$100 հազար կաշառք Սերժի Վաչոյին՝ պաշտոն ստանալու համար․ «միջնորդը» եղել է Աշոտ Ղազարյանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվեց Գարիկ Աղաբեկյանի, Աշոտ Ղազարյանի և Արթուր Սարոյանի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին 44-ամյա Գարիկ Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափի կաշառք տալու փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Դեպքի պահին 30-ամյա Աշոտ Ղազարյանին և 39-ամյա Արթուր Սարոյանին մեղադրանք է առաջադրված կաշառք փոխանցելու պատրվակով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գարիկ Աղաբեկյանը, ով դատարանում ասաց, թե ունի 2 բարձրագույն կրթություն և հանդիսանում է հայկական բժշկական ինստիտուտի պրոռեկտորը, ըստ առաջադրված մեղադրանքի՝ ունենալով բժշկական կրթություն, մտադրություն է ունեցել կաշառք տալու միջոցով ստանձնել ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնը:

Տեղյակ լինելով, որ ՀՀ ԱԱԾ պետական պահպանության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի եղբորորդին՝ Աշոտ Ղազարյանը, իր ընկերոջ որդու ընկերն է, 2015 թվականի վերջին Գարիկ Աղաբեկյանը հանդիպել ու ծանոթացել է Աշոտ Ղազարյանի հետ ու վերջինիս հայտնել է նրա հորեղբորը կաշառք տալու միջոցով վերը հիշատակված պաշտոնը զբաղեցնելու՝ իր ցանկության մասին:

Աշոտ Ղազարյանը պատրաստակամություն է հայտնել գլուխ բերել այդ գործը և հայտնել է, թե «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ կլինի որպես կաշառք հորեղբորը փոխանցել 150 հազար դոլար կաշառք, 100 հազար դոլարը՝ սկզբից, իսկ մնացած 50 հազար դոլարը՝ պաշտոնը ստանձնելուց հետո:

Գարիկ Աղաբեկյանը համաձայնել է ներկայացված պահանջին: Աշոտ Ղազարյանը, իմանալով հորեղբոր՝ Վաչագան Ղազարյանի օգնականի ազգանունը, ասել է, թե մնացած հարցերով կզբաղվի հորեղբոր օգնականը:

Իր ցանկացած պաշտոնը ստանալու համար Գարիկ Աղաբեկյանը 2016 թվականի փետրվարի 29-ին վարկային կազմակերպություններից մեկում գրավադրել է իր՝ Արամի փողոցում գտնվող բնակարանը և ստացել է վարկ՝ 103 հազար դոլարի չափով:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, նույն օրը, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում Գարիկ Աղաբեկյանը Բաղրամյան 26-ի՝ ՀՀ Նախագահի նախկին նստավայրի մերձակայքում հանդիպել է Աշոտ Ղազարյանի հետ Գարիկ Աղաբեկյանի գումարը խարդախությամբ հափշտակելու շուրջ հանցավոր համաձայնության եկած Արթուր Սարոյանին, ով ներկայացել է որպես Վաչագան Ղազարյանի օգնական Ստեփանյան:

Գարիկ Աղաբեկյանը Արթուր Սարոյանին է տվել 100 հազար դոլար՝ որպես Վաչագան Ղազարյանին փոխանցվելիք կաշառք՝ իր պաշտոնի հարցը լուծելու ակնկալիքով:

Արթուր Սարոյանը, վերցնելով գումարը, համաձայն Աշոտ Ղազարյանի հետ ունեցած պայմանավորվածության, նրա հետ միասին հափշտակել է այն: Աշոտն ու Արթուրը գումարը միմյանց միջև բաժանել են՝ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության:

Այսպիսով՝ Գարիկ Ղազարյանը, ըստ մեղադրանքի, իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ խաբվելու պատճառով, ավարտին չի հասցրել իր հանցավոր դիտավորությունը՝ պաշտոնյային առանձնապես խոշոր չափի կաշառք տալու միջոցով դատաբժշկական գիտագործնական կենտրոնի ղեկավարի պաշտոնը ստանալը:

Կատարված հանցավոր արարքները բացահայտվել են:

Խարդախությամբ Գարիկ Աղաբեկյանի 100 հազար դոլարը հափշտակած Աշոտ Ղազարյանն ու Արթուր Սարոյանը պատճառված նյութական վնասը ամբողջությամբ հատուցել են:

Գործը քննվեց արագացված ընթացակարգով՝ երեք ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր ճանաչեցին ու զղջացին:

