Քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ դժգոհությունը մեծանում է. հակահեղափոխության վտանգը չի վերացել

Այն, որ իշխող ուժի առանձին ներկայացուցիչների որոշ հայտարարություններ առաջացնում են հանրության դժգոհությունը և դա վնասում է ամբողջ թիմի, այդ թվում նաև վարչապետ Փաշինյանի հեղինակության՝ փաստ է։ Գաղտնիք չէ, որ այդօրինակ հայտարարություններն ու գործողությունները ձեռնտու են այն քաղաքական ուժերին, որոնք նոր և ինչ-որ տեղ անփորձ թիմի գործողությունները թմբկահարելով կարող են սեփական օրակարգն առաջ տանել ու փորձել շահել հասարակության վստահությունը։

Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն շրջանառվում է այն տեսակետը, որ թեև Ազգային ժողովի ընտրություններն այլևս անցյալում են, և վարչապետ Փաշինյանն ունի վերահսկողություն թե՛ գործադիրում և թե՛ նաև օրենսդիրում, հակահեղափոխության վտանգը բնավ չի մարել։ Օրերս այս միտքը մեզ հետ զրույցում հանգամանալից ներկայացրել էր ԳԽ պատգամավոր Երջանիկ Աբգարյանը՝ շեշտելով, որ ԱԺ ընտրություններին նախորդող շրջանի հետ համեմատ հակահեղափոխության վտանգը կրկնապատկվել է։ «Ցավով պետք է նշել, որ հեղափոխությունը շատ հարցերում տեղապտույտ է տալիս: Իշխանությունը մասնակի է գրավված, հին բյուրոկրատիան չնչին փոփոխությունների է ենթարկվել, իշխանության լավ չմտածված որոշ գործողությունները հասարակության կողմից բացասական արձագանք են ստանում։ Այս իրադրության մեջ աստիճանաբար գլուխ է բարձրացնում դավաճանական հակահեղափոխականությունը: Եթե համեմատենք դեկտեմբերի 9-ից առաջ եղած դրությունը ներկայիս իրադրության հետ, կարելի է ասել, որ այսօր հակահեղափոխության վտանգը կրկնապատկվել է: Եվ դա հետևանք է այն բանի, որ հեղափոխական իշխանությունն անհրաժեշտ չափով դեռ չի ամրապնդվել և իր հսկողության տակ չի առել երկրի հանրային կյանքի զարգացումները»,- նշել էր Աբգարյանը։

https://www.aysor.am/news_images/453/1356989_1/28.thumb.jpg

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային, նշեց՝ փաստ է, որ կառավարությունը և իշխող ուժը էֆեկտիվ չեն գործում։ «Հասարակության շրջանակներում կային գերսպասումներ, ընդ որում՝ դրանք առաջացրել են հենց իշխանությունները՝ ժամանակին տարբեր խոստումներ տալով։ Հիմա փաստ է, որ այդ գերսպասումները արդարացված չեն։ Բայց ասել, որ հենց հիմա կան նախադրյալներ, որ լինելու է հակահեղափոխություն՝ չեմ կարծում, որ հիմա նման վիճակ է»- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ առայժմ վերջնականապես ձևավորված չէ ընդդիմադիր դաշտը. «Որպեսզի լինի հակահեղափոխություն, դա պարտադիր պայման է։ Իսկ ընդհանուր առմամբ՝ նորմալ գործընթաց է, երբ ընդդիմությունը ձգտում է իշխանության։ Իսկ ընդդիմությունն այնքան արագ է ձևավորվում, որքան թուլանում է իշխանությունը։ Մենք հիմա նման մի գործընթացի ենք սկսում ականատես լինել, բայց դա այնքան սրընթաց չէ, որքան թվում է»։

