Չի կարող խաղաղության համաձայնագիր լինել միայն երկու առաջնորդների միջև․ Վիգեն Չետերյան

Շատ ենք գրել այն մասին, որ «թավշյա հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մայիսին վարչապետ ընտրվելուց հետո հայտարարել էր, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք՝ եռակողմ ձևաչափը պիտի վերականգնվի, և Արցախի անունից Ադրբեջանի հետ պիտի ուղղակիորեն բանակցեն Արցախի իշխանությունները։ Իսկ ինքը բանակցություններում կարող է ներկայացնել միայն Հայաստանի Հանրապետությունը։ 2018 թ․ մայիսի 9-ին Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ «բանակցային այս ձևաչափով հնարավոր չէ առաջ ընթանալ, և հակամարտության երրորդ կողմը՝ Արցախը, պետք է լիարժեք մասնակցություն ունենա բանակցություններին»։ Հետագա ամիսներին, սակայն, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սկսեց հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, իսկ ավելի ուշ վարչապետ Փաշինյանը մի քանի «ոչ պաշտոնական» հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, Արցախի մասնակցության հարցը, կարծես, մոռացության մատնվեց։

Օրինակ` վերջին մեկուկես ամսվա ընթացքում երկու հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, հետո Դավոսում «ոչ պաշտոնական» զրույց-քննարկում են ունեցել Փաշինյանն ու Ալիևը և բոլորը՝ հին ձևաչափով։ Եվ սա լուրջ մտահոգություններ առաջացրեց հայ հանրության, լրագրողական համայնքի շրջանում, որ հնարավոր է՝ պաշտոնական Երևանը հրաժարվել է վարչապետ Փաշինյանի սահմանած սկզբունքային դիրքորոշումից։ Նախորդ շաբաթ, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում տված մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է այս հարցի մասին՝ ասելով, որ ինքը չի կարող բանակցային գործընթացում ներկայացնել Արցախի Հանրապետությունը՝ մի պարզ պատճառով՝ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի համապետական ընտրություններին և չեն ընտրել իրեն որպես վարչապետ, այլ ընտրում են իրենց նախագահին և ձևավորում են իշխանության իրենց մարմինները։ Այդ պատճառով ինքը բանակցություններում կարող է ներկայացնել միայն Հայաստանի Հանրապետությունը։

Հետո խոսեց նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցությունը բանակցային պրոցեսին «պրակտիկ հարց է» հայկական կողմի համար և իրենք շարունակաբար այս հարցը բարձրացնում են, բայց ամբողջ հարցն այն է, որ վերջին 20 տարիներին ձևավորված բանակցային ձևաչափը փոխելը շատ դժվար է։

Բոլոր դեպքերում, եթե Արցախի անունից, ինչպես Փաշինյանն է ասում, Բաքվի հետ պիտի բանակցի, երկխոսի արցախցիների կողմից ընտրված ղեկավարությունը, ապա ինչի՞ մասին են ընդհանրապես Հայաստանը ներկայացնող դիվանագետները հին ձևաչափով անցկացվող հանդիպումների ընթացքում խոսում ադրբեջանական կողմի հետ, ինչպե՞ս են բանակցում Արցախի հարցի շուրջ՝ առանց Արցախը ներկայացնելու։ Ինչպես տեսանք վերևում՝ Փաշինյանն ի սկզբանե հայտարարել էր, թե բանակցային այս ձևաչափով հնարավոր չէ առաջ ընթանալ, բայց փաստն այն է, որ շուրջ 6-7 ամիս բանակցությունները առնվազն արտգործնախարարների մակարդակով ընթանում են առանց արցախյան կողմի, ու պարզ չէ, թե եռակողմ ձևաչափը ե՞րբ կվերականգնվի կամ կվերականգնվի՞ ընդհանրապես, թե՞ ոչ։ Երբ արտգործնախարարին են հարցնում, թե որքանո՞վ է հավանական Արցախի վերադարձը բանակցություններին, նա բավականին անհասկանալի պատասխան է տալիս, թե հարցը դրա հավանական կամ անհավանական լինելը չէ, այլ այն, որ «մեզ համար սա պրակտիկ հարց է, բանակցությունների արդյունավետության հարց է»։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանը։

