Տեր-Պետրոսյանը հետ չմնաց Սերժ Սարգսյանից

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է Հայաստանի պետական հիմնի փոփոխության շուրջ ծավալված քննարկումներին, նախ փորձելով անեկդոտներով ներկայացնել իր դիրքորոշումը, իսկ հետո ասելով, որ Հայաստանն ունի հանրայնորեն քննարկելու ավելի լուրջ անհրաժեշտություն ունեցող հարցեր: Առաջին նախագահը մի կողմից փորձել է ցույց տալ, որ իրավիճակը իր համար, այսպես ասած, հումորային, անեկդոտային է, մյուս կողմից, սակայն, հազիվ թե Լևոն Տեր-Պետրոսյանը հարկ համարեր հրապարակավ անդրադառնալ խնդրին, եթե չունենար լուրջ պատճառ: Ի վերջո նա խոսում է հազվադեպ: Ըստ այդմ՝ ներկայիս խոսքը տալիս է հիմք եզրակացնելու, որ Առաջին նախագահը հիմնի փոփոխությունը քննարկելը լուրջ չի համարում, բայց այն փաստորեն համարում է հրապարակավ իր մասին հիշեցնելու առիթ, ինչն արդեն հետաքրքիր է:

Արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը համարում է, որ պետական օրհներգի փոփոխության այս գործընթացը իր խորքում ունի շատ ավելի լուրջ ակունքներ, քան պարզապես իշխող մեծամասնության մի ներկայացուցչի՝ թեկուզ ԱԺ փոխնախագահի ֆեյսբուքյան խաղը, թե՞ նա տեսնում է խնդիր ոչ թե բուն օրհներգի, այլ այդօրինակ որևէ մարտավարության տեսքով, որ կարող է ունենալ նորանոր դրսևորումներ: Տեր-Պետրոսյանը, սակայն, մտահոգություն չի արտահայտում, այլ փաստորեն հորդորում է խոսել ավելի լուրջ հարցերի մասին: Հենց սա էլ հիմք է տալիս մտածել, որ նա ինքն էլ իր անդրադարձով որևէ տողատակ է բերում տեղեկատվական դաշտ, հասցեագրված մեսիջներով, որոնք կհասկանան կոնկրետ հասցեատերերը: Այս իրողությունն էլ ուշագրավ է մեկ այլ տեղեկատվության ֆոնին՝ Մարտի 1-ի գործում Սերժ Սարգսյանի հարցաքննության, որի վերաբերյալ մամուլի տեղեկությունը Հատուկ քննչական ծառայությունը չի հերքել, ինչը ըստ էության կարող է ունենալ հաստատելու իմաստ: Ըստ էության ստացվում է, որ Մարտի 1-ի գործով «մշտական» ներգրավված Ռոբերտ Քոչարյանին «միանում» է Սերժ Սարգսյանը, որը ցուցմունք է տվել ՀՔԾ-ում: Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը մարտի 1-ի կապակցությամբ, և արդյո՞ք դրա հետ կապ ունի այն, որն օրհներգի առիթով խոսել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հիշեցնելով իր մասին և ավելի լուրջ հարցերի մասին: Մարտի 1-ի գործը, ի վերջո, երեք նախկին նախագահների քաղաքական կարիերայի հատման ցավալի ու ողբերգական կետն է:

1in.am

(Visited 101 times, 1 visits today)