Ադամանդների բիզնեսի արքան՝ արտաքին գործերի փոխնախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ավետ Ադոնցի նշանակումը ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնում համարվում է խայտառակություն։ Ավետ Ադոնցը դիվանագիտական կարիերան սկսել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, մշտապես համարվել է նրա հավատարիմ շրջանակի ներկայացուցիչ, անցած տարիներին մի քանի անգամ հայտնվել է տարբեր սկանդալների կենտրոնում։

Նա ավելի վաղ դեսպան էր Բելգիայում՝ 2009 թվականից, իսկ մինչ այդ այն ժամանակ նորաստեղծ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ամենապասիվ անդամներից էր։ Դեսպան նշանակվելուց հետո նրա անդամությունն այդ կուսակցությանը սառեցվեց:

Բելգիայում դեսպանությունից հետո և մինչև վերջերս Ադոնցը Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:

Դեռևս սյդ տարիներին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ Ադոնցը իր բուն գործառույթներից բացի՝ այդ երկրներում զբաղվել է ինչով ցանկացել է։ Մասնավորապես, առաջ է տարել իր բիզնես շահերը։ Օրինակ՝ նման մի հրապարակումից իմանում ենք, որ նա ՀՀ նախկին վարչապետներից մեկի հետ համատեղ ադամանդի բիզնեսով է զբաղված է եղել։ Ըստ այդ հրապարակման՝ Ավետ Ադոնցի կինը՝ Լիլիթը, ևս ներգրավված է եղել այդ բիզնեսում՝ Բելգիայում կանոնավոր մասնակցելով 50 հազար եվրոյից բարձր արժեքով ադամանդե քարերի աճուրդներին:

Բանը հասավ նույնիսկ սկանդալի։

Դեռևս Բելգիայում ՀՀ դեսպան աշխատելու տարիներին, երբ արդեն խոսվում էր նրան Իսպանիայում դեսպան նշանակելու մասին, մամուլը գրեց, որ Ադոնցով հետաքրքրված էր Բելգիայի հատուկ ծառայությունները, քանի որ նա իր կնոջ հետ տարեկան մի քանի տասնյակ «Rolexs» թանկարժեք ժամացույցներ ու 30-50 հազար եվրոյանոց ադամանդյա քարեր է գնել և անարգել տեղափոխել Հայաստան: Ըստ այդ հրապարակման՝ Բելգիայի հատուկ ծառայություններից դեռևս այդ ժամանակ հարցում են ուղարկել Հայաստանի ԱԳՆ և ԱԱԾ՝ խնդրելով պարզել, թե ինչպես է հնարավոր պետական աշխատավարձով տարեկան մի քանի տասնյակ «Rolexs»-ներ և 30-50 հազար եվրոյանոց ադամանդյա քարեր գնել և անարգել տանել Հայաստան: Բայց հետագայում սա արգելք չէր հանդիսացել, որ նա նշանակվի Իսպանիայում ՀՀ դեսպան և արդեն Իսպանիայում ծաղկեցնի իր բիզնեսները։

Նշենք, որ Ավետ Ադոնցը խնամիական կապերի մեջ է ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանի և բելգիահայ ադամանդագործ Շահե Արսլանյանի հետ։

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, որը նախորդ իշխանության ժամանակ տարիներ շարունակ քննադատել է դեսպանների նշանակման, նրանց աշխատանքի արդյունավետության հարցը, այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ավետ Ադոնցը բացառիկ պրոֆեսիոնալ դիվանագետներից մեկն է, երկար տարիներ աշխատած, որն իր կարիերան սկսել է իր փոխնախարար աշխատած տարիներից։ Սկսել է աշխատել որպես երիտասարդ դիվանագետ, խոստումնալից է եղել։

Մեր դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞վ են բացատրվում նրա անվան հետ կապվող սկանդալնրը, բիզնեսները, և ո՞րն է եղել նրա՝ այս տարիների աշխատանքի արդյունավետության ապացույցը, Նավասարդյանը պատասխանեց. «Այ դա չեմ կարող ասել։ Ես երկար տարիներ արտգործնախարարությունում չեմ, իսկ բիզնեսը և այլն… դա արդեն ուրիշ խնդիր է»։

Քաղաքագետ Արմեն Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Ադոնցի նշանակմանը՝ նկատեց, որ մամուլի հրապարակումները Ադոնցի նշանակման հետ կապված, իհարկե, մտահոգիչ են, սակայն դրանք չեն կարող հիմք հանդիսանալ նրան այս կամ այն պաշտոնի չնշանակելու հարցում։ Այդ հրապարակումները կարող են հետևանք ունենալ, եթե հետաքննություն իրականացվի, և այդ լուրերը հիմնավորվեն։ «Եթե հաստատվի, որ Ադոնցը նման կերպար է, ապա նշանակումը, միանշանակ, ճիշտ չէ, և դրա մասին պետք է տեղյակ պահել վարչապետին և համապատասխան իրավապահ մարմիններին, բայց քանի դեռ այդ լուրերը չեն հաստատվել, դրանք չեն կարող հիմք լինել նշանակման համար»,- ասաց Բադալյանը։

Նրա խոսքով՝ դիվանագետների մասով կադրային սով չկա, սակայն ճիշտ չէ աշխատանքից ազատել փորձառու դիվանագետներին՝ նրանց փոխարինելով անփորձ երիտասարդնեով: «Պետական ապարատի 90 տոկոսը նախկինում աշխատել է նախորդ իշխանությունների ժամանակ։ Դա չի նշանակում, որ նրանք փորձառու չեն։ Դա կլինի սխալ մոտեցում»,- ասաց քաղաքագետը։

(Visited 200 times, 1 visits today)