«Պետության վախճանը»-2 կամ հպարտ քաղաքացիների անարխիստական հանրապետությունը

«Պետության վախճանը». շատ տարիներ առաջ այսպիսի վերնագրով հոդված էր հրապարակել նախկին վարչապետ, հոդվածի հրապարակման ժամանակ՝ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, ով այսօր զբաղեցնում է մի կազմակերպության ղեկավարի պաշտոն, որն ամենօրյա ռեժիմով նպաստում է մեր պետության վախճանին։

Այդ հոդվածում արծարծվող խնդիրներն ու գործոնները, իհարկե կապ չունեն մեր նոր իրականության, այսօրվա հետ, բայց հոդվածի խոսուն վերնագիրը ստիպում է զուգահեռներ անցկացնել պետության վախճանի ու հենց այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև։ Արդեն երկրորդ օրն է Էջմիածնի բնակիչները, ակտիվիստներն ու պասիվիստները փակել են Երևան-Էջմիածին մայրուղին, որը միջքաղաքային մայրուղի լինելուց բացի, նաև Երևանի օդանավակայան տանող միակ ճանապարհն է։ Բողոքավորները պահանջում են ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին վերադարձնել բանտ։ Պահանջում են ամենատարբեր հիմնավորումներով ու ամենատարբեր կարգախոսներով։ Պահանջում են ապրիորի, թեև նրանց պահանջի հասցեատերը իշխանությունն է։

Իշխանություն, որը լռում է։ Մինչդեռ նման ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի փակման դեպքում գոնե իշխանությունը պարտավոր էր չլռել կամ որ նույնն է՝ համարժեք քայլեր ձեռնարկել երթևեկությունն ու այդ տարածաշրջանի կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար։

Բայց իշխանությունը որևէ քայլ, առնվազն մինչև այս պահը, չի ձեռնարկել։ Չի ձեռնարկել, որովհետև ակտիվիստներն ու պասիվիստները սխալ կհասկանան իշխանությանը։ Նրանք ամենայն հավանականությամբ պետության որևէ իրավաչափ քայլին կհակադարձեն՝ հիշեցնելով, որ գործող իշխանությունը ձևավորվել է միանգամայն նույն՝ ճանապարհ փակելու միջոցով՝ գործող իշխանության գործող ղեկավար Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։

Իշխանությունը պատրաստ չէ լսելու այդ հակադարձումները, որովհետև թերևս վախենում է, որ հակադարձումին պետության դիրքերից ու պետական մտածողությամբ տրված պատասխանը կարող է է՛լ ավելի սխալ հասկացվել ցուցարարների կողմից և նրանք կարող են Էջմիածնից տեղափոխվել Հանրապետության հրապարակ, որտեղ օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ուղիղ ժողովրդավարության ճանապարհով որոշումների կայացման ինստիտուտի մասին։ Հայտարարել է՝ չմանրամասնելով, թե Սահմանադրության ու պետական կառավարման այլ կառուցակարգերի գոյության պայմաններում ինչ է նշանակում ուղիղ ժողովրդավարություն։ Եվ ուրեմն, էջմիածնի ակտիվիստներն ու ոչ այնքան ակտիվիստները կարող են հիշել օգոստոսի 17-ի այդ հայտարարությունը և փակել նաև վարչապետին իր աշխատավայր տանող ճանապարհները։ Վարչապետի սովորեցրած մեթոդով։

Իրականում արդեն երկու օր Էջմիածնում ու նրա հարակից տարածքում տիրող իրավիճակը ոչ այլ ինչ է, քան պետության, իրավակարգի չգոյության վկայություն։ Իշխանությունը չի կատարում իր սահմանադրական պարտականությունը՝ խուսափելով հասարակության մի փոքր հատվածի կողմից չհասկացված լինելու վտանգից։ Որովհետև նույն այդ իշխանությունը հասկանում է, որ այդ չհասկացվածությունը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ և միավորել գրեթե ամեն օր հանրապետության տարբեր ճանապարհներ փակող ակտիվիստներին ու պասիվիստներին։

Ցավոք, սա պետության չգոյության միակ օրինակը չէ։ Դրա վկայությունն էին նաև Հայ Առաքելական եկեղեցու ու Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ կազմակերպված բողոքի ակցիաները, որոնք հասան ընհուպ վեհարանի շենքի գրավմանը։ Դրա վկայությունն է այս օրերին հասարակությանը ալեկոծած՝ Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակման պատմությունը, որում իշխանության հետ փոխկապակցված առանձին անհատներ կարողում են անել ավելին, քան պետական կառավարման համակապատսխան մարմինները։ Պետության չգոյության ու օրեցոր ավելացող անարխիզմի դրսևորման վկայություն էր մի քանի օր առտաջ նորակոչիկներին տեղափոխող ավտոմուսի գրավումը։ Օրինակները կարելի է շարունակել, սակայն դրանից խնդրի էությունն ու վտանգավորությունը միայն կավելանա։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում վտանգավոր է, չափազանց վտանգավոր։ Ու տպավորություն է ստեղծվում, որ գործող վարչապետը հետևողականորեն իրականացնում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ պետության վախճանի մասին թեզը, որի համանուն վերնագրով հոդվածը, ի դեպ, եթե չենք սխալվում, հրապարակվել է այն ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանի կողսմից խմբագրվող «Հայկական Ժամանակ» օրաթերում։ Ճակատագրի հեգնանքով կամ պատահականորեն։ Չնայած ընդունված է կարծել, որ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։

1in.am

(Visited 94 times, 1 visits today)