Ինչպես է պատժել Ծառուկյանը «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներին խորհրդարանական ընտրություններից հետո

Ավելի քան 15 տարի Արարատ քաղաքում գործող մանկապարտեզը, որտեղ հաճախում են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների երեխաները, խորհրդարանական ընտրություններից հետո փակվել է։

Մանկապարտեզի աշխատակիցները արդեն ստացել են լուծարման պայմանագրերը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին հենց մանկապարտեզի աշխատակիցները, ովքեր դեկտեմբերի վերջին օրերին փորձում են հնարավոր ու անհնարին ճանապարհներով հասնել նրան, որ Գագիկ Ծառուկյանը վերանայի իր որոշումը, քանի որ այդ որոշման արդյունքում այդ մանկապարտեզ հաճախող 130 երեխա այլևս զրկվել է այդ հնարավորությունից, իսկ աշխատակիցները՝ դարձել գործազուրկ։

Աշխատակիցները մեզ պատմեցին, որ մանկապարտեզը գործել է Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ։ Հիմա դիմում են քաղաքապետարան, սակայն քաղաքապետարանից պատասխանում են, որ բյուջեում չունեն այդքան փող, որ վերաբացեն մանկապարտեզը։

Մեր զրուցակիցների խոսքով՝ խնդիրը ծագել է մանկապարտեզի նախկին վարիչի՝ Լուսինե Աղոյանի պատճառով, որից ամբողջ անձնակազմը դժգոհ է եղել, և աշխատողները բողոքների միջոցով հասել են նրան, որ վարիչն ազատվի աշխատանքից. «Ճիշտ է, նա ազատվեց աշխատանքից, սակայն հետո շարունակեց դրսից գործել։ Նա պահակների միջոցով վնասում էր մանկապարտեզի գույքը, փչացնում օդորակիչները, առնետներ էր գցում նոր վարիչի սենյակ, ու դրանից հետո այդ գործողությունները այնքան շարունակական եղան, որ կարողացավ խնդիրը հասցնել Ծառուկյանին և ինչ-ինչ լծակներով ազդելով Ծառուկյանի վրա՝ հասավ նրան, որ Ծառուկյանը մանկապարտեզը փակեց։ Բայց այդ 130 երեխայի ծնողները աշխատում են Ծառուկյանի ցեմենտի գործարանում որպես բանվոր»,- ասաց մանկապարտեզի աշխատակիցը։

Նրա խոսքով՝ որևէ հիմնավորում չի ներկայացվել իրենց, ոչ էլ մանկապարտեզի փակման վերաբերյալ լուծարման պայմանագրում է պատճառ նշվում։ «Չեմ կարծում, որ ընտրություններն էին պատճառը, քանի որ նա բավարար քվե տարավ Արարատ քաղաքից։ Մենք այլ աղբյուրներից պարզել ենք, որ նախկին վարիչը՝ Լուսինեն, փորձել է Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի և Առուստամյանի միջոցով հասնել մանկապարտեզի փակմանը։ Նույնիսկ ձայնագրություններ կան, որտեղ նա ասում է, որ եթե ինքը մանկապարտեզում չաշխատի, փակել է տալու մանկապարտեզը։ Այդպես էլ արեց՝ մանկապարտեզում խառնաշփոթ առաջացնելու արդյունքում հասավ իր նպատակին։ Ծառուկյանն էլ սպասեց, ընտրություններն ավարտվեցին ու փակեց մանկապարտեզը»,- ասաց մեր զրուցակից աշխատակցուհին։

Մանկապարտեզի աշխատակիցների խոսքով՝ հիմա ամբողջ Արարատ քաղաքը ոտքի է կանգնել, 130 երեխաների ծնողներն ու աշխատողները պայքարելու են, որ մանկապարտեզը վերաբացվի։ Աշխատանքից ազատված աշխատակիցները նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա վերջին օրերին գնացել են Առինջ գյուղ՝ Ծառուկյանին հանդիպելու, սակայն անօգուտ. «Գիտեք, քանի անգամ ենք գնացել Ծառուկյանի Առինջի նստավայր, որ նստենք, քննարկենք հարցը, հասկանանք պատճառը, բայց առավոտվա 10-ից մինչև իրիկվա 22։00-ն կանգնել ենք իր նստավայրի դիմաց, բայց մեզ չի ընդունել։ Հիմա չգիտենք ինչ անել»,- եզրափակեց աշխատակցուհին։

«Առաջին լրատվական»-ը փորձեց այս խնդրի հետ կապված պարզաբանում ստանալ նաև Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

1in.am

(Visited 5 172 times, 1 visits today)