– Պարոն Չետերյան, Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է ավելի քան չորս ժամ բանակցել ղարաբաղյան հարցի լուրջ և հանդես չգալ Լեռնային Ղարաբաղի անունից, առավել ևս հանձնառություն ստանձնել՝ մեր ժողովրդին «նախապատրաստելու խաղաղության»։

– Դուք արդեն տվեցիք հարցի պատասխանը։ Գիտեք, տարբերություն կա հայտարարությունների և իրական քաղաքականության միջև։ Փաշինյանը հայտարարում էր, որ հին ձևաչափով հնարավոր չէ առաջ գնալ, և նա պատրաստ էր սեղանը շուռ տալ, Արցախին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և նոր բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ։ Բայց այդ բոլորը հնարավոր չէ։ Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ արդեն շուրջ 28 տարվա պատմություն ունեն։ Այնպես որ դուք արդեն պատասխանեցիք ձեր հարցին։ Դա ցույց է տալիս, որ հեղափոխություն չի լինելու Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, և պիտի ակնկալենք, որ նույն հարաբերությունները կշարունակվեն։

– Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, որը Մամեդյարովի հետ վերջին հանդիպմանը համաձայնություն էր տվել այն բանաձևին, որ պետք է «կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ժողովուրդներին նախապատրաստելու խաղաղության», հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ վերջին հանդիպմանն էլ հայտարարել է, թե «խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»։ Նախ, ի՞նչ բանաձև է սա՝ Ձեր կարծիքով, ինչպե՞ս են «նախապատրաստելու» իրենց ժողովուրդներին խաղաղության, և ինչպե՞ս կարելի է դա անել, եթե չկա վստահություն կողմերի միջև, և մենք չգիտենք՝ Ադրբեջանը հրաժարվելո՞ւ է իր հայատյաց քաղաքականությունից և իսկապես քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ։ Զոհրաբ Մնացականյանի խոսքերից այն տպավորությունն է, որ Ադրբեջանը մեզ խաղաղություն է առաջարկում, մենք հրաժարվում ենք, դրա համար էլ բացատրում է, որ «խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»։

– Կարծում եմ՝ իրենք կողմերը պիտի պատասխանեն այդ հարցին, թե ինչպես են պատկերացնում այս ընթացքը։ Բայց ես կարող եմ ենթադրել, որ երկու կողմերը՝ ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը, պայմանավորվել են պոզիտիվ քայլեր ձեռնարկել, որպեսզի այս լարված իրավիճակը թուլացվի։ Ընդհանրապես Իլհամ Ալիևի՝ իշխանության գալուց ի վեր Երևան-Բաքու հարաբերությունները շատ լարված են եղել։ Եթե նայենք հետպատերազմյան շրջանի պատմությանը՝ 1994-ից մինչև 2003 թ․ ընկած ժամանակահատվածին՝ Հեյդար Ալիևի օրոք, երբ նա բանակցությունների շարք սկսեց Ռոբերտ Քոչարյանի հետ, այն ժամանակ հարաբերությունները և պաշտոնական ուղերձները հանրային կարծիքի ուղղությամբ շատ տարբեր որակի էին։ Իսկ Իլհամ Ալիևի՝ նախագահ դառնալուց ի վեր Բաքուն շատ ագրեսիվ դարձավ, և փոխանակ Ադրբեջանի հանրային կարծիքը պատրաստելու հնարավոր բանակցային խաղաղության՝ Ադրբեջանի իշխանությունները սկսեցին քարոզչություն, որ ոչ միայն Ղարաբաղը, այլև ամբողջ Հայաստանը «պատմական ադրբեջանական հողեր են» և այլն, և այլն։ Նման քարոզչությունը շատ վտանգավոր է։

