30 տարի ինձ չեն կարողացել լռեցնել, այժմ էլ չեմ լռելու. հրապարակվել է ՔՀԿ-ում մահացած Մհեր Եղիազարյանի վերջին նամակը

Haynews.am կայքը ներկայացրել է 2018-ի դեկտեմբերի 4-ից կալանավորված ու հացադուլ հայտարարած եւ օրեր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանի վերջին նամակը, որը նա գրել է կալանավորումից մի քանի օր առաջ (դեկտեմբերի 1-ին) եւ հանձնարարել է հրապարակել, երբ ինքն ասի:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի հայրենակիցներ

Դեռեւս 2018թ.-ի հուլիսին ինձ նախազգուշացրեցին, որ երկրիս ԱԱԾ-ն գաղտնալսում է իմ հեռախոսահամարները: Բնականաբար ահազանգն ընդունեցի, բայց շարունակեցի իմ սովորության համաձայն խոսել, ինչպես խոսել եմ այս վերջին 28 տարիներին, բաց, ազատ արտահայտվել, միշտ ասել այն, ինչ անում եմ, քանի որ գաղտնի գործողություններից միշտ եղել եմ հեռու…
Այդ ամիսների ընթացքում, իմ բնավորության համաձայն, փորձել եմ ընդառաջել բոլոր նրանց, ովքեր դիմել են ինձ, երբեք ուշադրություն չեմ դարձրել որոշ ստահակների, որոնք կարող են իմ օգնությունը վերածել այլ բանի: Աստված նրանց հետ…
Այդպես ապրել եւ օգնել եմ: 2016թ.-ի հոկտեմբերին ձեռք բերեցի HayNews.am կայքը, իմ մտահղացումներով ստեղծեցի լրատվական կայք, որտեղ անդրադառնում էի երկրի օրվա անցուդարձին, առանց բացառությունների՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, մարզական, բնապահպանական եւ համայնքային խնդիրները համարելով գլխավոր: Ամիսներ շարունակ փորձ արվեց կայքի թիկունքում տեսնել իմ շրջապատի «որոշ» մարդկանց, սակայն ապարդյուն, քանի որ որեւէ մեկը չկար: Ես, իմ ընկեր բարեկամներով, այն էլ հիմնականում հասարակական հիմունքներով, իմ գաղափարները կյանքի կոչեցի, աշխատացնելով լրատվական կայքը: Տարիներ շարունակ կայքի պահպանման համար միշտ էլ իմ շրջապատից պարտքով գումարներ եմ վերցրել, հետագայում վերադարձրել, որոշներինը եղել է վերադարձման փուլում:
Այս ամենով հանդերձ, արդեն մի քանի օր շարունակ երկրի ԱԱԾ հերթով իր մոտ է կանչում այն մարդկանց, որոնց հետ խոսել եմ կամ հաղորդակցվել՝ SMS-ներով: Չգիտեմ, թե ի՞նչ են փնտրում, ի՞նչ են ուզում անել՝ ինձանից նոր «հանցագործ» կերտելով, ինչպես դա արել էին տարիներ առաջ, ընդ որում, այդ դատավճիռը արդեն ՄԻԵԴ-ի ճանապարհին է:
30 տարի ինձ չեն կարողացել լռեցնել, այժմ էլ չեմ լռելու, պետությունից մեկ լումա չեմ գողացել, հայրենիքս սիրել եմ շատ ավելի, քան ինձանից «հանցագործ» կերտողները՝ օրվա իշխանությունները: Մինչեւ ապրիլյան իրադարձությունները եւ դրանից հետո, վերջին ամիսներին ամբողջ գործընթացների վերաբերյալ ունեմ իմ հստակ պատկերացումները եւ այն միշտ ասել եմ: Առայժմ ամբողջական պատկերացում չունեմ, թե այս ամենը իմ անձի շուրջ հանուն կամ ընդդեմ ինչի կամ ում համար է արվում, բայց վստահ եմ, որ ազնիվ ու արդար չէ այն ճանապարհը, որ ընտրվել է եւ այն գործելաոճը, որն իրականացվում է իմ անձի նկատմամբ: Արդարանալու կամ այլ նպատակ չունեմ, այն, ինչ որ կներկայացվի իմ անձի մասին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. որեւէ աղերս չունի իրականության հետ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հունվարի 26-ին, առավոտյան մահացել է 44 օր հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Երամիշի Եղիազարյանը: ՔԿ-ից հայտնել են, որ ըստ փորձաքննության արդյունքների նա մահացել է ինֆարկտից: Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտվել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք:
Մասնավորապես` պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/02/01/1116405/

(Visited 135 times, 1 visits today)