«Պասիլկա» հանձնելու պատրվակով երկու երիտասարդ մտել են բնակարան, կապկպել տանտիրուհուն և թալանել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվեց Գուրգեն Բաղդասարյանի գործի դատական քննությունը:

Գուրգեն Բաղդասարյանը մեղադրվում էր 9 տարի առաջ՝ 2009 թվականին կատարված հանցավոր արարքի համար, որը որակված է որպես ավազակային հարձակում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2009 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 11-ն անց 45-ի սահմաններում Գուրգեն Բաղդասարյանը, նախնական  համաձայնություն ունենալով Հովհաննես Գ.-ի ու Յուրի Հ.-ի հետ, վերջինիս անձնական օգտագործման մեքենայով ուղևորվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ Յուրի Հ.-ն առաջին հարկի քարտոֆոնից զանգահարել է տուժող Նորա Ա.-ին, ռուսերեն խոսել ու տեղեկացել է, որ վերջինիս հայրը տանը չէ:

Ժամը 12-ի սահմաններում, ըստ մեղադրանքի, Գուրգեն Բաղդասարյանը, Հովհաննես Գ.-ն ու Յուրի Հ.-ն վերջինիս մեքենայով գնացել են Նորքի 1-ին զանգված՝ տուժողի շենքի բակ: Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Բաղդասարյանը՝ դիմակավորված, ու Հովհաննես Գ.-ն՝ առանց դիմակի, մուտք են գործել տուժողի բնակարան՝ արտերկրից ուղարկված ծանրոցը փոխանցելու պատրվակով:

Ըստ մեղադրանքի՝ տուժող Նորա Ա.-ի առողջության նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելով՝ «նախապես իրենց հետ վերցրած, որպես զենք օգտագործված առարկայի  գործադրման սպառնալիքով, տուժողի ձեռքերն ու բերանը կպչուն ժապավենով կապելով»՝  հարձակվողները բնակարանից հափշտակել են այն ժամանակ՝ 387 հազար 410 դրամին համարժեք՝ 1000 դոլար կանխիկ գումար,1 միլիոն 610 հազար 500 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկե զարդեր՝ տուժողին պատճառելով ընդհանուրը՝ 1 միլիոն 997 հազար 910 դրամի գույքային վնաս:

Այս գործով Հովհաննես Գ.-ն ու Յուրի Հ.-ն դեպքից հետո` 2009 թվականի դեկտեմբերին, բռնվել և, 2010 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով մեղավոր ճանաչվելով համապատասխանաբար՝ ավազակային հարձակման և ավազակային հարձակմանն օժանդակելու համար, դատապարտվել են համապատասխանաբար՝ 8 և 7 տարի ազատազրկման: Ներկայումս նրանք արդեն ազատության մեջ են…

Նրանց վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի համաձայն՝ դեպքի փաստական հանգամանքները հետևյալն են. Հովհաննես Գ.-ն 2009 թվականի նոյեմբերին հանդիպելով իր ծանոթ Գուրգեն Բաղդասարյանին, հայտնել է իր ունեցած գումարային խնդիրների մասին:

Գուրգենը տեղեկացրել է, որ Նորքի 1-ին զանգվածում ապրող ընտանիք գիտի, որը զբաղվում է ոսկե զարդերի առևտրով, տանը չհրկիզվող պահարան ունեն, որի մեջ արժեքավոր գույք ու գումար է պահվում:

Հովհաննեսն ու Գուրգենը համաձայնության են եկել այդ բնակարանում եղած արժեքները հափշտակելու վերաբերյալ:

Հաջորդող օրերին նրանք մի քանի անգամ գնացել են ապագա տուժողների շենքի բակ, ուսումնասիրել են տեղանքը, հնարավոր փախուստի ուղիները, ինչպես նաև՝ տվյալ ընտանիքի անդամների տեղաշարժն են ուսումնասիրել՝ երբ են գնում աշխատանքի, երբ են վերադառնում:

Վերջին անգամ այդ շենքի բակ են գնացել և իրավիճակը մեկ անգամ ևս ուսումնասիրել են Յուրի Հ.-ի մեքենայով:

Երկու օր անց՝ 2009 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 11-ի սահմաններում Հովհաննեսն ու Գուրգենը հանդիպել են: Գուրգենի մոտ, ըստ Հովհաննեսի ցուցմունքի, եղել է արկղ՝ արհեստավորի գործիքներով ու էլեկտրաշոկերով: Նրանց միացել է նաև Յուրի Հ.-ն՝ մեքենայով: Նախ կանգ են առել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ, Յուրի Հ.-ն քարտոֆոնից զանգել է ապագա տուժողի տուն, ռուսերեն խոսել է տանտիրոջ դստեր՝ Նորայի հետ, իմացել է, որ նրա հայրը տանը չէ:

Այնուհետև մեքենայով գնացել են ապագա տուժողի շենքի մոտ, Յուրի Հ.-ն մնացել է մեքենայի մեջ, որ սպասի հանցընկերներին, իսկ Հովհաննեսն ու Գուրգենը, վերջինս՝  դիմակավորված, բարձրացել են տուժողի բնակարան:

Արտերկրից ուղարկված ծանրոց հանձնելու պատրվակով Հովհաննեսը մուտք է գործել բնակարան, Նորա Ա.-ին ուղեկցել է ննջարան: Այդ ընթացքում բնակարան է մտել նաև դիմակավորված Գուրգենը: Վախեցած տուժողից պահանջել են, որ չաղմկի, փակել են բերանը ու պահանջել են հանձնել չհրկիզվող պահարանի բանալիները:

Նորան պատճառաբանել է, թե բանալիներն իր մոտ չեն:

Գուրգենն ու Հովհաննեսը փնտրել են բանալիները, քիչ անց ննջասենյակի զգեստապահարանից  գտել են դրանք, բացել են չհրկիզվող պահարանն ու հափշտակել են այնտեղ եղած 1000  դոլարն ու ոսկե զարդերը: Հետո կպչուն ժապավենով կապել են տուժողի ձեռքերը, բերանը և բնակարանում մոռանալով արհեստավորի գործիքներով ու էլեկտրաշոկերով արկղը՝ հեռացել են:

Հասել են Գայի պողոտա, պատահական տաքսիով ուղևորվել են Զեյթուն: Ճանապարհին բաժանել են ավարը՝ 1000  դոլարը վերցրել է Հովհաննեսը, իսկ ոսկե զարդերը՝ Գուրգենը: Այնուհետև Գուրգենը զանգել է Յուրի Հ.-ին, ասել է, թե իրենց սպասելու անհրաժեշտություն չկա, իրենք արդեն հեռացել են: Յուրին հետաքրքրվել է «արդյունքներով», Գուրգենն ասել է, թե ոչինչ չի ստացվել: Նույն օրը Գուրգեն Բաղդասարյանը Հայաստանից հեռացել է:

Տուժող Նորա Ա.-ն հայտնել է, որ դեպքի օրն իր վեց ամսական երեխայի հետ տանն էր, երբ զանգահարել է մի անծանոթ տղամարդ ու ռուսերեն հարցրել է իր հորը: Ինքն ասել է, թե հայրը տանը չէ, կվերադառնա մեկ ժամից:

15 րոպե անց արկղը ձեռքին իրենց բնակարան է եկել մի տղամարդ՝ արտերկրից ստացված ծանրոց հանձնելու պատրվակով: Հետո ինքն իմացել է, որ դա Հովհաննես Գ.-ն էր: Ինքը գնացել է ննջասենյակ՝ անձնագիրը բերելու: Զգեստապահարանից անձնագիրը հանելու ժամանակ շրջվել ու տեսել է, որ Հովհաննեսի հետ ննջասենյակ է մտել նաև դիմակավոր մի անձ՝ պայուսակը ձեռքին:

