Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է հեղափոխությունը

«Հայաստանը հայտնի փոփոխություններից հետո քաղաքակիրթ աշխարհի համար դարձել է առավել լսելի: Սա իսկապես իրողություն է. ինձ համար երբեմն մի փոքր անհարմար իրավիճակ է առաջանում, երբ աշխարհի տարբեր հզոր քաղաքակիրթ երկրների ներկայացուցիչները մեզ հետ քննարկումների և շփումների ընթացքում ուղիղ ասում են, որ մենք ձեզանից շատ բան ունենք սովորելու… Այսօր քաղաքական փոփոխությունները և ընդհանրապես հանրային կյանքը բռնությունից զերծ պահելն ամենամեծ մարտահրավերներից մեկն է, որ գոյություն ունի աշխարհում, և այսօր աշխարհն ընդունում է, որ մենք այդ ոլորտում հասել ենք մեծ հաջողությունների»:

«Ազատության, արդարության և համերաշխության սկզբունքներն են ընկած Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի գործունեության հիմքում, և ես պատիվ ունեմ խոսելու այստեղ՝ դիտարկելով այն որպես խորհրդանշական և կարևոր իրադարձություն:

Խորհրդանշական, քանի որ ինչպես և յոթ տասնամյակ առաջ՝ Գերմանիան, այսօրվա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում: Նաև խորհրդանշական, քանի որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության գաղափարախոսությունը համահունչ է Հիմնադրամի գաղափարներին և սկզբունքներին: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցան պատմական փոփոխություններ: Մենք վերականգնեցինք ժողովրդավարությունը, որը չարաշահվել և խեղաթյուրվել էր այն ժամանակներից ի վեր, երբ մենք ընդվզեցինք կոմունիստական ռեժիմի դեմ: Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլևս վտանգված չէ»,- սրանք հատվածներ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում այդ երկրի տարբեր հաստատություններում ունեցած ելույթներից։

Առանձին վերցրած՝ որպես ելույթներ, իհարկե, Նիկոլ Փաշինյանի խոսքերը գեղեցիկ են հնչում։ Թեև առնվազն տարակուսելի է, երբ նա հետպատերազմական, հետֆաշիստական Գերմանիան համեմատում է հետհեղափոխական Հայաստանի հետ (իմա՝ Հայաստանում հեղափոխությունից առաջ իշխում էր ֆաշիստականին հավասար ռեժիմ)։ Բայց այս հայտարարությունները, լինելով գեղեցիկ ու հնչեղ ձևակերպումների մեջ, տկար են ու խոցելի քաղաքական իրողությունների համատեքստում, այն իրողությունների համատեքստում, որում ապրում է Հայաստանն այսօր և, ըստ ամենայնի, ապրելու է դեռևս երկար։ Իսկ այդ իրողությունների՝ Նիկոլ Փաշինյանի իրականացրած ներքին ու արտաքին քաղաքականությունների և եվրոպական ամբիոններից ունեցած ելույթների միջև կա էական տարբերություն կամ խզում։

2018 թվականին, այո, Հայաստանում տեղի է ունեցել պատմական իրադարձություն, Նիկոլ Փաշինյանին հաջողվել է իշխանությունից հեռացնել ավելի քան քսան տարվա արատավոր ռեժիմը։ Բայց որպեսզի այդ հեղափոխությունը լիներ անշրջելի ու անդառնալի, որպեսզի այն իշխանափոխությունից վերածվեր իրապես հեղափոխության, անհրաժեշտ էր, որ այն խարսխվեր իրական ժողովրդավարական արժեքների ու սկզբունքների վրա՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ասպարեզում։ Բայց մենք տեսնում ենք հակառակ պատկերը և՛ ներքին քաղաքականության որոշակի դրսևորումներում ու հանգրվաններում, և՛, առավել ևս, արտաքին քաղաքականության ասպարեզում։

