Իոսիֆ Աղաջանովի ծնողների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին և Արմեն Սարգսյանին

22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին.

«Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոնայք,

Մենք տեղեկացել ենք, որ արդարադատության նախարարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովը օրերս դրական եզրակացություն է տվել մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հարցին: Սա աննախադեպ և անթույլատրելի երևույթ է` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովը իր վրա կրել է ճնշումներ Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013 թվականին)։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ,որ, Զարուհի Մեժլումյանը լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավարը, օգտագործում է իր պաշտոնական լծակները ցանկալի արդյունքին հասնելու համար:

Այս տարիների ընթացքում ներկայացնելով կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իբր Մհեր Ենոքյանը անմեղ է՝ սույն տիկինը արդարության շղարշի ներքո փաստացի պայքար է ծավալել ընդհամենը իր կողակցին տուն վերադարձնելու համար: Մենք խնդրում և հորդորում ենք ձեր իրավասության տակ գտնվող այս հարցին տալ արդարացի լուծում: Այդ լուծմանը հանգելու համար ձեզ կօգնի այն տեսանյութը, որը մենք այսօր ուղարկել ենք:

Խնդրում ենք դիտել այդ տեսանյութը՝ չնայած նրան, որ այն դաժան եւ մարդկային ներաշխարհը տակնուվրա անող տեսանյութ է: Խնդրում ենք որոշում կայացնել Ձեր խղճի մտոք։

Հարգանքով`

Ծնողներ՝

Միխայիլ Աղաջանով

Նելլի Ահարոնովա

Քույր՝ Ելենա Աղաջանովա»:

1in.am

(Visited 197 times, 1 visits today)