Քաղտեխնոլոգը միևնույն ժամանակ արձանագրում է, որ իշխանությունները վարկանիշի որոշակի անկում են գրանցել. «Թեպետ նշեմ, որ նոր Հայաստանում սոցիոլոգիական հարցումներ չեն իրականացվում, և որևէ բանի մասին կարծիք հայտնելիս պետք է հենվենք մեր առանձին տպավորությունների վրա։ Փաստենք, որ կա էյֆորիայի բավականին լուրջ անկում, վարկանիշի որոշակի անկում՝ վարչապետի թիմի հետ կապված։ Հանրությունը շարունակում է իրարից զատել վարչապետին ու իր թիմին, մի ձևի ընկալում վարչապետին, այլ ձևի՝ իր թիմը։ Կարող եք արձանագրել, որ ընդդիմությունը ուշ թե շուտ սկսելու է հավակնել իշխանության, դա ընդդիմության սուրբ գործառույթն է, ու այժմ գնում են գործընթացներ ընդդիմադիր դաշտում տեղ գրավելու հետ կապված։ Իշխանության ռեյտինգի հնարավոր անկմանը զուգահեռ նրանք փորձելու են օգտվել իրավիճակից, ամրապնդել իրենց դիրքը քաղաքական դաշտում։ Թե ինչքան արագ կլինի ընդդիմադիր դաշտի ձևավորումն ու ամրապնդումը՝ այս պահի դրությամբ գուշակության տիրույթում է։ Ես արձանագրում եմ, որ կա գործընթաց։ Բայց խոսել այն մասին, որ հենց հիմա մենք մոտ ենք հակահեղափոխության՝ ես այդ տեսակետը չեմ կիսում»։

Հակոբյանը շեշտեց՝ թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ ԶԼՄ-ներում նկատելի է, որ կա հանրային տրամադրության որոշակի փոփոխություն. «Մեր իշխանության ադեկվատ հատվածը հասկանում է, որ կան նման տրանսֆորմացիաներ, վարչապետը ևս՝ որպես այս իշխանության ամենաադեկվատ գործիչ, հասկանում է դա։ Համենայնդեպս, իր ելույթների, լայվերի որոշակի լրջությունից էլ նկատելի է, որ նա հասկանում է, որ իներցիայի վրա հույս դնելը անհեռանկարային գործ է»։

https://www.tert.am/cache_image/news_images/927/2780818_1/maxresdefault-770x510.jpg

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ինչպես և նախկինում կանխատեսել էինք, ընտրություններից հետո խորհրդարանից դուրս ձևավորվելու է հզոր ընդդիմություն. «Պայմանականորեն ասած՝ նոքդաունի ենթարկված նախկին իշխանությունները ուշքի են գալու, վերախմբավորելու են ուժերը և փորձելու են կազմակերպված քաղաքական աշխատանք իրականացնել՝ և՛ կառույցներով, և՛ լրատվամիջոցներով։ Հիմա մենք դրան ենք ականատես լինում, ինչին, ցավոք սրտի, նպաստում են իշխանության որոշ երիտասարդ, անփորձ ներկայացուցիչների սխալ արտահայտություններն ու քայլերը»։

Բաղդասարյանն ընդգծում է՝ այդ ուժերի շարքում է թե՛ ՀՀԿ-ն, թե՛ Ռոբերտ Քոչարյանն ու նրա բավականին հզոր ռեսուրսները, այդ թվում՝ մեդիա տիրույթում. «Կարծում եմ՝ իշխանությունները սա պետք է հաշվարկեն ու ավելի կշռադատված ու հաշվարկված գործեն»։

Մեր զրուցակիցը հավելեց՝ անհրաժեշտ է կարգավորել ոչ միայն խմբակցության, այլև գործադիր իշխանության միջին և վերին օղակների աշխատանքը. «Պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց գործունեության հանրային ընկալմանը։ Բայց նաև քարոզչությունն այնպիսի բան է, որ ցանկացած պատգամավորի լեզվական սայթաքում կարելի է հսկայական մեծ փուչիկ սարքել ու դրա շուրջ աղմուկ բարձրացնել։ Իրենք էլ պետք է կարգավորեն շփումը հասարակության հետ ու ավելի կշռադատված խոսեն։ Ավելին՝ ես կարծում եմ, որ լավ կլինի, եթե ինֆորմացիոն դաշտում ընդդիմության շատ ակտիվ օնլայն գործունեությանը հակակշռող ինչ-որ կառույց ստեղծվի։ Ֆեյք լուրերով, ակնհայտ միակողմանի ինֆորմացիայով ընդդիմությունը շատ ակտիվ փորձում է ազդել հասարակության գիտակցության վրա»։

Արմեն Բաղդասարյանի խոսքերով՝ այս պահին հակահեղափոխությունը ռեալ չէ, բայց և դա միանգամից չի արվում. «Մտահոգության կարիք կա և այնպես չէ, որ, ասենք, դե լավ, պետք չէ մտահոգվել… դա այն խնդիրն է, որտեղ քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ հասարակության վերաբերմունքը փոխվում է»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

(Visited 157 times, 1 visits today)