ԲՀԿ-ն իրենից ոչինչ չի ներկայացնում. այն ուժը չէ, որ ըմբոստացել է իշխող ուժի դեմ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ապօրինի ձեռնարկատիրության և հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել։ Պարզվել է, որ Արտյոմ Զոհրաբյանը 2015-ի հոկտեմբերից 2018-ի մայիս ամիսը ներառյալ «Արարատցեմենտ» ընկերությունից առանց համապատասխան հաշվապահական ձևակերպումների մեկ տոննան 51.500 դրամ կանխիկ գումարով ձեռք է բերել շուրջ 540.000.000 դրամի ցեմենտ, որն իրացրել է 54.000 դրամով։ Առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպումների կատարված գործարքի հետևանքով «Արարատցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 81.000.000 դրամը գերազանցող նյութական վնաս։

Բացի այդ, Արտյոմ Զոհրաբյանը դարձյալ իր ծանոթ Արսեն Առաքելյանի միջնորդությամբ բանավոր համաձայնություն է ձեռք բերել «Արարատցեմենտ» ընկերության տնօրինության հետ մեկ տոննա ցեմենտը 54.000 դրամով գնելու վերաբերյալ։ Պարզվել է, որ Արտյոմ Զոհրաբյանը 2018-ի հունիսից օգոստոս ընկերությունից գնել է 200.950.500 դրամի 3721 տոննա ցեմենտ։ Համաձայն պայմանավորվածության՝ գումարը ընկերության հաշվեհամարին փոխանցելուց հետո Արսեն Առաքելյանի միջոցով գնորդը յուրաքանչյուր տոննայի դիմաց վճարած 54.000 դրամից 3000 դրամ հետ է ստացել։ Նշված ապօրինի գործունեության արդյունքում ևս պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Այն, նախնական հաշվարկով, 188.000.000 միլիոն դրամ է։

Ինչպես գիտենք, «Արարատցեմենտ» ընկերությունը պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Արդյոք ԲՀԿ նախագահին պատկանող գործարանում արված բացահայտումներում կարելի՞ է քաղաքական հետք տեսնել։ Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը այս բացահայտումների մեջ քաղաքական միտում չի տեսնում։ Նրա գնահատմամբ՝ ԲՀԿ-ն այն ուժը չէ, որ ըմբոստացել է իշխող ուժի դեմ, վերջինս էլ կիրառում է նախկին իշխանությունների գործիքակազմը կամ մեթոդաբանությունը՝ իր ընդդիմությանը ճնշելու համար: «Ենթադրում եմ, որ սա զուտ տնտեսական ոլորտին վերաբերող հարց է։ Ընտրությունները ցույց տվեցին, որ ԲՀԿ-ն այլևս այն ուժը չունի, ինչն ուներ ՀՀԿ-ի կառավարման տարիներին»,- հավելեց նա։

ԲՀԿ-ն, ըստ էության, «Իմ քայլը» դաշինքին պետք չէ նաև խորհրդարանում։ Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ իշխող քաղաքական ուժն ունի քաղաքական մեծամասնություն, և ԲՀԿ-ի կողմ կամ դեմ քվեարկելը որևէ կապ չունի՝ ցանկացած որոշում «Իմ քայլը» դաշինքը կարող է անցկացնել։

«Այս պահի դրությամբ, ԲՀԿ-ն իրենից ոչինչ չի ներկայացնում։ Չեմ կարող ասել, թե ինչ կլինի, եթե հետագայում իշխանության և հատկապես վարչապետի վարկանիշը անկում ունենա։ Չեմ կարող ասել, թե այդ դեպքում ԲՀԿ-ն իրեն ինչպես կպահի, որովհետև մենք տեսանք նախորդ տարվա հոկտեմբերի 2-ի իրադարձությունները։ Այս պարագայում, կարծում եմ, տեղի ունեցածը զուտ տնտեսական գործունեության հետ է կապված, որովհետև այս պահի դրությամբ ԲՀԿ-ն որևէ տեսանելի վտանգ չի ներկայացնում»,- ասաց նա։

