Մարտի 1- ի գործի նյութերին Վիտալի Բալասանյանը չի կարող ծանոթանալ . ՀՔԾ-ից արձագանքում են

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհդրի քարտուղար Վիտալի Բալասանյանը Մարտի 1-ի գործի նյութերին չի կարող ծանոթանալ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում, արձագանքելով Վիտալի Բալասանյանի հայտարարությանն, ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Գործի նյութերին կարող են ծանոթանալ միայն քրեական դատավարության մասնակիցները, այդ ընթացակարգը սահմանվում է քրեական դատավարության օրենսգրքով,-ասաց Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք՝ օրերս Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի արձագանքին։

«Ծանոթացա Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մեկնաբանությանը հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան իմ հնչեցրած պատասխանների վերաբերյալ։ Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը՝ իրավական տեսանկյունից քննարկելու վերը նշված իրադարձությունները՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո»,-ասված էր Բալասանյանի հայտարարության մեջ։

Մինչ այդ հունվարի 28-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Վիտալի Բալասանյանն անդրադարձել էր մարտի մեկի արյունալի դեպքերին և այդ առնչությամբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք ունենան։ Վիտալի Բալասանյանը, մասնավորապես, ասել էր. «Ամոթ է, ճիշտն ասած, չի կարելի այդպիսի բաներ ասել: Մանավանդ էս վերջին ժամանակները մենք տեսնում ենք զոհվածների ծնողներին, երբ որ տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ ընտանիքներին գցել են նման իրավիճակի մեջ: Էդ սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է»։

Ի պատասխան՝ նույն օրը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել էր․ եթե Վիտալի Բալասանյանն ամոթանք է տվել, դա թողնում է նրա խղճին, իսկ եթե նա լուրջ իրավաբան է, իրեն հրավիրում է՝ գա, նստի, քննարկեն իրավաբանական տեսանկյունից:

zham.am

(Visited 146 times, 1 visits today)