Կառավարության գործելաոճը սկսում է հիշեցնել Նապոլեոն Բոնապարտին

«Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչքան գումար ենք տնտեսում օպտիմալացմամբ, բայց վստահ եմ, որ տնտեսում ենք, որովհետև թե՛ նախարարությունների, թե՛ տարբեր ՊՈԱԿ-ների պարագայում բավականին չակերտավոր աշխատատեղեր կային, որոնք ստեղծվել էին ինչ-որ մի ծանոթ-բարեկամի գործի դասավորելու համար: Դա մեր պետությունը իրեն թույլ տալ չի կարող… Կրճատված անձանց ասելով՝ մի քիչ վատ է հնչում, որովհետև դա չի արվում ինչ-որ մեկին կրճատելու: Պետության ֆունկցիան նոր աշխատատեղեր ստեղծելն է, բայց երբ որ աշխատատեղը ստեղծված է արհեստականորեն, և այդ գործառույթը կարելի է  5 հոգու փոխարեն կատարել 2 կամ 3 հոգով և դրանով գումար տնտեսել և երկրի տնտեսությանը օգուտ տալ, կարծում եմ՝ այդ որոշումը միգուցե դժվար, բայց ճիշտ որոշում է»:

Իշխող «Իմ քայլը» դաշինքի ոչ շարքային ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի խոսքերն են՝ ասված 1-in.am-ի տաղավարում նախարարությունների օպտիմալացման կապակցությամբ:

Եթե առաջնորդող կուսակցության առաջնորդող անդամներից մեկը չգիտի, թե ինչքան գումար է տնտեսվելու օպտիմալացման արդյունքում, տրամաբանական է, որ ոչ ոք չգիտի: Մինչդեռ իշխողներից որևէ մեկի կողմից չի թաքցվում, որ նախարարությունների կյրճատում-օպտիմալացումը մի նպատակ է հետապնդում՝ գումարների խնայում: Ցավալի է, բայց այն, ինչ այսօր ներկայացվում է օպտիմալացում բարձրագոչ արտահայտությամբ, որպես կառավարման բարելավում, աշխատանքի արտադրողականության  բարձրացում, իրականում ընդամենը փող խնայելու նպատակով հաստիքների, ամբողջ վարչությունների ու նախարարությունների փակում է ու ոչ ավելին: Ցանկացած գերատեսչություն, ցանկացած մարմին ստեղծվում է որոշակի տրամաբանությամբ, հետապնդում է որոշակի հստակ նպատակներ ու գործում է որոշակի փիլիսոփայության շրջանակներում, որ այս պարագայում ընդհանրապես անտեսվում է:

Համաձայն կառավարության հետագա գործունեության  բարեփոխման կամ նախարարությունների  օպտիմալացման՝   գյուղատնտեսության նախարարությունը միանում է տնտեսական զարգացման նախարարությանը և  որպես այդպիսին դադարում է գոյություն ունենալուց: Այն ոլորտը կոորդիանացնող նախարարությունը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության հետ նույն այս կառավարության կողմից հայտարարվել է  ռազմավարական առաջնահերթություն, դադարելու է գոյություն ունենալ, որովհետև… Փող է պետք:

Որ այս նախարարությունը վաղուց չէր ներկայացնում գյուղատնտեսության շահերը՝ միանշանակ է: Դրա համար էլ ցեցը կերավ Հայաստանի ամբողջ պոմիդորը: Դրա համար էլ ոլորտում անկումը հասավ 32%-ի, դրա համար էլ… Բայց կառավարության այս «բարեփոխումը» առաջարկում է գլխացավը բուժելու փոխարեն գլուխը կտրել, որը բոլորովին էլ հարցի լուծման ամենաարդյունավետ տարբերակը չէ: Հատկապես, որ տնտեսության զարգացման առումով հանրապետությունում ամենափորձառու ու թերևս այս ոլորտում ամենամեծ ներդրումն ունեցող մարդը՝ նախարար Կարեն Ճշմարիտյանը, շտապել է  զգուշացնել, որ այն, ինչ արվում է, առնվազն դիլետանտիզմ է:  «Հայաստանում չէր կարող և տեսանելի ապագայում չի կարող լինել տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն: Նշված դիրքորոշումը բազմաթիվ ու բազմատեսակ մասնագիտական հիմնավորումներ ունի՝ գյուղատնտեսության ոլորտի տարածաշրջանային մրցունակության ապահովմանն անհրաժեշտ առանձնահատկություններից սկսած մինչև սոցիալական ու տարաբնակեցման քաղաքականություն: Դրանց կարելի է ավելացնել նաև միավորվող կառույցների ճյուղային ու ֆունկցիոնալ ուղղվածությունների խիստ տարբերակվածությունը»:

