Սերժ Սարգսյանը մեղադրե՞լ է Ռոբերտ Քոչարյանին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է իր պաշտպանյալի անունից, որ 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում տեղի ունեցած ոստիկանական գործողության մասին Ռոբերտ Քոչարյանը չի իմացել, այլ տեղեկացել է, երբ այն արդեն կատարված էր՝ 8.30-ին: Ռոբերտ Քոչարյանը փաստորեն հերթական անգամ հայտարարում է, որ տեղյակ չի եղել մարտիմեկյան առանցքային դրվագներից մեկին:

Ինչպես հայտնի է, նա հայտարարում է նաև, որ 0038 հրամանից էլ տեղյակ չէր, և դա պաշտպանության նախարարի նախաձեռնությունն էր: Օրերս Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից ուղերձ էր հղել իր համակիրներին, համախոհներին՝ հորդորելով նրանց լինել ամուր և շարունակել պայքարը, քանի որ տեղի ունեցողը ժամանակավոր է:

Ստացվում է հետաքրքիր իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործում որևէ քայլի համար չի ստանձնում պատասխանատվություն, միաժամանակ հորդորում է իր համախոհներին չընկճվել: Եթե խոսքը այն մարդկանց մասին է, որոնք չեն եղել նախկին պաշտոնյա և ներկայումս պարզապես այս կամ այն մոտիվացիայով պաշտպանում են Ռոբերտ Քոչարյանին, ապա դա մի հարց է: Բայց կան նաև նախկին պաշտոնյաներ, որոնք այս կամ այն առնչությունն են ունեցել մարտիմեկյան իրադարձություններին, այսպես ասած՝ ի պաշտոնե: Նրանք ներկայումս հայտնվում են մի իրավիճակում, երբ նախկին նախագահն ու Գերագույն գլխավոր հրամանատարը որդեգրել է «ոչնչից տեղյակ չեմ» մարտավարությունը: Նա կարող էր ասել, որ տեղյակ է եղել, հանձնարարել է, որոշում է կայացրել, և այդ ամենն արել է իր իրավասության ու լիազորության շրջանակում, ներկայացնելով ապացույցներ, որ քայլերը եղել են անհրաժեշտ: Բայց երկրորդ նախագահը առանցքային դրվագների առումով հայտարարում է, որ տեղյակ չի եղել և տեղեկացել է պոստֆակտում: Դա նշանակում է, որ հարվածի տակ են հայտնվում ավելի ներքևում եղած պաշտոնյաները: Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանն այդպիսով փորձում է նրանց մոտիվացնել «պայքարի», որպեսզի նրանք էլ իրենց հերթին չդնեն պատասխանատվությունն իր վրա:

Ավելին, բացառված չէ, որ նրանք արդեն իսկ արել են դա, այսինքն՝ իրենց քայլերը պայմանավորել են Ռոբերտ Քոչարյանի հրահանգով, և երկրորդ նախագահը հենց դրանով պայմանավորված էլ հայտարարում է, որ ինքը տեղյակ չի եղել առանցքային մի քանի որոշումներից, տեղեկացել է դրանցից հետո:

Սակայն եթե անգամ դիտարկում ենք այդ կանխավարկածը, ապա ստացվում է, որ Գերագույն գլխավոր հրամանատարը թույլ է տվել մի քանի առանցքային զարգացում՝ տեղյակ չլինելով դրան, որոնք էլ ի վերջո հանգեցրել են պետական ու մարդկային ողբերգության:

Ազատության հրապարակում լուսադեմին տեղի ունեցած դրվագը գործնականում առանցքայինն է, քանի որ հենց դրանով է սկսել օրվա իրադարձությունների թեժ ընթացքը՝ գիշերն ավարտվելով տասը մարդու սպանությամբ: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նշում են, ինքն էլ ասել է տարբեր առիթներով, որ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն ամեն օր տեղեկացնում էր Ազատության հրապարակում օպերատիվ իրավիճակի մասին: Եթե տասը օր այդ իրավիճակը եղել է, ու ոստիկանությունը չի դիմել քայլերի, ապա դա նշանակում է, որ իրականում կա՛մ հիմք չի եղել, կա՛մ չի եղել ոստիկանությանը տրված հրաման: Հետևաբար ինչ-որ մեկը հրաման տվել է: Ո՞վ, եթե ոչ՝ Ռոբերտ Քոչարյանը:

Նախօրեին ՀՔԾ-ն չէր հերքել, որ օրերս հարցաքննվել է Սերժ Սարգսյանը՝ այդ ժամանակ վարչապետը: Արդյոք նա ինչ-որ բա՞ն է ասել, որից հետո է Ռոբերտ Քոչարյանը հայտարարում, որ տեղյակ չէր առավոտյան իրադարձություններից: Այն դեպքում, երբ այդ առումով նրան կարծես թե չի առաջադրված մեղադրանք: Իսկ գուցե երկրորդ նախագահը սպասում է այդ առումով էլ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանի հարցաքննությունից հետո:

1in.am

(Visited 596 times, 1 visits today)