Առանց մաքսազերծման ուղեբնեռերի սահմանափակումն, իսկապես, ջավախքցիների համար խնդիր է, բայց ոչ այնքան սուղ, որպեսզի այդ խնդրով պայմանավորված մեծ աղմուկ բարձրացնեն. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր ընտրված, ծնունդով Ջավախքից Շիրակ Թորոսյանը:
Ըստ նրա` պատճառը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ, ըստ որի՝ 2019 թ. հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը:
«Ինչքանով տեղյակ եմ, նման որոշումը պայմանավորված է ԵԱՏՄ շրջանակներում մեր ստանձնած մաքսային պարտավորությունների հետ, և եթե այդպես է, խնդիր կա, պետք է հասկանալ, թե ի՞նչ հնարավորություններ, ճանապարհներ կլինեն որոշակի լուծումներ գտնելու համար»,-ասաց նա:
Նշենք որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ, այսինքն՝ ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն։
Ըստ Թորոսյանի` խնդիրը ոչ թե վերաբերում է առաձին մարդկանց ուղեբեռներին, այլ ընդհանուր կարգավորում է:
«Եթե խոսքը վերաբերում է առանձին` մեկ մարդու հետ կապված խնդրին, իհարկե, այստեղ մտահոգվելու պատճառ գուցեև կա, բայց դա նաև այդքան սուր չէ, ինչպես թվում է, որովհետև ի՞նչ պետք է մարդը, կամ թեկուզ ուսանողը, Ջավախքից 25 կիլոգրամից ավելի բերի, որ իրեն խանգարի: Իհարկե, խնդիր է, բայց եթե ավելին է, կարող է ընկերոջ հետ կամ մյուս անձի հետ ով չունի բեռ, անցկացնել:

Ճիշտ է, դա լուծում է, բայց նաև խնդիր է և միգուցե պետք է այստեղ աշխատենք Մաքսային մարմինների հետ, և փորձենք լուծում գտնել, եթե իրենք ավելի հիմնավոր կներկայացնեն հնարավորությունները»,-ասաց նա:
Շիրակ Թորոսյանը ենթադրում է, որ դժգոհ են հատկապես այն մարդիկ, ովքեր ոչ թե անձնական ուղեբեռ են բերում, այլ թեթև բիզնեսով են զբաղվում: «Եթե մարդը բիզնեսմեն է և փորձում է սահմանի չեզոք գոտում կանգնել և 50 հոգի հրավիրել և 50 կգ-ով անցկացնել, ենթադրենք, 2500 կգ բեռ, դա ուրիշ խնդիր է, իսկ եթե մեկ անհատը, որն իսկապես գալիս է Ջավախքից և իր հետ բերում է 25-ի փոխարեն 30 կգ կարտոֆիլ, դա արդեն բոլորվին այլ խնդիր է: Պետք է այստեղ ուսումնասիրություն կատարենք, և եթե օրենքի շրջանակներում կա հնարավորություն, փորձել գտնել: Եթե չլինի, ապա դա գլոբալ խնդիր է` կապված ԵԱՏՄ-ի պարտավորությունների հետ և այլ դաշտ է տեղափոխվում»,-ասաց նա:
Նա հիշեցրեց, որ նախատեսված էր 50 կիլոգրամ թույլատրելի չափ, որը կիսով չափ կրճատել են: «Ասեմ, որ ավելի վաղ 5 կգ էր նախատեսված, որը հետագայում բարձրացվեց 50 կիլոգրամի, հիմա իջեցնում է 25-ի` արդեն ԵԱՏՄ-ի պայմանավորվածություններով: 5 կգ-ի դեպքում, իսկապես, կար դժգոհություն»,-ասաց նա:
tert.am