Ինքը սկսել է բղավել: Հովհաննեսը ձեռքով փակել է իր բերանը,  պահանջել է ձայն չհանել ու հանձնել սեյֆի բանալիները: Ինքն ասել է, թե բանալիների տեղը չգիտի, դրանք իր հոր մոտ են լինում: Հովհաննեսը զգեստապահարանում փնտրել ու գտել է բանալիները: Դիմակավոր անձը պայուսակից,իր պատկերացմամբ, զենքի նման ինչ-որ առարկա է հանել, այն ուղղել է իր վրա, պահանջել է ձայն չհանել: Այդ ընթացքում Հովհաննեսը բացել է սեյֆը, հափշտակել է այնտեղ եղած հազար դոլարն ու ոսկե զարդերը, որոնց արժեքը կազմում էր 1 միլիոն 610 հազար դրամ:

Նրանք գործողությունների ընթացքում իր վեց ամսական երեխան մյուս սենյակում էր: Երբ երեխան սկսել է լաց լինել, նրան հանգստացնելու համար դիմակավորը՝ Գուրգենը, գնացել, երեխային բերել ու պառկեցրել է մահճակալին՝ իր կողքին: Դրանից հետո նրանք կպչուն ժապավենով կապել են իր ոտքերը, բերանը, գոտիով կապել են ձեռքերն ու հեռացել են…

Ըստ դատական ակտի՝ տուժող Նորա Ա.-ի հայրը տուն է վերադարձել այն ժամանակ, երբ երկու անծանոթ տղաներ  վազելով դուրս էին գալիս մուտքից: Նրա մտքով էլ չի անցել, որ այդ «շտապող» տղաները… հենց նոր մաքրազարդել են իր բնակարանում գտնվող չհրկիզվող պահարանը…

Ամբաստանյալ Գուրգեն Բաղդասարյանն իր վերջին խոսքում նշեց, որ գործի փաստական հանգամանքներն ընդունում է, միևնույն ժամանակ պնդում է՝ իրենց մոտ զենք չի եղել, իրենք զենքով տուժողին չեն սպառնացել…

Ըստ պաշտպանական կողմի դիրքորոշման՝ կատարվածը պետք է որակվեր որպես ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն՝ կողոպուտ:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը մեր զրույցում նշեց, որ այս գործով, իր կարծիքով, տեղի է ունեցել դատական սխալ: Ուժի մեջ մտած դատավճիռ և քրեական վերաքննիչ դատարանի որոշում կա, որոնցով Հովհաննես Գ.-ն ու Յուրի Հ.-ն մեղավոր են ճանաչվել համապատասխանաբար՝ ավազակային հարձակման և ավազակային հարձակմանն օժանդակելու համար: Հիմա էլ ավազակային հարձակում կատարելու համար մեղադրվում է Գուրգեն Բաղդասարյանը: Սակայն իրականում, ըստ պաշտպանի, տեղի է ունեցել կողոպուտ՝ իր պաշտպանյալը զենք չի ունեցել, զենքով տուժողին չի սպառնացել: Սթրեսային վիճակում գտնվող տուժողին թվացել է, թե անծանոթների մոտ զենք կա, սակայն նրանք անզեն են եղել, ոչ մեկին չեն վնասել… Պաշտպանը նշեց, թե ակնկալիքներ ունի, որ դատարանը կվերաորակի արարքը, կուղղի նախորդ դատական ատյանների կողմից թույլ տրված դատական սխալը…

Գործով մեղադրողը Գուրգեն Բաղդասարյանի մեղավորությունը ավազակային հարձակման համար հաստատված էր գնահատել ու իր մեղադրական ճառում միջնորդել էր նրան դատապարտել 9 տարի ազատազրկման:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշ ժամանակ անց հրապարակվեց դատավճիռը:

Գուրգեն Բաղդասարյանը մեղավոր ճանաչվեց ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ,  3-րդ և 4 –րդ կետերով, ու դատապարտվեց  7 տարի ազատազրկման:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնեց, որ բողոքարկելու է դատավճիռը:

1in.am

(Visited 116 times, 1 visits today)