«Մի բան նկատեցի՝ կտրաքացնեմ սաղիդ․․». 29-ամյա երիտասարդը «Կոնվերսբանկը» պայթեցնելու սպառնալիքով հափշտակել է $200 հազար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Պյոտր Ցիգանկովի գործի դատական քննությունը:

1988 թվականին ծնված Պյոտր Ցիգանկովին մեղադրանք է առաջադրված ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Պյոտր Ցիգանկովը հայերեն բանավոր, գրավոր լեզվին տիրապետում է, գործի քննությանը թարգմանի մասնակցության կարիք չկա:

Ցիգանկովի շահերը պաշտպանում է փաստաբան Բակուր Օհանյանը: Մեղադրանքը պաշտպանում է դատախազ Գ. Մարգարյանը: Գործով տուժող Էլեն Ք.-ի ներկայացուցիչն է փաստաբան Կարմեն Պողոսյանը:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 11-ի սահմաններում Պյոտր Ցիգանկովը ավազակային հարձակում է կատարել Սայաթ-Նովա 19 հասցեում գործող՝ «Կոնվերսբանկի» «Սայաթ-Նովա» մասնաճյուղի վրա և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հոկտեմբերի 5-ին մի քաղաքացի գնացել է «Կոնվերսբանկի» հիշյալ մասնաճյուղ և ասել է, թե 60 հազար եվրո փոխանակելու գործարք է ուզում կատարել: Նա ասել է, թե գործարք կատարելու համար հաջորդ օրը բանկ կգնա իր եղբայրը, քանի որ ինքը հիվանդ է:

Ըստ մեղադրանքի՝ հոկտեմբերի 6-ին ենթադրաբար՝ Պյոտր Ցիգանկովը ժամը 16-ի սահմաններում մոտեցել է բանկի մասնաճյուղին, նույնիսկ ներս է մտել, բայց արագ էլ դուրս է եկել՝ առանց որևէ գործողություն կատարելու:

Հոկտեմբերի 9-ին, ժամը 11-ի սահմաններում, ըստ մեղադրանքի՝ Պյոտր Ցիգանկովը՝ կեպին գլխին, ձեռքով դեմքի ստորին մասը ծածկած՝ մտել է բանկի «Սայաթ-Նովա» մասնաճյուղ և հայտնել է, թե 60 հազար եվրո փոխանակելու գործարքը կատարելու է եկել: Նրան ուղարկել են մասնաճյուղի տնօրեն Էլեն Ք.-ի մոտ:

Տնօրենը դուրս եկել իր աշխատասենյակից ու Ցիգանկովի հետ մտել է գործարքը կատարելու համար հատուկ սենյակ, մոտեցել է չհրկիզվող պահարանին:

Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի՝ Պյոտր Ցիգանկովը Էլեն Ք.-ին է փոխանցել մի թուղթ, որի վրա գրված էր. «Հիմա էս սումկեն դնում ես սեյֆին ու սաղ գումարը լցնում ես մեջը… Մի բան նկատեցի՝ կտրաքացնեմ սաղիդ»:

Էլեն Ք.-ն սեյֆում եղած գումարը՝ տարբեր տարադրամներով՝ շուրջ 200 հազար դոլարին համարժեք գումար, լցրել է Ցիգանկովի տված պայուսակի մեջ: Պայուսակը նորից փոխանցել է Ցիգանկովին: Վերջինս, ըստ մեղադրանքի, պահանջել է, որ Էլեն Ք.-ն իր հետ դուրս գա բանկի մասնաճյուղից ու որոշ ճանապարհ անցնի: Ապա Ցիգանկովը փախել է, իսկ Էլեն Ք.-ն վերադարձել է բանկ:

Գործի՝ Ցիգանկովի մասը, անջատված է մայր գործից: Մայր գործով դեռ քննություն է կատարվում՝ Ցիգանկովի հանցակցին կամ հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Դատարանը սահմանել է ապացույցների հետազոտման կարգ: Սկզբում հետազոտվեցին գործում առկա գրավոր և այլ նութերը, ապա դիտեցին իրեղեն ապացույց ճանաչված տեսագրությունները:

Գործով առգրավվել են ինչպես «Կոնվերսբանկի» «Սայաթ-Նովա» մասնաճյուղի ներքին ու արտաքին տեսագրող սարքերի, այնպես էլ տվյալ հասցեին հարակից շենքերի վրա առկա արտաքին տեսագրող սարքերի, նաև՝ Սարալանջի փողոցի որոշակի հատվածում և դրան հարակից հատվածներում առկա տեսագրող սարքերի տեսագրությունները:

Տեսագրությունների զննության արձանագրությունները հրապարակելու հարցի քննարկման ժամանակ ամբաստանյալի շահերի պաշտպան Բ. Օհանյանը հայտարարեց. «Առավել քան ակնհայտ է, որ քննիչը ծաղկաքաղ է արել՝ մաս անջատելով այլ գործից… Քննիչը ենթադրություններ է արել… Ապացուցողական շեշտը դրված է հենց տեսագրությունների և դրանք զննելու արձանագրությունների վրա…»:

Պաշտպանը պահանջեց, որ տեսագրությունների զննության արձանագրությունները ամբողջովին հրապարակվեն:

Մեղադրողը տարակուսեց՝ ի՞նչ ծաղկաքաղի մասին է խոսքը՝ մայր գործից անջատվել է ամբաստանյալին վերաբերող մասը…

Պաշտպան Բ. Օհանյանը անպատասխան չթողեց մեղադրողի խոսքը. «Ծաղկաքաղը հայերեն բառ է՝ բոլորին հասկանալի, եթե կարիք կա, կարող եմ բացատրել…»:

Նախագահողը կողմերին հանդարտության կոչեց և սկսեց հրապարակել տեսագրությունների զննման արձանագրությունները, համաձայն որոնց՝ դեպքի պահին մուգ հագուստով, ««Puma» գրառմամբ կեպիով, դեմքի ստորին մասը ձեռքով փակած՝ մի տղամարդ մտել է բանկ, անցել է տնօրենի աշխատասենյակը, ապա գնացել են մեկ այլ սենյակ, տղամարդը տնօրենին է փոխանցել մի թուղթ, ապա՝ պայուսակ: Տնօրենը ինչ-որ գործողություն է կատարել, ապա պայուսակը հանձնել է տղամարդուն: Նրանք դուրս են եկել բանկի մասնաճյուղից, կարճ ժամանակ անց տնօրենը վերադարձել է…

Հարձակումը գործողի փախուստի ճանապարհին, աղբարկղի միջից հայտնաբերվել է թուղթ՝ վրան ձեռագրով գրված բանկի մասնաճյուղի տնօրենին ուղղված՝ բանկը պայթեցնելու սպառնալիքն ու սեյֆի ամբողջ գումարը պայուսակի մեջ լցնելու պահանջը…

Որոշ տեսագրություններում քննիչը նկատել է, որ հարձակումը կատարած տղամարդու դեմքի ստորին հատվածում, որը նա ամբողջ ժամանակ փակում էր ձեռքով, մազածածկույթ կա…

Տեսագրությունների զննությունը կատարվել է նաև տուժող Էլեն Ք.-ի մասնակցությամբ: Նա մատնացույց է արել այն երիտասարդին, ով իրեն սպառնացել է պայթեցնել բանկը ու հափշտակել է շուրջ 200 հազար դոլարին համարժեք գումար: Տուժողը նշել է, թե հարձակվողը 25-30 տարեկան կլիներ:

Պյոտր Ցիգանկովը դեպքի պահին 29 տարեկան էր:

Դատարանը հրապարակեց անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու գործողության արձանագրությունը:

Տուժող Էլեն Ք.-ի ճանաչմանն են ներկայացվել չորս անձի՝ համարակալված լուսանկարները: Էլեն Ք.-ն որպես իր վրա հարձակված անձի՝ մատնացույց է արել համար 2 լուսանկարը, որտեղ պատկերված էր Պյոտր Ցիգանկովը: Տուժողը նշել է, թե այդ երիտասարդին ճանաչեց սուր, նիհարավուն դեմքից, երկարավուն քթից, դնչից և այլ դիմագծերից:

Այս գործողության արձանագրության հրապարակումից հետո պաշտպան Բ. Օհանյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Ճանաչման ներկայացված չորս լուսանկարներից երեքը վիզուալ տարբերվում են 2-րդ համարի լուսանկարից՝ մյուս երեքի ճակատները բաց են, մեկը համարյա ճաղատ է, տարիքային առումով էլ մոտ են միայն առաջին և երկրորդ լուսանկարներում պատկերվածները՝ առաջինը՝ 1987 թվականին է ծնված, երկրորդը՝ Ցիգանկովը՝ 1988 թվականին, իսկ մյուս երկուսը 1994 թվականին են ծնված՝ վեց տարվա տարբերություն կա… Պյոտր Ցիգանկովի լուսանկարը միանգամից տարբերվում է ներկայացված շարքից, դրա վերաբերյալ հետագայում հանդես կգամ միջնորդությամբ»:

Հրապարակվեց ՍԷԿՏ համակարգով կատարված ստուգման արդյունքը՝ Պյոտր Ցիգանկովը վերջին անգամ ՀՀ սահմանը հատել է 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Բագրատաշենի անցակետից դուրս է եկել ՀՀ տարածքից, իսկ 2017 թվականի հոտեմբերի 6-ին «Զվարթնոց» օդանավակայանով մուտք է գործել Հայաստան:

Գործում առկա գրավոր ապացույցներն ու այլ նյութերը հրապարակվեցին, դատարանը հետազոտեց նաև իրեղեն ապացույց ճանաչված տեսագրությունները:

(Visited 284 times, 1 visits today)