Խորհուրդ իշխանությանը․ օր առաջ ազատվել նման դատավորներից, ովքեր չեն կարող իրենց միջի ստրուկին սպանել

Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար Դունյա Միյատովիչը օրերս հրապարակել է 2018-ի սեպտեմբերին Հայաստան կատարած իր այցի մասին զեկույցը։ Զեկույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է 2008-ի մարտի մեկի գործի քննությանը։ Նա ողջունել է այն քայլերը, որոնք իրականացվել են ճշմարտությունը վերջապես հաստատելու և 2008թ․ մարտ ամսին տեղի ունեցած բռնի գործողությունների ժամանակ զոհերի համար պատասխանատուներին դատական կարգով հետապնդելու ուղղությամբ։ Միյատովիչի դիտարկմամբ՝ կարևոր է այս գործընթացն իրականացնել զգուշորեն և խստագույնս հավատարիմ մնալով իրավունքի գերակայության, դատական անկախության, թափանցիկության և արդար դատաքննության երաշխավորման սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության որևէ մեղադրանք: Հայաստանում տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը նշանակալի իրադարձություն է համարում, սակայն շեշտում է, որ հասարակության ակնկալիքները բարձր են, և կառավարությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի խոցելի անձանց վաղուց մոռացված իրավունքների պաշտպանության վրա: Դունյա Միյատովիչն այս մասին ասել է՝ ամփոփելով սեպտեմբերի 15-20-ը Հայաստան կատարած այցի արդյունքները:

Դունյա Միյատովիչի զեկույցին անդրադարձել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով. «Սա ԵԽ-ի կողմից նույն բառապաշարով 2-րդ ազդակն էր, որ ունենք լուրջ խնդիրներ մարդու իրավունքների ոլորտում։ «Քաղաքական վրեժխնդրության մեղադրանքից խուսափեք» նշանակում է՝ աշխատեք չունենալ բանտարկյալ, որը համարվելու է քաղաքական, և որն ի հայտ է գալու ընտրովի արդարադատության արդյունքում։ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի զեկույցից հետո սա մեկ ամսվա ընթացքում Եվրոպայի խորհրդի կողմից նույն բառապաշարով փաստացի երկրորդ ազդակն էր, որ մենք ունենք լուրջ խնդիրներ»։

http://asekose.am/upload/news/admin/2018/11/5bf854c612160_medium.jpg

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով զեկույցին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Դունյա Միյատովիչը որևէ նոր բան չի ասել, արդարադատության համակարգում երբևէ չպետք է դրված լինի վենդետա, վրեժխնդրություն։ «Ես ուզում եմ հավատալ, որ որևէ գործով, լինի դա մարտի մեկի գործը կամ որևէ այլ գործ, Հայաստանի արդարադատության համակարգը չի առաջնորդվելու ընտրովի արդարադատությամբ, չի առաջնորդվելու վենդետաներով և չի առաջնորդվելու վրեժխնդրությամբ։ Ուզում եմ հավատալ, որ նոր Հայաստանում այլևս փակված է քաղաքական հաշվեհարդարների, քաղաքական վենդետաների էջը, և մենք գործ ենք ունենալու բացառապես օրենքի տառի հետ։ Սա իմ ցանկությունն է և իմ համոզմունքն է»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ արդյոք վերջին ամիսներին պատգամավորն առնչվել է գործերի հետ, մասնավորապես Մարտի մեկի գործի հետ և մի՞թե քաղաքական վրեժխնդրության բաղադրիչ կա դրանում, պատգամավորը պատասխանեց, որ շատ հանգամանալից չի հասցրել հետևել Մարտի մեկի գործի ողջ ընթացքին, փաստաբանների հայտարարություններին, բայց նշեց, որ փողոցի արդարադատությունը չի դառնա գործիք նոր Հայաստանում։

«Քաղաքական վենդետաների, քաղաքական հաշվեհարդարների էջը փակված է, այլ խնդիր է, որ ես չեմ հավատում, որ մեր դատական համակարգը պատրաստ է ազատվելու իր միջի գրաքննիչից, և ես գրեթե վստահ եմ, որ նրանցից շատերը շարունակում են տերեր փնտրել իշխանական համակարգում, որպեսզի իրենց դատական որոշումները հարմարեցնեն իշխանության քիմքին։ Խորհուրդ կտամ իշխանությանը օր առաջ ազատվել նման դատավորներից, ովքեր չեն կարող իրենց միջի ստրուկին սպանել։ 20 և ավելի տարիներ այդ մարդիկ ապրել են իրենց միջի ստրուկի հետ ներդաշնակ՝ անընդհատ նայելով կառավարական հեռախոսին և սպասելով այնտեղից եկող զանգին։ Նրանց գերակշռող մեծամասնությանը պետք է փոխել, այլապես մենք անընդհատ ունենալու ենք խնդիրներ և կասկածներ դատական այս կամ այն որոշման անաչառության հետ կապված»,- հավելեց նա։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Դունյա Միյատովիչի դիտարկմանը, նշեց, որ վրեժխնդրության մասին խոսք կարող էր գնալ այն դեպքում, երբ չլիներ օբյեկտիվ քննություն, երբ ոչ թե իրավապահ մարմինները գործեն, ոչ թե դատարանը, քննչական մարմինները գործեն, այլ լինեն ապօրինի գործողություններ՝ ուղղված անձի դեմ։

«Այստեղ հարցերը ուղղված են նախաքննության, քննչական և իրավապահ մարմինների օբյեկտիվ քննության հարցերին, որոնց ապահովման դեպքում վրեժխնդրության մասին ուղղակի որևէ խոսք լինել չի կարող։ Եվ երբ չլինի, նոր կարելի է խոսել, որ կա քաղաքական պահանջ։ Խնդիրն ավելի շատ վերաբերում է քրեական գործերի օբյեկտիվության, բազմակողմանիության, ապացույցների օրինականության հիմնավորվածության հետ կապված հարցերին։ Սպասենք, բայց ես մինչև այս պահը նման մտահոգության և նման գնահատականի հիմք չեմ տեսնում»,- ասաց իրավապաշտպանը։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ Եվրոպացի գործընկերների մոտ այսպիսի կարծիք ձևավորելու համար միանշանակ հիմք են նախապատրաստել նախկին իշխանությունները՝ եվրոպական հարթակներից բարձրաձայնելով այդ մասին։ Արթուր Սաքունցի խոսքերով՝ նրանք նախկինում իրենց տեղեկատվական հնարավորություններն օգտագործում էին Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի խայտառակ պատկերի կոծկման նպատակով, հիմա էլ օգտագործում են իրենց աղբյուրները հակառակ պատկերը ներկայացնելու նպատակով։

«Կարող եմ արձանագրել, որ այն նախազգուշացումները, որոնք տրված են, ավելի շատ ուղղված են իշխանության պատասխանատվության մակարդակի բարձրացմանը որևէ սխալ կամ թերություն թույլ չտալու տեսանկյունից, որպեսզի կասկածի տակ չդրվի քրեական այդ գործերի քննության օբյեկտիվության հարցը»,- ասաց Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ հիմա հաստատ այդ զեկույցներում չի խոսվում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին, ինչը կար նախորդ զեկույցներում։

(Visited 64 times, 1 visits today)