Հասկացել եմ՝ քաղցկեղի դեմ պայքարը սկսվում է տրամադրությունից. Աննա Հակոբյան

«Հասկացել եմ՝ քաղցկեղի դեմ պայքարը սկսվում է տրամադրությունից. ոչ միայն հիվանդի տրամադրությունից, այլև հասարակության»,-այսօր՝ փետրվարի 4-ին «City of Smile» բարեգործական հիմնադրամի կողմից քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում ասաց ՀՀ վարչապետի տիկին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: 

Այսօրվա բարեգործական միջոցառման ընթացքում հայ դիզայներները վաճառքի էին հանել իրենց կողմից ստեղծված տարբեր իրեր, որոնցից ստացված հասույթը տրամադրվելու է հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակների համար։ 

Տիկին Հակոբյանը իր խոսքում կարևորեց նմանատիպ միջոցառումները՝ նշելով, որ մենք պիտի լինենք մի հասարակություն, որտեղ հիվանդը չպետք է ամաչի ասել, որ բուժվում է այս կամ այն հիվանդությունից. «Նույնիսկ ավելորդ է ասել, որ այս հիվանդությունը ոչ ամոթ է, ոչ խարան է: Հասարակության արձագանքն է խնդիրը, որ մարդիկ խուսափում են բարձրաձայնել հիվանդության մասին: Հասկանում ենք, որ քաղցկեղը բարդ հիվանդություն է, բայց այն կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Մենք պիտի դառնանք մի հասարակություն, որտեղ խնամքով են վերաբերվում մեկը մյուսին ցանկացած պարագայում, ընդամենը պետք է ուժ տալ այդ հիվանդության դեմ պայքարողներին, չխղճալ, խղճահարված հայացքով չնայել: Պետք է բարձր գիտակցությամբ և դրական տրամադրությամբ մոտենալ այս խնդրին, իսկ մնացած հարցերը՝ առողջ ապրելակերպ, ֆինանսական խնդիրներ ավելի հեշտ լուծելի  են»: 

«City of Smile» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջոցառման հիմնական նպատակը քաղցկեղի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումն է, դրա վաղ ախտորոշման և կանխարգելման կարևորության ընդգծումը. «Բացի այդ՝ 20-ից ավելի հայ դիզայներներ այսօր միացել են մեզ և ստեղծել իրեր, որոնք վաճառվելու են, և ողջ հասույթը գնալու է հիմնադրամին, որպեսզի նպաստենք մեր երեխաների բուժմանը: Այսօր վաճառքը տեղի կունենա այստեղ, իսկ հետագայում բոլոր այն խանութներում,  որտեղ ներկայացված են մեր հայ դիզայներեների աշխատանքները: Այն իրերը, որոնց վաճառքի հասույթը գնալու է հիմնադրամին, առանձնացված են լինելու»: 

Շարունակությունը՝ aravot.am

(Visited 59 times, 1 visits today)