Արդյոք վարչապետը ի զորու է պահել իր ուսերին կառավարության ամբողջ ծրագիրը…

Հայաստանի կառավարությունը փաստացի հավանության է արժանացրել հնգամյա ծրագիրը, որը պետք է ներկայացվի խորհրդարան: Նշում ենք փաստացի, քանի որ նախագիծը քվեարկության չի դրվել մինչև փետրվարի 8-ը խմբագրական շտկումներ անելու համար: Թեև նախագիծը ունի այդ շտկումների կարիքը, այն, իհարկե, գործնականում ամբողջական փաստաթուղթ է, ընդամենը տեխնիկական ընթացակարգ ենթադրող մեկ-երկու օրվա աշխատանքով: Կառավարության հնգամյա ծրագիրը իշխանության գործնականում առանցքային, ռազմավարական փաստաթուղթն է:

Իշխանության, որովհետև տվյալ պարագայում խոսքը հենց իշխող ուժի ներկայացրած գործունեության ծրագրի մասին է, քանի որ կան նաև փաստաթղթեր, որոնք առանցքային են պետության համար՝ տարբեր ոլորտների զարգացման երկարաժամկետ կոնցեպտները, ռազմավարությունները, որոնք մեկ ուժի իշխանության շրջանի համար չեն:

Կառավարության հնգամյա ծրագիրը, իր բովանդակությամբ, ոգևորիչ է և զգալիորեն արտացոլում է Հայաստանում թավշյա հեղափոխության հռչակագրերն ու նպատակները, սպասումներն ու ակնկալիքները: Սակայն ամենևին նոր բան ասած չենք լինի, իհարկե, եթե նկատենք, որ կառավարությունների ծրագրերը մինչև թավշյա հեղափոխություն էլ եղել են ոգևորիչ, կամ հուսահատեցնող, տխրեցնող չեն եղել: Հայաստանը երբեք չի ունեցել լավ և գեղեցիկ ծրագրերի, նպատակների պակաս: Պակասել է դրանք իրականացնելու քաղաքական կամքը և, իհարկե, մասնագիտական կարողությունը, քանի որ այդ գեղեցիկ ծրագրերը ստորադասվել են այն շահերին, որ կրել է իշխող նախկին համակարգը: Իսկ այդ համակարգի բնութագրիչը եղել է սերտաճումը բիզնեսի հետ, ու որպես արդյունք՝ կոռուպցիան: Այդ ամենի հիմքում էլ իհարկե եղել է աշխարհայացքը, մարդկային տեսակը, պատկերացումներն ու արժեհամակարգը: Ի՞նչ է փոխվել այժմ: Աներկբա է, որ այժմ չկա բիզնեսի և իշխանության սերտաճում և համակարգային կոռուպցիայի վրա կառուցված պետական կառավարման համակարգ: Դա նշանակում է, որ կա քաղաքական կամքի կայուն և ամուր նախադրյալ: Իսկ կա՞ այդ կամքը կենսագործելու մասնագիտական ներուժը: Դա հարց է, որը չունի նույնքան աներկբա պատասխան, որքան առաջին հարցի՝ քաղաքական կամքի առկայության պարագայում:

Կադրային բազայի խնդիրը հրապարակավ ընդունել է հենց ինքը վարչապետ Փաշինյանը, դեռևս ամիսներ առաջ հայտարարելով կադրային բանկի ստեղծման գաղափարի մասին: Սակայն հարցը, կադրային քաղաքականության արեալը սկզբունքորեն փոփոխված չէ: Մենք բացարձակապես հեռու ենք այն տեսակետից, թե վիճակն այդ առումով աղետալի է, անկումային, թե տապալումներ են աջ ու ձախ: Լիովին հասկանալի է, թե ինչ աղբյուրներից են գեներացվում այդ մտայնությունն ու տրամադրությունները, ու ինչ նպատակով: Մյուս կողմից, սակայն, ակնառու է, որ կառավարության ներկայացրած հնգամյա ծրագիրը՝ կամ դեռևս դրա նախագիծը, իր նշաձողերով և բովանդակային, որակական սահմանումներով շատ ավելի բարձր է, քան պետական կառավարման համակարգի կադրային ներկայիս ներուժը, համենայնդեպս՝ մինչ այժմ եղած տպավորությամբ: Եվ որքան էլ այստեղ լիովին հասկանալի է թավշյա հեղափոխությունից հետո առաջանալիք որոշակի վակուումի անխուսափելիությունը, այդուհանդերձ անկասկած է, որ կառավարության հնգամյա ծրագրի արդյունավետ և դինամիկ իրականացումը պահանջելու է նաև կադրային քաղաքականության ոլորտում արդյունավետ և դինամիկ նոր լուծումներ: Հակառակ դեպքում՝ վարչապետ Փաշինյանն ու իրապես արդյունավետ և համակարգային մտածողություն և ռազմավարական պատկերացում ունեցող պաշտոնյաների բավականին նեղ շրջանակը ի զորու չեն լինի կառավարության ամբողջ ծրագիրը պահել իրենց ուսերին։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

1in.am

(Visited 63 times, 1 visits today)