«Հայատյացություն և ռևանշիզմի դրսևորում». ինչու՞ է նորից զառանցում Ալիևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն միայն Բաքվի ու Երևանի միջև. «Առաջին փուլում Հայաստանի նոր ղեկավարությունը փորձել է խուսափել բանակցություններից: Հայտարարություններ են հնչել, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի կազմավորման հետ։ Արդյունքում՝ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասել է Իլհամ Ալիևը:

Նրա խոսքերով՝ բանակցային գործընթացի միջնորդները ևս Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը հավանության չեն արժանացրել:

Նա հայտարարել է նաև Հայաստանի մեկուսացման քաղաքականության մասին՝ ընդգծելով, որ ստեղծված բարդ ճգնաժամային իրավիճակից միակ ելքը Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումն է։

https://www.shantnews.am/wp-content/uploads/2018/06/capturethumb_Yq7oY-1.jpg

Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը նշեց՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի բուն նպատակները.«Այն, որ պաշտոնական Բաքուն երբևիցե պատրաստ չի եղել կառուցողական քայլերի՝ սրա ևս մեկ վկայությունն է։ Ընդհանրապես Ադրբեջանը Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ կարելի է ասել ահաբեկչական քայլ է կատարել»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Մանրամասնելով իր միտքը Դավիթ Բաբայանը նշեց. «Հիշու՞մ եք, երբ թավշյա հեղափոխությունը հաղթեց և Հայաստանում նոր իշխանություն ձևավորվեց, իրենք անմիջապես ահաբեկչական հայտարարություններ արեցին՝ասելով, որ այդ իշխանափոխությունը իրենք են կազմակերպել։ Դա սարսափելի բան է, սա արդեն իսկ նշանակում էր, որ նրանք պատրաստ չեն կառուցողական երկխոսության պաշտոնական Երևանի հետ։ Հիմա էլ այսպիսի քայլեր է անում, մեղադրում են պաշտոնական Երևանին, երկրորդ՝ իրենց տեսլականն են ներկայացնում՝ առ այն, որ Արցախը չի կարող անկախ երկիր լինել, որ պետք է վերադարձվի Ադրբեջանի կազմի մեջ։ Այսինքն նրանց համար կարգավորումը ոչ այլ ինչ է, քան Արցախի հանձնում։ Սա անհեթեթություն է, հայատյացություն և ռևանշիզմի դրսևորում»։

Միևնույն ժամանակ, Դավիթ Բաբայանի խոսքերով, կան նաև դրական զարգացումներ.«Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների հետևանքով կտրուկ նվազել է խախտումների թվաքանակը, բայց խնդիրն այն է, որ չի փոխվել հակառակորդի տեսլականը, նրանք շարունակում են սպառազինվել, շարունակում են հակահայկական քաղաքականություն վարել։ Տեսնում եք, երբ նույնիսկ ՌԴ ազգությամբ հայ քաղաքացիները փորձում են Բաքու այցելել, ինչպիսի ատելության են արժանանում, նույնիսկ մեր հայրենակիցներից մեկը մինչ այժմ այնտեղ բանտարկված է։ Այդ ամենն այնքան է ահագնացել, որ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարությամբ հանդես եկավ»։

Ի՞նչ պետք է անենք մենք՝ հարցադրում է անում Դավիթ Բաբայանը և պատասխանում. «Այն, ինչ միշտ ենք արել՝ հզոր պահենք մեր բանակը, սերտ պահպանենք մեր համագործակցությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը և ճիշտ, բալանսավորված արտաքին քաղաքականություն վարենք։ Սա է հակառակորդին դիմակայելու լավագույն միջոցը»։

Ինչ վերաբերում է Ալիևի՝ բանակցային ձևաչափին վերաբերող հայտարարությանը, մեր զրուցակիցն ընդգծեց հետևյալը. «Խնդիրը հետևյալն է.իհարկե առանց պաշտոնական Ստեփանակերտի հիմնախնդիրը կարգավորել հնարավոր չէ, սա պարզ ճշմարտություն է։ Մյուս կողմից՝ հասկանալի պատճառներով հիմա հնարավոր չէ լիարժեք ձևաչափը վերականգնել։ Հակամարտությունը իրար հետ փոխկապակցված երկու հարթություն ունի. մեկը բուն կարգավորումն է , երկրորդը՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը․մենք չենք կարող պնդել ու փակուղի մցնել այդ գործընթացը՝ ասելով, որ եթե հիմա Ստեփանակերտը չի մասնակցում, առաջ չգնանք։ Այստեղ Արցախը նույնպես կարևոր դերակատարություն ունի…սա այն ոլորտը չէ, որ մենք վերջնագրերով խոսենք ու բանակցությունները փակուղի մցնենք, պաշտոնական Ստեփանակերտը այդպիսի ծայրահեղականությամբ չի տառապում։ Մայր Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցություններ վարելով, միջազգային հանրության հետ մեկտեղ շարունակում է նպաստել տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը։

https://www.tert.am/news_images/926/2776679_1/f5b223ad72c437_5b223ad72c479.thumb.jpg

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը նշեց. «Ալիևը հոր հետ միասին 30 տարուց ավել է անհեթեթություններ է դուրս տալիս։ Հիմա էլ հերթական անգամ զառանցում է»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Ալիևը կտրված է իրականությունից ու այժմյան զարգացումների կոնտեքստից.«Ալիևը պետք է մտածի, թե առաջիկա տասնամյակների ընթացքում ինչպես է իր էթնոկրատ պետությունը, որը հիմնված է ազգային անդրենածին էթնիկական միավորների վրա կարողանալու թյուր էթնոսի այլակերպության իշխանությունը պահել՝ մանավանդ որ ի դժբախտություն ալիևների աշխարհը ժողովրդավարանում է և բացառված չէ, որ Ադրբեջանի հանդեպ կիրառվի ընկերակցային ժողովրդավարության տարբերակը»։

Լևոն Շիրինյանը հավելում է. «Հիշողություն թարմացնելու համար ասեմ հետևյալը. Ինչպես 1994 թվականին ստորաքարշությամբ ստորագրեցին բիշքեյան համաձայնությունը՝ ճողոպրեով հայկական զինուժի մտրակների հարվածներից, վատ չէր լինի հիշել նաև ապրիլյան պատերազմը՝ երբ ունենալով հզորագույն դաշնակիցներին, մինչև ատամները զինված լինելով չհասան ոչ մի արդյունքի բացի ոչխարի բուրդը քամուն տալուց»,-եզրափակեց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ Ալիևի ակտիվությունը մեծամասամբ պայմանավորված է հայկական կողմի իներտությամբ և աշխարհի զարգացման տենդենցները չտեսնելու մեծ ցանկությամբ։

1in.am

(Visited 56 times, 1 visits today)