Դատարան ներկայացվեցին փաստաթղթեր, որոնք կարող են մեղմացնել ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը: Մասնավորապես՝ Գարիկ Աղաբեկյանի խնամքին են երեք անչափահաս երեխաները, որոնցից երկուսը՝ մինչև 14 տարեկան:

Արթուր Սարոյանի երեխաները չափահաս են, նրա խնամքին է վատառողջ մայրը: Սարոյանը մասնակցել է Ապրիլյան պատերազմին:

Միևնույն ժամանակ Արթուր Սարոյանը 2013 թվականին դատապարտվել է ու նույն տարի Համաներման ակտի կիրառմամբ ազատվել է պատժի կրումից, այնպես որ նրա նկատմամբ ներկա Համաներման ակտը չի կարող կիրառվել:

Ամբաստանյալ Աշոտ Ղազարյանի վերաբերյալ մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ չկային:

Նախագահողը ամբաստանյալ Գարիկ Աղաբեկյանին դիմեց՝ պարզաբանելով, թե նրա նկատմամբ կիրառելի են Համաներման ակտի համապատասխան դրույթները, նա ցանկանո՞ւմ է, որ դրանց կիրառմամբ դադարեցվի նրա քրեական հետապնդումը:

«Այո»,- պատասխանեց ամբաստանյալը:

Ամբաստանյալ Գարիկ Աղաբեկյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Դավթյանը իր հերթին գրավոր միջնորդություն ներկայացրեց հենց նույն հարցի հետ կապված՝ իր պաշտպանյալի նկատմամբ Համաներման կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալը մեղադրվում է հանցափորձի կատարման համար, գործը քննվել է արագացված ընթացակարգով, իր պաշտպանյալի նկատմամբ դատարանը կարող է սահմանել առավելագույնը՝ 3 տարի 6 ամիս ազատազրկում, բացի այդ՝ իր պաշտպանյալի խնամքին են 3 անչափահաս երեխաները:

Մեղադրողը, մյուս ամբաստանյալների պաշտպաններն ու ամբաստանյալները չառարկեցին:

Մեղադրող Արամ Արամյանը հանդես եկավ ճառով: Մեղադրողը հաստատված գնահատեց ամբաստանյալների մեղավորությունը մեղսագրված արարքների համար: Արձանագրեց, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել, զղջացել են, հանցագործությամբ պատճառված նյութական վնասը ամբողջությամբ հատուցված է, ամբաստանյալների միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:

Մեղադրողը նշեց, որ Գարիկ Աղաբեկյանի նկատմամբ կիրառելի են Համաներման ակտի երկու դրույթներ, որոնց կիրառմամբ նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:

Մյուս երկու ամբաստանյալների վերաբերյալ մեղադրողը միջնորդեց հետևյալը. Աշոտ Ղազարյանին ու Արթուր Սարոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Աշոտ Ղազարյանին դատապարտել 4 տարի ազատազրկման, Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ նրան ազատել պատժից:

Արթուր Սարոյանին դատապարտել 4 տարի ազատազրկման, հաշվի առնելով, որ նրա նկատմամբ Համաներման ակտը կիրառելի չէ, կիրառել պայմանական դատապարտություն՝ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառել ու սահմանել 5 տարի փորձաշրջան:

Պաշտպանները համակարծիք էին մեղադրողին, իսկ ամբաստանյալները համակարծիք էին իրենց պաշտպաններին:

Որպես վերջին խոսք՝ Աշոտ Ղազարյանն ու Արթուր Սարոյանն ասացին, թե իրենց մեղավոր են ճանաչում ու զղջում են: Գարիկ Աղաբեկյանը վերջին խոսք ասել չցանկացավ:

Դատավորը հեռացավ խորհրդակացական սենյակ:

Նշանակված ժամին հրապարակվեցին երկու դատական ակտերը:

Նախ՝ Գարիկ Աղաբեկյանի նկատմամբ Համաներման ակտի համապատասխան դրույթների կիրառմամբ դադարեցվեց քրեական հետապնդումը:

Այնուհետև հրապարակվեց դատավճիռը՝ Աշոտ Ղազարյանն ու Արթուր Սարոյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ղազարյանը պատժից ազատվեց Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ, իսկ Սարոյանի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառվեց ու սահմանվեց փորձաշրջան:

Բոլորը հեռացան գոհ ու շնորհակալ:

Լուսանկարը՝ Photolure-ի

1in.am

(Visited 374 times, 1 visits today)