Միայն վարչապետի՝ ձեռքը սեղանին խփելով չի լուծվելու կոռուպցիայի խնդիրը․ Նորայր Նորիկյան

«Գործող կառավարությունը փորձում է իրականացնել այն քայլերը, որոնք հռչակել է որպես սկզբունքներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով կառավարության այս տարվա առաջին նիստին:

Նրա խոսքով՝ օպտիմալացումները գնահատելու ժամանակ դեռ կլինի: «Տեսնենք, թե մեր հանրային կյանքում կոնկրետ ինչ փոփոխություններ տեղի կունենան, տեսնենք, թե դրանց ինչպես կարձագանքի հանրությունը, և տեսնենք, թե ինչպես կիրացվի կառավարությանը տրված վստահությունը:

Ես սրտանց հաջողություն եմ մաղթում այս կառավարությանը, որովհետև գիտակցում եմ, որ դրա արդյունքները քաղելու է մեր հասարակությունը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Փաստաբանի կարծիքով՝ Հայաստանի 2019թ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը կիսատ է, չի արտացոլում մեր հանրային կյանքի բոլոր խնդիրները, մակերեսային վերլուծության են ենթարկված կոռուպցիոն ռիսկերը, չկան ոլորտային կոռուպցիայի գնահատականներ. «Այսինքն՝ ներկայացված են դեկլարատիվ թեզիսներ, սակայն դրանց տակ պետք է դրված լինեն լուրջ կառուցակարգեր. միայն վարչապետի՝ ձեռքը սեղանին խփելով չի լուծվելու կոռուպցիայի խնդիրը»:

Նորայր Նորիկյանը կարծում է, որ հասարակության մեջ արմատավորված են կարծրատիպեր, որոնք պետք է կոտրել, և դրանցից է նաև ոստիկանի նկատմամբ հանրության վերաբերմունքը. «Ահռելի աշխատանք կա, լուրջ առաքելություն ունի այս իշխանությունը, որը վերջին 20-25 տարիներին միակ լեգիտիմ իշխանությունն է, և որքան մեծ է այդ ահռելի վստահությունը, նույնքան մեծ է նաև պատասխանատվությունը, որի տակից պետք է դուրս գալ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am

(Visited 48 times, 1 visits today)