Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին միավորող շահը

Մենք որևէ իզմի չենք դավանում։ Ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ հավատամք… Այս հայտարարությունների հեղինակը ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Սրանք ընթացիկ, սովորական հայտարարություններ չեն, սրանք հայտարարություններ են, որոնք բացահայտում են իշխանության կերպը, աշխարհայացքը, մտածողությունը և որպես դրա հետևանք՝ գործողությունները գործնական քաղաքականության մեջ։

Անցած ինն ամիսներին Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած իշխանական համակարգով բազմաթիվ օրինակներով ապացուցել է իր իսկ հայտարարություններին հավատարմությունը. թե՛ ներքին, թե՛ առավել ևս արտաքին քաղաքական հարցերում գործող իշխանությունը կատարել է բազմաթիվ քայլեր, որոնք վկայում են այն մասին, որ իշխանությունը որևէ իզմի չի դավանում։ Բայց ամբողջ ողբերգությունն այն է, որ իշխանությունը՝ որևէ իզմի չդավանելով, չի դավանում նաև որևէ սկզբունքի։

Իշխանությունը բազմիցս ապացուցել է, որ իր հիմնական սկզբունքը սկզբունքի բացակայությունն է. հայ-ռուսական հարաբերություններ, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, քվեարկություններ ՄԱԿ-ում ու այլ միջազգային կառույցներում, ներքին կյանքում՝ հրաժարում սուպերվարչապետական համակարգին վերջ դնելու իր իսկ նախկին խոստումներից, կադրային խայտառակ քաղաքականություն, կոմպրոմիսներ նախկին համակարգի հետ (այդ թվում՝ նախկին պաշտոնյաներին «բարիկադներ քանդելու» անվան տակ պաշտոնների նշանակում)։ Այսինքն՝ մենք մեծ հաշվով ունենք իշխանություն, որը որևէ սկզբունք չունի։ Առաջին հայացքից դա կարող է անկարևոր թվալ, ոմանք կարող են հակադարձել, թե ավելի լավ է ունենալ անսկզբունք, բայց ազնիվ, մաքուր իշխանություն, որի գործունեությունը կտեղավորվի սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Բայց դա միայն առաջին հայացքից։ Գործնական քաղաքականության մեջ սկզբունքների բացակայությունը, սկզբունք չունեցող իշխանության գոյությունը կարող է պատուհաս դառնալ պետության համար, որովհետև սկզբունք չունենալը նշանակում է նաև լինել անկանխատեսելի և պատրաստ՝ ամեն ինչի։ Սկզբունքներն ի վերջո, որոշակի կանոնների, «չի կարելի»-ների, արգելքների հավաքականություն են, որոնց հետևում են իշխանությունները, պաշտոններ զբաղեցնողները։ Կառավարման տեսության մեջ կա հայտնի սահմանում այն մասին, որ «սկզբունքները դրանք հիմնարար ճշմարտություններ են, որոնք ղեկավարներին մատնանշում են ինչպես գործել»։

Եվ ուրեմն, մեր իշխանությունները չունեն այդ հիմնարար ճշմարտությունները, գործունեության ուղենիշները և առաջնորդվում են պահի թելադրանքով։

Քաղաքականության մեջ սկզբունքների բացակայությունը ստիպում է մտածել մեկ այլ կարևոր խնդրի մասին՝ եթե ոչ սկզբունքները, ապա ի՞նչն է քաղաքականության մեջ գերակայում, ի՞նչն է ուղենիշային համարվում քաղաքական կյանքում։ Տարբերակները շատ չեն՝ շահեր, արժեքներ, գաղափարներ։ Եվ ուրեմն, եթե գործող իշխանության, ի դեպ ոչ միայն իշխանության, այլ նաև քաղաքական համակարգի հիմնական խաղացողների, ահա այդ բոլորի գործունեությունը դիտարկում ենք նշված պրիզմայով, ցավոք ստիպված ենք արձանագրել, որ մեր քաղաքական կյանքում հիմնական մոտիվացնող, առաջ մղող ու գերակայող կատեգորիան շահն է։ Շահն ինքնին վատ կատեգորիա չէ, առավել ևս երբ գործ ունենք պետական, ազգային շահի հետ։ Այլ է սակայն պատկերն այն դեպքում, երբ բախվում ենք անհատական կամ խմբային շահի դերսորումներին։ Ընհանրապես շատ գիտություններ շահերը դասակարգում են երեք հիմնական խմբի՝ անհատական, խմբային և հանրային։ Երբ այս հարթությունում ենք դիտարկում մեր իրականությունը, ակնհայտ է դառնում, որ գործ ունենք առավելապես անհատական և խմբային շահերի սպասարկման ու բավարարման հետ։

Հանրային շահը մղված է երկրորդական, երրորդական պլան, չնայած անհատական ու խմբային շահերի բավարարումը տեղի է ունենում հանրային, հասարակական շահի մասին բարձրագոչ հայտարարությունների, պաթետիկ կարգախոսների միջոցով։

Իշխանությունը տասնյակ, հարյուրավոր անհատների անհատական, հանրագումարում՝ խմբային շահերի սպասարկման մեծ համակարգ է։ Լավ իշխանությունը, արդյունավետ իշխանությունը այն իշխանությունն է, որն առաջին հերթին, ամենաբարձր մակարդակով սպասարկում է հանրային շահը, իսկ իշխանություն ունեցողների շահերը բավարարվում են որպես հանրության անդամների շահեր։ Մեր դեպքում հակառակ պատկերն է՝ հանրության շահի հաշվին սպասարկվում ու բավարարվում են անհատական շահերը՝ սկսած անձնական թիկնազորից մինչև սոցիալական դիրքավորումներ։

Որևէ հեղափոխություն կարող է իրապես հեղափոխություն համարվել միայն այն դեպքում, երբ լավ իմաստով կխախտվի վերը նշված եռաստիճան համակարգի մասնակիցների շահերի բավարարման համամասնությունը, երբ առաջնային կդառնան հանրային շահը, որի բավարարումը կհանգեցնի նաև խմբային ու անհատական շահի բավարարմանը։ Մինչ այդ մենք շարունակելու ենք ականատես լինել անհատական ու խմբային շահերի բավարարման շքահանդեսի։

Հանրային շահի հաշվին, բնականաբար։ Ի դեպ, տարբեր հասարակություններում հենց այս՝ շահերի բավարարման համակարգի դեֆորմացիան է հանգեցնում հասարակության հուզումների, ապստամբությունների, հեղափոխությունների։ Մենք դրա ականատեսն ենք եղել ընդամենը ինն ամիս առաջ։ Խնդիրն այն է միայն, որ այդ ճանապարհով իշխանության եկածները շարունակում են կենսագործել շահերի բաշխման ու բավարարման այն նույն արատավոր մեխանիզմը, որն առկա էր նախորդ իշխանության ժամանակ։ Այն նույն մեխանիզմը, որի դեմ հազարավոր մարդիկ դուրս եկան պայքարի։ Պարզապես այդ պայքարի արդյունքում շահեց ոչ թե հասարակությունը, այլ նրա միջոցով իշխանության եկած անհատներն ու խմբերը։

1in.am

(Visited 122 times, 1 visits today)