Հայաստանի իշխանությունները ևս շատ ուշադիր չէին թե՛ հայ հանրությանը նախապատրաստելու խաղաղության և թե՛ այդ ուղերձը հղելու ադրբեջանական հանրությանը։ Ի վերջո, որևէ խաղաղության համաձայնագիր չի կարող լինել միայն երկու երկրների առաջնորդների ու մի քանի դիվանագետների միջև։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի հանրային կարծիքը պատրաստ չէ խաղաղության՝ խաղաղություն չի լինելու։ Ուրեմն տեսական հողի վրա ես ճիշտ եմ համարում իրենց այս առաջարկը։ Բայց մյուս կողմից, դժվարանում եմ պատկերացնել, թե ինչպես է Փաշինյանի վարչակարգը պատրաստվում բարեփոխումներ իրականացնել հեղափոխական ալիքների վրա գտնվող Հայաստանում և միևնույն ժամանակ, զուգահեռաբար լուծել ամենախրթին հարցը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Իմ կարծիքով՝ ռազմավարական տեսանկյունից՝ ավելի խելոք կլինի, եթե այս երկու հարցերը բաժանվեն, այսինքն՝ գոնե առաջիկա 2-3 տարիների ընթացքում Փաշինյանի հիմնական առաջնահերթությունը լինի ներքին բարեփոխումներ իրականացնելը, և միայն դրանից հետո մտածել, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։

– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ եթե Ադրբեջանը ցույց չի տվել, որ իրենք իսկապես պատրաստվում են խաղաղության՝ մեր կողմից դա անելը սխալ է ու վտանգավոր, որովհետև ինչ-որ մի պահի նրանք կարող են խախտել այդ պայմանավորվածությունը։ Այդ դեպքում «խաղաղության նախապատրաստված» ժողովուրդն ինչպե՞ս է դիմագրավելու նոր ռազմական ագրեսիային։ Սա է հարցը, որ վստահություն չկա։

– Եթե և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարությունը զուգահեռ քայլեր ձեռնարկեն, որպեսզի թուլացնեն լարվածությունը շփման գծում և միաժամանակ պաշտոնական ուղերձներ հղեն իրենց ժողովուրդներին խաղաղության, ոչ թե պատերազմի մասին, ապա դա պոզիտիվ է։ Կարծում եմ, որ Հայաստանին այսօր ո՛չ պետք է լարվածություն Ադրբեջանի հետ, ո՛չ էլ պետք է մեծ ծրագրեր ձեռնարկել հարցի լուծման ուղղությամբ։ Իմ կարծիքով՝ Հայաստանն այսօր պետք է չեզոք դիրք գրավի իր արտաքին հարաբերություններում, կայուն պահի իր հարաբերությունները միջազգային գործընկերների հետ, քանի դեռ Հայաստանը մեծ հարցեր ունի՝ կապված թե՛ ազգային հիմնախնդիրների և թե՛ ներքին, համակարգային բարեփոխումների հետ։

– Դուք ասացիք, որ հեղափոխություն չեք սպասում Փաշինյանից Ղարաբաղի հարցում։ Այսինքն՝ չե՞ք պատկերացնում՝ որն է ընդհանրապես Փաշինյանի քաղաքականությունը, ստրատեգիան Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Ինչո՞ւ է նա մտել այս պրոցեսի մեջ և ի՞նչ խնդիրներ է ուզում լուծել։ Միայն թուլացնել լարվածությունը և կանխել նոր միջադեպե՞րը սահմանին։

– Ճիշտ է, մինչ օրս չեմ տեսել Փաշինյանի կողմից շատ հստակ ռազմավարական ուղղվածություն։ Կարելի է երևակայել ավելի հեղափոխական մոտեցում Ղարաբաղի հարցի շուրջ, բայց այն շոշափելի չէ, նոր կուրս չկա Ղարաբաղի հարցի շուրջ, բանակցությունների ձևաչափի փոփոխությունը և Արցախի ղեկավարության մեջբերումն այդ պրոցեսի մեջ հեղափոխություն չէ․ դրանք դիվանագիտական խաղեր են։ Այսպիսով, ես ռադիկալ փոփոխություններ չեմ տեսնում բանակցային պրոցեսում։

– Այսինքն՝ սրանք տակտիկական քայլեր են, ռազմավարական մոտեցում չկա։

– Ավելի ճիշտ՝ ռազմավարական փոփոխություն չկա, այսինքն՝ Ղարաբաղի հարցում Հայաստանի քաղաքականության մեջ առանցքային փոփոխություններ կան, բայց հիմնական ուղղվածության մեջ փոփոխություն չկա։

(Visited 65 times, 1 visits today)