Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «պատերազմը»

ՀՔԾ-ում Սերժ Սարգսյանի հարցաքննության թեման դարձել է քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկը։ Բնականաբար, հարցը քննարկելի ու ակտուալ է ամենևին էլ ոչ միայն իրավական հարթության վրա։

Երրորդ նախագահը կոնկրետ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի համար, ու դա թերևս ապացուցված է բազմաթիվ դրվագներով։ ՀՔԾ-ն, ըստ ամենայնի, հիմա շարժվում է այն տրամաբանությամբ, որը ժամանակին ընկած էր Փաստահավաք խմբի բացահայտումների հիմքում։ Իսկ Փաստահավաք խումբը գրեթե ապացուցված էր համարել, որ 2008-ի մարտի 1-ի երեկոյան բանակային ստորաբաժանումներ են գտնվել նաև կառավարության շենքի հարակից տարածքում։ Բնականաբար, այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը չէր կարող տեղյակ չլինել զորքերի այդ շարժից, եթե չասենք, որ ուղղակիորեն մասնակից է բանակը ներքաղաքական զարգացումներին խառնելու գործընթացին։

Անցած տասը տարիների ընթացքում ՀՀԿ գործիչները հետևողական քարոզչության միջոցով փորձել են Մարտի 1-ը «մաքրել» Սարգսյանի վրայից՝ տողատակում ակնարկելով, որ Ռոբերտ Քոչարյանը «սարքել» է երրորդ նախագահի գլխին։ Այս վարկածը, մինչդեռ, ընդամենը վկայել է Քոչարյան-Սարգսյան հակադրության մասին, սակայն, ըստ էության, կիրառական կապ չունի Մարտի 1-ի հարցում ՀՀԿ առաջնորդի իրական դերակատարության հետ։ Ի վերջո, եթե չլինեին կեղծված ընտրություններն ու տասը քաղաքացիների գնդակահարությունը, Սարգսյանը Հայաստանի նախագահ դառնալ չէր կարող։

Այդ ամենը հուշում է, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի ակտիվ դերակատարներից մեկն է, հակառակ պարագայում նա «օկուպացված» ու «ամայացված» Երևանում անցկացված ինագուրացիայի միջոցով չէր ստանձնի նախագահությունը։

Սրան հավելենք այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը տասը տարի եղել է երկրի ղեկավար՝ գրեթե անսահմանափակ իշխանությամբ, ու եթե մասնակից չէ ոճրագործության կազմակերպմանը, ապա ուներ բոլոր իրական հնարավորությունները Մարտի 1-ի համապարփակ բացահայտմանը հասնելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Սակայն մենք տեղյակ ենք տրամագծորեն հակառակ փաստերի մասին. նրա նախագահության շրջանում իրեղեն ապացույցներն են թաքցվել կամ կեղծվել, տեղի են ունեցել խայտառակ դատավարություններ։

Այլ խնդիր է, որ Մարտի 1-ը եղել է քաղաքական հանգամանք, որը մեծապես պայմանավորել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բավականին բարդ հարաբերությունները։ Այս հանցագործությունը, իհարկե, ընդհանրացնում է նրանց կառավարման շրջանը՝ քրեաօլիգարխիկ համակարգի կառավարման համատեքստում, մյուս կողմից՝ Մարտի 1-ը եղել է գործոն, որը երկու նախկին նախագահներն օգտագործել են միմյանց դեմ՝ համակարգում իրենց ազդեցությունը մեծացնելու կամ մյուսինը սահմանափակելու համար։

Հիմա Մարտի 1-ը դարձյալ Քոչարյանի ու Սարգսյանի «պատերազմի» պատճառ է դառնալու. նրանցից յուրաքանչյուրը փորձելու է գոնե անուղղակիորեն «փուռը» տալ դիմացինին՝ ոճրագործության հիմնական պատասխանատուի խարանից ազատվելու համար։ Այդ քողարկված պատերազմը հին համակարգի ներսում նոր բարիկադներ է ստեղծելու՝ նպաստելով սկանդալային նոր բացահայտումներին ու դառնալով նոր ինտրիգների առիթ։

1in.am

(Visited 214 times, 1 visits today)