Նիկոլ Փաշինյանի երկրորդ հեղափոխությունը

Գործող իշխանությանն ամենաշատը քննադատում են վարվող կադրային քաղաքականության համար։ Բացերն ու անհամարժեք ղեկավարներն ու անհատները ամեն տեղ են՝ մարզպետարաններ, կառավարություն, կառավարությանն առընթեր մարմիններ, խորհրդարան… Քննադատությունների մեծ մասը տեղին է, հիմնավոր ու փաստարկված։

Մյուս կողմից՝ քննադատողները գիտակցված կամ ոչ շրջանցում են այն իրողությունը, որ մինչ օրս վարված կադրային քաղաքականությունը, վատ քաղաքականությունը որոշակիորեն օբյեկտիվ հիմքեր ունի։ Ցանկացած քաղաքական գործիչ, գործադիր իշխանության գալով, ղեկավար պաշտոններում է նշանակում անձանց, ում ճանաչում է, ճանաչում և վստահում է, որովհետև վստահությունը նույնքան կարևոր է ղեկավարի համար, որքան նշանակվողի մասնագիտական ունակությունները։ Եվ ուրեմն, Նիկոլ Փաշինյանը տարբեր պաշտոններում նշանակել է մարդկանց, ում ճանաչել ու վստահել է, կամ ում իր ճանաչածներն ու վստահածները ներկայացրել են որպես ճանաչելի ու վստահելի։ Այդպես ձևավորվել է կառավարման բուրգը՝ վերևից ներքև սկզբունքով։

Կարելի է, իհարկե, քննադատել Նիկոլ Փաշինյանին առ այն, որ նրա ճանաչածներն ու նրանց որպես վստահելի կադրեր ներկայացվածները, նրա մեծ ու փոքր շրջապատը, մի խոսքով, չունեն բավարար մասնագիտական, որոշ դեպքերում՝ նաև մարդկային որակներ։ Բայց դա, կրկնում ենք, օբյեկտիվ իրողություն է, որը բնորոշ է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրին»։ Դա Հայաստանի ողջ քաղաքական համակարգի թերություններից, եթե կուզեք՝ արատներից մեկն է։

Մեր կուսակցությունները երբեք չեն եղել ու չե՛ն կադրային յուրօրինակ դարբնոցներ, որտեղ մուտք գործողները պատրաստվում են ապագայում իշխանությունը ստանձնելուն։ Այդ մեխանիզմն է դրված բոլոր զարգացած հասարակությունների կայացած քաղաքական համակարգերում ու կուսակցություններում։ Եվ պատահական չէ, որ ցանկացած իրեն հարգող կուսակցություն, բացի կանոնադրությունից, ծրագրերից ու այլ պարտադիր ատրիբուտներից, անպայմանորեն ներկայացնում է նաև ստվերային կառավարության, ստվերային կաբինետի կազմը։ Այսինքն՝ կուսակցականը գիտի, որ եթե, ասենք, 3 տարի հետո կայանալիք ընտրություններում իր կուսակցությունը հաղթի, ինքը դառնալու է, օրինակ, ֆինանսների նախարար, և իր ամբողջ էներգիան տրամադրում է ֆինանսների նախարարի պաշտոնին պատրաստվելուն, կուսակցությունն իր հերթին է նրան պատրաստում ամենատարբեր կրթական ծրագրերի, թրեյնինգների միջոցով։ Այսինքն՝ տարիների ընթացքում կուսակցականը թրծվում է որպես այս կամ այն պոտենցիալ պաշտոնյա, և տվյալ ուժը ընտրություններում հաղթելուց հետո ունենում է արդեն պատրաստված նախարարներ ու այլ պաշտոնյաներ։