Դա այդպես է, որովհետև «չգործող այս մեխանիզմների կարգի բերման» գործընթացներին բացարձակապես անմասն են գյուղնախարարության ու տնտեսական զարգացման նախարարության պաշտոնյաները:  Սրանք բոլորովին տեղյակ չեն, թե ինչ է կատարվում իրենց կառավարած մարմինների  ձևափոխում-«բարեփոխումների» առումով: Ի վերջո, եթե, ինչպես ներկայացվում է, բազում աշխատատեղեր ստեղծվել են այսուայն ծանոթներին աշխատանքով ապահովելու համար, ապա նախարարության համապատասխան պաշտոնյաներն են, որ ամենից լավ գիտեն, թե որ վարչությունն ու բաժիններն են  տվյալ նախարարության կույրաղիքները, ու որոնք են, որ պետք է հնարավորինս արագ հզորացվեն: Գիտության, կրթության ոլորտի ճանաչված  մասնագետներն էլ հրապարակավ ձայն են բարձրացնում՝ հասկանալու, հավաստիանալու, երաշխիք ստանալու համար, որ իրենց նախարարության՝ մյուսների հետ միավորումից հետո կրթության որակն էլ ավելի չի գահավիժի:

Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից առաջին ծրագիրը ներկայացնելուց հետո Հայաստանի տնտեսագետների թիմը փնտրում էր, թե ովքեր են այդ տնտեսական ծրագրի հեղինակները: Այդպես էլ ոչ ոք հրապարակավ չստանձնեց դրա հեղինակային իրավունքը: Հիմա սկսվել է փնտրտուք, թե ովքեր են այդ միստր X  բարեփոխիչները, որ փորձում են Նիկոլ Փաշինյանի նման թափանցիկ ու հրապարակային գործելաոճին կողմնակից գործչի թիկունքում մի քանի դրամ խնայելու համար  անհավասար պայմաններ ստեղծել Հայաստանի հպարտ քաղաքացիների համար:  Նույն ծանոթ-բարեկամների սկզբունքով մարզպետարաններում, թաղապետարաններում,  քաղաքապետարան-գյուղապետարաններում հայտնվածները մնում են, որոնց աշխատավարձը, ինչպես կասեր պրն Ալեն Սիմոնյանը, ես եմ վճարում՝ որպես բարեխիղճ հարկատու, իմ գրպանից, մինչդեռ  գյուղատնտեսության, սփյուռքի, սպորտի և երիտասարդության նախարարությունների ծանոթ-բարեկամով  ընդունվածներն ու պրոֆեսիոնալները, որ պետք է ծրագրեր մշակեին նոր Հայաստանի  պարենային, մշակութային, հետևաբար և ընդհանրապես երկրի անվտանգության ապահովման համար,  լուծարվում են: Հավանաբար՝ հանուն Հայաստանի հպարտ քաղաքացու:

Ցավոք, եթե նրանք այդպես էլ անտեղյակ են մնում, թե  իրենց օպտիմալացումից պետությունը որքան գումար է խնայում, ցանկալի է, որ գոնե կառավարությունը նման օպտիմալացումից առաջ հաշվարկի իր ու իր քաղաքացիների համար ճշտի արվելիք քայլի իրական արժեքը:  Այլապես կառավարության գործելաոճը սկսում է հիշեցնել  Նապոլեոն Բոնապարտին, որ, կռվի դաշտ մտնելուց առաջ չունենալով  ոչ մի տակտիկական մշակում, ասում էր՝ մտնենք կռվի դաշտ, հետո կտեսնենք: Նա «տեսնում էր», իսկ թե ինչ կտեսնենք մենք՝ դեռ կտեսնենք:

Լուսանկարը՝ Photolure-ի

1in.am

(Visited 75 times, 1 visits today)