Ժողովրդավարական արժեքներից նահանջի ամենավառ վկայություններից մեկը ներքին կյանքում այն է, որ Նիկոլ Փաշինյանը կտրականապես հրաժարվում է Ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը տալ նախարարության կարգավիճակ՝ հաշվետու դարձնելով խորհրդարանի առաջ։ Նիկոլ Փաշինյանը բերում է զանազան ու զարմանազան հիմնավորումներ, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում. նա իր հենարան է համարում ուժային կառույցները և, ինչպես «ֆաշիստական Հայաստանի» ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ցանկանում է տոտալ վերահսկողություն ունենալ նրանց նկատմամբ։ Իշխող թիմը խիստ անհանդուրժող է իշխանությանն ուղղված ցանկացած քննադատության նկատմամբ, առավել ևս՝ անհանդուրժող է ընդդիմության ինստիտուցիոնալիզացիայի ցանկացած դրսևորման նկատմամբ։ Կան բազմաթիվ այլ օրինակներ, որոնք խոսում են ներքաղաքական տիրույթում իշխանության՝ ժողովրդավարության, իմա՝ հեղափոխության արժեքներից  հեռանալու մասին։

Սակայն շատ ավելի ցցուն է արտաքին քաղաքականությունը։ Եթե հեղափոխությունն իսկապես հիմնված է ազատության և արդարության սկզբունքների վրա, ինչպես հայտարարվում է, ապա հեղափոխված երկիրը ժամ առաջ պետք է դառնա քաղաքակիրթ աշխարհի, քաղաքակիրթ պետությունների ընտանիքի լիիրավ անդամ, ոչ թե ասոցացված  համաձայնագրի, այլ լիիրավ ու անբեկանելի անդամ։ Մինչդեռ մենք հեղափոխության հաղթանակի հաջորդ իսկ օրվանից տեսնում ենք, թե ինչպես է իշխանությունը ոստոստուն քայլերով մխրճվում ԵԱՏՄ կոչվող հետադիմական ակումբում՝ զուգահեռաբար ամեն առիթով իր հավատարմությունը հայտնելով Ռուսաստանին։ Այն Ռուսաստանին, որտեղ ազատությունը, մարդու իրավունքները և մնացած ժողովրդավարական արժեքները համարում են «քայքայիչ ազդեցության գործիքներ», այն Ռուսաստանին, որի ղեկավարը ԽՍՀՄ փլուզումը համարում է անցած դարի մեծագույն աղետներից մեկը։

Ժողովրդավարական արժեքների վրա հեղափոխություն իրականացրած Հայաստանը մեկ րոպե անգամ չպետք է մնար Ռուսաստանի առաջնորդությամբ գործող այդ բռնատիրական որջում, բայց Նիկոլ Փաշինյանն ընդամենը մեկ շաբաթ առաջ Մոսկվայում հաճույքով ստանձնեց ԵԱՏՄ ղեկավար մարմիններում Հայաստանի նախագահությունը։ Ավելի մեծ հարված թավշյա հեղափոխությանը, քան Հայաստանի մխրճումը ռուսական ավանտյուրիզմի այդ ակումբ, դժվար է պատկերացնել։

Եվ ուրեմն ԵԱՏՄ-ում նախագահող երկիրը, եթե ազնիվ լինենք, անելիք չունի քաղաքակիրթ պետությունների ընտանիքում։ Ինչպես որ քաղաքակիրթ պետությունների ու ազգերի ընտանիքի անդամ երկիրը տեղ չունի ԵԱՏՄ-ում։ Դա ընտրության հարց է։ Դա ընտրություն է, որը կատարել է Հայաստանի նախկին իշխանությունը՝ 2013 թվականին հրաժարվելով ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և դառնալով Մաքսային միության անդամ։

Նիկոլ Փաշինյանը առանց ավելորդ բարդույթների շարունակում է իրացնել Սերժ Սարգսյանի կատարած ընտրության վրա խարսխված արտաքին քաղաքականությունը, որի դեմ, ի դեպ, ելույթ էր ունենում Ազգային ժողովում ընդամենը մեկուկես տարի առաջ։ Նույնքան հնչեղ ու խրոխտ, որքան այս օրերին՝ Գերմանիայի տարբեր քաղաքներում։

1in.am

(Visited 230 times, 1 visits today)