ԲՀԿ-ն, Արմեն Բադալյանի խոսքով, իրենից կսկսի վտանգ ներկայացնել, երբ փորձի ակտիվ քաղաքական գործունեություն իրականացնել, երբ տեսնենք այդ կուսակցության ռեբրենդինգը, այդ ժամանակ գուցե խնդիրներ առաջացնի իշխող ուժի համար, բայց այս պահի դրությամբ կուսակցությունում որևէ այդպիսի գործընթաց տեղի չի ունենում, ԲՀԿ-ն իր նախկին վարկանիշի իներցիայով գնում է առաջ։

«Այնպես որ, այս պահին իշխանությունները կարիք չունեն ոստիկանության միջոցով ճնշում գործադրելու ԲՀԿ առաջնորդի վրա կամ ինչ-որ մեսիջ տեղ հասցնելու։ Դրա կարիքը չկա, իսկ երբ կարիքը լինի, վարչապետը կարող է իր մոտ հրավիրել ԲՀԿ առաջնորդին և փակ դռների հետևում ինչ-որ հարց քննարկել»,- հավելեց նա։

Հարցին՝ ԲՀԿ-ն առհասարակ կարո՞ղ է ընկալվել որպես ընդդիմություն հանրության շրջանում՝ հաշվի առնելով, որ մինչև հիմա նույնիսկ այդ հստակեցումը չկա, Արմեն Բադալյանը նշեց, որ այստեղ որոշ հասկացություններ կան, որոնք խեղաթյուրվել են քաղաքական դաշտում։ Այդքան կարևորել ընդդիմության դերը, ըստ նրա, պետք չէ։
«Իրավական կարգավիճակով, այո, ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» ընդդիմություն են, բայց նրանց գործունեության հիմնական ուղղությունը ոչ թե պետք է այն լինի, որ անընդհատ քննադատեն և ցույց տան, որ իրենք ընդդիմություն են, այլ պետք է իրենց կողմից այլընտրանք ներկայացնելու պահանջը կարևորվի։ Ընդդիմություն այսպես թե այնպես կլինի, քննադատություն կլինի, բայց դեկտեմբերի 9-ից հետո դա այնքան էլ էական չէ։ Հիմա շատ ավելի էական է, թե արդյոք ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» կկարողանա՞ն գրավիչ այլընտրանք ներկայացնել հասարակությանը»,- ասաց նա։

Կառավարությունը բերում է կառավարության կառուցվածքային փոփոխություններ, և, ըստ նրա, բնական է, որ և՛ ԲՀԿ-ն, և՛ «Լուսավոր Հայաստանը» կքննադատեն, մասնավորապես, սուպերվարչապետական համակարգը, բայց հարցն այն է, թե արդյոք այդ ուժերը կարո՞ղ են այլընտրանք լինել «Իմ քայլը» դաշինքին ցանկացած ոլորտում՝ և՛ արտաքին քաղաքականության, և՛ ներքին քաղաքականության, և՛ արժեհամակարգային։ «Խոսքը ոչ թե այնպիսի այլընտրանքի մասին է, ինչպիսին ժամանակին իրեն համարում էր ԲՀԿ-ն. դա կեղծ այլընտրանք էր, քանի որ ԲՀԿ-ն պարզապես չէր ուզում իրեն ընդդիմություն անվանել, ընտրել էր «այլընտրանք» անվանումը։ Հիմա կարևոր է, թե այդ ուժերը կարո՞ղ են իրական այլընտրանք ներկայացնել հասարակությանը, որ հասարակությունն էլ, տեսնելով այդ երկու ուժերին, տեսնի, որ նրանք կարող են փոխարինել «Իմ քայլը» դաշինքին։ Կոնկրետ ԲՀԿ-ի առումով այդ այլընտրանքը չենք տեսնում»,- նշեց Արմեն Բադալյանը։

1in.am

(Visited 181 times, 1 visits today)