Այս մեխանիզմը երբեք չի գործել հայկական կուսակցություններում, որովհետև մեր գրեթե բոլոր կուսակցությունները հիմնված են եղել ու ե՛ն կուսակցության ղեկավարի անձի վրա, կուսակցական թիմերն էլ ձևավորվում են այդ անձի հետ ունեցած ընկերական, բարեկամական կամ այլ կապերով։ Իսկ այդ դեպքում ամենալավ նախարարի թեկնածուն իր տեղը կարող է զիջել ամենալավ բաջանաղին։ Հենց դա է մեր կուսակցական էլիտաների կազմավորման արատը, որը տվյալ կուսակցության՝ իշխանության գալուց հետո վերածվում է համազգային, համապետական արատի կամ ողբերգության։ Հենց այս երևույթի ականատեսն ենք մենք այսօր նոր Հայաստանի նոր իշխանության կադրային քաղաքականության առումով։

Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի թիմին՝ պետք է նշել, որ գործող վարչապետը հսկայական անելիք ունի այդ թիմը թարմացնելու հարցում։ Ինն ամիսը բավարար ժամանակ է սեփական թիմակիցների մասնագիտական ու անձնային որակները գնահատելու և անհրաժեշտության դեպքում նրանց փոփոխելու համար։ Բացի այդ, շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանն իր անմիջական միջավայրը (օգնականներ, խորհրդականներ, ռեֆերենտներ, այն, ինչն անվանում են ղեկավարի անձնական ապարատ) կարողանա զերծ պահել քծնանքից, պատեհապաշտությունից ու անձնական շահերով պայմանավորված գործելակերպից։ Վարչապետը ֆիզիկապես չի կարող տեղյակ լինել ամեն ինչի մասին ու վերահսկել ամեն ինչ։ Դրանում նրան օգնում է անձնական ապարատը, որը բաղկացած է տասնյակից ավելի պաշտոնյաներից։ Եվ ուրեմն, չափազանց կարևոր է, որ այդ ապարատում լինեն պաշտոնյաներ, ովքեր վարչապետի հետ հարաբերություններում կլինեն ազնիվ, չեն խաբի, իրենց շահից ելնելով չեն ներկայացնի սխալ կամ կիսատ տեղեկություններ և այլն։

Խնդիրը տվյալ դեպքում ոչ այնքան այդ ապարատի անդամների մասնագիտական, որքան անձնական որակներն են։ Գուցե այդ ապարատում ներգրավվածները բոլորն ունեն հեգելյան ինտելեկտ և չերչիլյան լայնախոհություն։ Սակայն արդյոք նրանք այդ կարողությունները կկիրառե՞ն ի շահ ընդհանուրի և ոչ թե սեփական շահի սպասարկման համար։ Ավելի պարզ ասած՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի ամենօրյա շփման միջավայրում կա՞ն մարդիկ, ովքեր համարձակվում են հակադրվել նրան, ովքեր այս կամ այն որոշումն ընդունելիս ընդդիմանում են, ովքեր Նիկոլ Փաշինյանին կարող են «սխալ հանել»։ Կրկնում ենք՝ խնդիրը կարողությունը չէ, այլ այն՝ արդյոք այդ մարդիկ չե՞ն հաշվարկի, որ իրենց անձնական շահը ստիպում է չհակադրվել վարչապետին, եթե պետք է գլխահակ լռել, միայն թե չարժանանալ նրա հանդիմանությանը։

Այս հարցում, ի դեպ, վճռորոշ նշանակություն ունի ինքը՝ վարչապետը։ Արդյոք նա պատրա՞ստ է ունենալ ենթականեր, ովքեր իր հետ կգտնվեն հավասար հարթությունում, կբանավիճեն ու կհակադրվեն, թե՞ իր համար նախընտրելի է հեզ ու խոնարհ, երբեմն քծնող ու իրեն գովաբանող պաշտոնյաներից բաղկացած միջավայրը։ Հուսանք՝ վերջինը Նիկոլ Փաշինյանին հաճելի չէ։

Եվ ուրեմն, մի անգամ համապետական հեղափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իրականացնել երկրորդ՝ կադրային հեղափոխությունը, եթե չի ցանկանում փոշիացնել առաջին՝ գլխավոր հեղափոխության կապիտալն ու հեղափոխությունն ինքնին։

Կանի՞ նա իր քայլը այս՝ երկրորդ հեղափոխության ճանապարհին։

1in.am

(Visited 105 times, 1 visits today)