Վարորդներից ապօրինի 200 դրամներ հավաքողները կտուգանվեն առնվազն 200 հազար դրամով

Պետեկամուտների կոմիտեն նվազագույնը 200 հազար դրամով տուգանելու է, եթե հայտնաբերի, որ առեւտրային, հանրային սննդի օբյեկտների սեփականաշնորհած, կամ վարձակալած տարածքներում տրամադրվող ավտոկանգառների համար գումար են գանձում վարորդներից, բայց չունեն ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր ու չեն վճարել արտոնագրային հարկը:


Այդ գործունեությունը Հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է արտոնագրային հարկով հարկման օբյեկտ, ուստի ՊԵԿ-ը հորդորում է ստանալ արտոնագիր` սահմանված պատասխանատվությունից խուսափելու համար: Եթե առանց արտոնագրի տոնավաճառների, կամ այլ օբյեկտների դիմաց կայանած ավտոմեքենաներից ինչ-որ անձինք էլի փորձեն գումար գանձել, դա դիտարկվելու է որպես ապօրինի ձեռնարկատիրություն եւ կիրառվելու է Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը, այն է` տուգանք այդ գործունեության արդյունքում օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից: Խոսքը տվյալ դեպքում վերաբերվում է սուպերմարկետների, տոնավաճառների մոտ 100-200, որոշ դեպքերում 300 դրամ գանձող այն անձանց, որոնք ենթարկվում են կա՛մ տվյալ տարածքի սեփականատերերին, կա՛մ այլ անձանց, ողջ օրվա ընթացքում հավաքում են այդ գումարը ու դա որեւէ տեղ չի արձանագրվում:
Այս առնչությամբ, մեզ հետ զրույցում Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ դա առանձնապես խնդիրներ չի հարուցի, եթե իհարկե, այդ համակարգերը տեղադրելուց հետո կայանման վճարը նույնը լինի. «Ես չեմ կարծում, որ եթե մարդը գալիս է լուրջ առեւտրային կենտրոն, այդ 200 դրամը օրենքով սահմանված կարգով չի վճարի: Ուղղակի այստեղ այլ խնդիր կա: Եթե սրանով հարկային մարմիններն ուզում են կանոնակարգել, ապա սրա իմաստը միայն այն է լինելու, որ ամեն մեկն ինչ-որ մի տարածքի վրա հենց այնպես փող չաշխատի, եթե հենց այնպես փող է աշխատում, դիտվում է որպես անհատ ձեռնարկատեր, կամ ձեռնարկատիրություն, կամ այդ տոնավաճառը կամ օբյեկտն ինքն է վերցնում այդ իրավունքը, ապա ձեռնարկատիրական գործունեության մեջ դա պետք է մտնի:
Խոշոր տոնավաճառներում օրական հարյուրավոր մեքենաներ են մտնում, դուրս գալիս ու դրանց համար վճարը օրական, ենթադրենք, կազմում է 100 դոլար, ամսական դա կանի 3000 դոլար: Ուրեմն մտածում են, որ դա ինչ-որ կերպ պետք է հարկել, որ հավասար ռեժիմ մտցվի: Բայց սա նաեւ կարող է լինել մի այլ նպատակ: Երբ որ ձեռնարկատիրական գործունեությամբ կֆիքսվի մեքենաների քանակը ու կերեւա, թե քանի մեքենա է մտել, դուրս եկել, դա կարող է լինել երկրորդ գործիքը, որ հարկային մարմինները փորձեն տոնավաճառի, տվյալ օբյեկտի ծավալը գնահատել: Եթե այդքան մարդ գալիս է, առեւտուր է անում, ապա ենթադրաբար կարող են գնահատել, թե այդքանից ինչքան գնումներ կանեն, կգնահատեն, ծավալներ կստանան»: Գագիկ Մակարյանն ասաց, որ սա ապահովության համար լավ է, բայց այդ դեպքում պետությունը դրան զուգահեռ պետք է պահանջի անվտանգության նորմեր, օրինակ, տեսախցիկներ, որոնք պետք է վերահսկեն տարածքը: Եթե ներկայումս ինչ-որ անձինք են դա անում, նրանք շրջում են տարածքում, նայում են, իսկ եթե նրանք չլինեն, պետք է երաշխիք լինի, որ կայանած մեքենային որեւէ բան չի պատահի.
«Պետությունը պետք է միայն իր փողի տերը չլինի, մանավանդ այդ փողը մեծ գումար չի կազմում: Եթե մտածում են մշակույթ ներդնեն, քաղաքակիրթ տարբերակ լինի, պատահական ձեւերով գումարներ հավաքելուց խուսափենք՝ դա լավ է»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ «Առավոտ» օրաթերթ,  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/02/02/1014839/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook 

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

(Visited 58 times, 1 visits today)