Նիկոլ Փաշինյանի թիմը լավատեսություն չի ներշնչում

«Հունվարի 14-ից սկսվում է իշխանության հեղափոխականացման փուլը: Նախկիններին պետք է մոռանալ, օղորմաթաս խմել և անցնել առաջ»,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում այս մասին նշեց պատմաբան Վահրամ Թոքմաջյանը: Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի թիմը լավատեսություն չի ներշնչում. «Այն, որ մարդիկ եկել, հանգրվանել են ԱԺ-ում, Ն. Փաշինյանի շնորհքն է, նրանցից շատերը 2017-ին նույնպես առաջադրված են եղել, բայց քիչ ձայն են հավաքել: Խնդիրն այն է, որ այն ռեսուրսը, որ ունի Փաշինյանը ՀՀ-ում, նրա կողքի մարդիկ հանկարծ չմսխեն, չփչացնեն: Շատ հարցերում անզգույշ են նորաթուխ պաշտոնյաները, որոնք ծերունական լրջությամբ խորհուրդներ են տալիս, մինչդեռ իրենք դեռ պետք է սովորեն, դեռ ինչ-որ բաներ պետք է անեն մեր պետության համար…»:

Պատմաբանի խոսքով՝ քննադատությունը չի կարող դադարել անգամ ամենալավ կառավարության դեպքում. «Պետք է պատրաստ լինեն դիմանալ քննադատությանը. եթե մարդը չի դիմանում օրինաչափ քննադատությանը, դա արդեն տղայականության վտանգավորության աստիճան է»:

Պատմաբանի դիտարկմամբ՝ «Լուսավոր Հայաստանը» չի լինելու հայհոյող ընդդիմություն, ինչն արդեն լավ է: Նրա կարծիքով՝ «Իմ քայլ»- ի ներքին քննարկումներում կարող են լինել հակասություններ, բայց չի կարող դաշինքի ներսում ընդդիմություն լինել. «Ամուլացնել քաղաքական դաշտը և ասել՝ և՛ իշխանությունն ենք մենք, և՛ ընդդիմությո՞ւնը. չի կարող լինել նման բան»:

Պատմաբանի դիտարկմամբ՝ դեռևս շատ խնդիրներ պետք է կարգավորել, հետո նոր խոսել տնտեսական հեղափոխության մասին: Նրա կարծիքով՝ նախկին Հարկային օրենսգիրքը, Աշխատանքային օրենսգիրքը գրվել են մի խումբ մարդկանց շահերը սպասարկելու համար. այժմ անհրաժեշտ է վերանայել և փոխել:

Թոքմաջյանի դիտարկմամբ՝ կրթության ոլորտը ձախողված է. «Պետք է հասկանայինք, թե ինչ փիլիսոփայություն է դրված կրթության ոլորտի հիմքում. 2015թ-ից սկսած՝ չունենք կրթության զարգացման պետական ծրագիր:

Նախորդ իշխանության ժամանակ էլ էին ասում՝ թղթով ամեն ինչ ճիշտ է, բայց նախորդ կառավարությունը ընդունել է որոշումներ, որոնք երբեմն հակասում են օրենքներին… Ցավոք նոր կառավարությունը, ի դեմս կրթության և գիտության նախարարության, շարունակում է նախորդների վտանգավոր միտումները՝ ասելով՝ թղթով ամեն ինչ ճիշտ է: Նախորդների ստեղծած հիվանդ համակարգի հիմքով են շարունակում մոտենալ բովանդակային խնդիրներին, դպրոցների տնօրենների ընտրությանը և այլն: Կրթության ոլորտում կտրուկ փոփոխություններ են պետք, մինչդեռ դեռևս միայն վարչարարությունն ավելացնելու միտում է նկատվում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

(Visited 60 times, 1 visits today)