Իրավապահ համակարգն անելիք ունի. հանցագործությունները նախորդ տարվա համեմատ աճել են

Ավտովթարների հետևանքով ունենք 220 մահվան ելք՝ 44 դեպքով ավելին, քան 2017թ., իսկ բնակարանային գողությունների թիվն ավելացել է 549-ով՝ կազմելով 1438 դեպք։

1557 դեպքով ավելացել են միջին ծանրության, 914-ով՝ ծանր հանցագործությունների, 60-ով՝ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը։

Նվազել են սպանությունների դեպքերը:

184-ով նվազել են հրազեն, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառության դեպքերը:

311 դեպքով ավելացել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպքերը, 44-ով ավելացել են մահվան ելքերը: Արձանագրվել է 220 մահվան ելքով ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպք։

394 դեպքով նվազել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը:

32 դեպքով ավելացել է խուլիգանությունների թիվը:

Ռեկորդային աճ է գրանցվել պետական կամ հանրային գույքի հափշտակությունների ոլորտում:

2018թ. գրանցվել է 492 դեպք՝ 362-ով ավելի, քան 2017թ.:

Աննախադեպ խարդախության աճ է գրանցվել պետական կամ հանրային գույքի հափշտակությունների ոլորտում։ Մասնավորապես, 2017թ. արձանագրված 32 դեպքի համեմատ, 2018թ. նշված ոլորտում արձանագրվել է 210 խարդախության դեպք, իսկ 2017թ. 43 դեպքի համեմատ, 2018թ. արձանագրվել է 226 յուրացման դեպք։

1453 դեպքով աճել է անձնական գույքի հափշտակությունների թիվը, մասնավորապես՝ 57 դեպքով՝ կողոպուտի, 1134 դեպքով՝ գողությունների, 194 դեպքով՝ խարդախությունների, 68 դեպքով՝ յուրացումների:

549 դեպքով ավելացել է բնակարանային գողությունների թիվը:

Շուրջ 304 դեպքով ավելացել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, մասնավորապես՝ 2017թ. արձանագրված 163 դեպքի համեմատ, 2018թ. 298 դեպքով ավելացել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը, ընդհանուրը՝ 461 դեպք:

Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքերով՝ հանցագործությունների աճի միտումը վտանգավոր է և մտահոգիչ։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, կարծում է, որ չի կարելի 2018-ի վիճակագրությունը համեմատել 2017 թվականի վիճակագրության հետ, քանի որ նախորդ տարիների վիճակագրության ճշգրտությունը խոր կասկածների առիթ է տվել։ «Անգամ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները, մահվան դեպքերի վիճակագրությունը հստակ չէր նախկինում։ Շատ դեպքեր թաքցվում էին, քրեական գործերը կարճվում էին, ծածկադմբոց էին անում ու ամեն ինչ ավարտվում էր։ Շատ դեպքերում բանը անգամ քրեական գործերին չէր հասնում։ Այնպես որ սխալ է հստակ համեմատություն անել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սաքունցը՝ հավելելով, որ նորմալ է, որ նոր իրավիճակում պետք է խնդիրներ առաջանային, քանի որ նոր իրողությունների պարագայում պետական մարմինների ռեսթարտ արվեց, և այդ անցումային ժամանակահատվածը սովորաբար ուղեկցվում է նման դրսևորումներով։

Մեկ այլ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքերով էլ՝ հանցագործությունների աճը, ինչ խոսք, մտահոգիչ է, բայց դա չի կարելի անմիջականորեն կապել ներկայիս իշխանությունների հետ, ոչ էլ առանձնապես համաներման հետ։ «Ես հանցագործությունների աճը չեմ կապում համաներման հետ, չնայած այս օրերին տեղեկություններ եղան, որ համաներման արդյունքում ազատված որոշ անձինք դիմել են կրկնահանցագործության։ Ես կարծում եմ, որ հանցագործությունների աճը դեռևս նախորդ իշխանություններից եկող երևույթ է, որը կանխելու համար իրավապահ մարմինները անելիք ունեն։ Նախկին ոստիկանապետն ամբողջությամբ ծառայում էր իշխանությանը, և հանցագործությունների բացահայտումը թողնված էր ինքնահոսի, դրա համար այդ հետևանքները գալիս են մինչ այս օրեր։ Բայց ներկայիս իրավապահ համակարգը պետք է շատ զգոն լինի, որ այս վիճակագրությունը հաջորդ տարի անկում գրանցի»,- ընդգծեց Ժաննա Ալեքսանյանը։

1in.am

(Visited 31 times, 1 visits today)