջող կադրային քաղաքականության մասին, այն ժամանակվա պաշտոնյաներին կոչում իրենց մականուններով, քննադատում գործող բարքերը, որ պաշտոնով մարդկանց բերանն են փակում, իրեն թույլ չեն տալիս անգամ իր տեղակալին փոխել, որը իր դեմ է աշխատում։ Բազեյանը այդ տեսանյութում տեղեկացնում է ՀՀԿ-ից իր ու ընկերների դուրս գալու և նոր քաղաքական միավոր ստեղծելու մասին։

«Այսօր Հանրապետական կուսակցությունը լիարժեք դերակատարում չունի երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը որոշելու հարցերում, չնայած որ ԱԺ-ում ունի մեծամասնություն։ Իրենք գնում են կոնյունկտուրային՝ հարմարվողականության քաղաքականության»,- ասում է Բազեյանը՝ հավելելով, որ եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, երկիրը լրիվ այլ վիճակում կլիներ։

Ալբերտ Բազեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չի տեսել տեսանյութը, բայց ենթադրում է՝ խոսքն ինչի մասին է. «Ես չգիտեմ՝ խոսքն ինչի մասին է, տարիներ են անցել, չեմ ուզում անդրադառնալ դրան, բայց ենթադրում եմ՝ ԵԿՄ հավաք է եղել, խոսել ենք։ Այն, ինչ ես ասել եմ այդ հավաքի ժամանակ, ասել եմ, դա եղել է իմ կարծիքը, պարզապես չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ, թե ինչու է այն հիմա ի հայտ եկել»,- ասաց Բազեյանը։

Մեր դիտարկմանը, թե իր կարծիքով՝ տեսանյութը հրապարակ բերելը ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել, Բազեյանը պատասխանեց. «Չգիտեմ, բացարձակ չի հետաքրքրում։ Ես քաղաքականության մեջ չեմ, քաղաքականությունից դուրս եմ եկել, ու նման բաներով ինձ վնասել չեն կարող։ Ինձ ոչինչ չի հետաքրքրում։ Ամենայն բարիք բոլորին»։

1in.am

(Visited 97 times, 1 visits today)