Քոչարյանը կմնա կալանքի տակ. Սերժ Սարգսյանը «պլստա՞ց»

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները, խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ. Քոչարյանը կմնա կալանքի տակ:

Այսօրվա որոշումն անշուշտ կանխատեսելի էր, սակայն որոշակի ինտրիգ, այնուամենայնիվ, կար, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ օրերս Մարտի 1-ի գործով հարցաքննվել էր Սերժ Սարգսյանը։ Երրորդ նախագահն առայժմ վկայի կարգավիճակ ունի, սակայն նկատելի է, որ որոշակի քարոզչական ֆոն է ստեղծվում նրա հարցաքննության շուրջ։

Ինքը՝ Սերժ Սարգսյանը, ու ՀՀԿ-ն չեն արձագանքում հարցաքննության փաստին, համենայնդեպս՝ այս թեմայով չեն հնչել պաշտոնական գնահատականներ կամ հայտարարություններ, փոխարենը Ռոբերտ Քոչարյանի թիմն այս օրերին փորձում է երկրորդ նախագահին դուրս բերել Մարտի 1-ի պատասխանատվության դաշտից։ Փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր Ռոբերտ Քոչարյանը պոստֆակտում է տեղեկացվել 2008-ի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների կամ ՊՆ նախարարի 0038 չարաբաստիկ հրամանի մասին։

Սերժ Սարգսյանի հարցաքննության ֆոնին ակնհայտորեն ձևավորվում է մի համատեքստ, թեկուզև անուղղակիորեն, որ հենց ՀՀԿ առաջնորդն է Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն՝ լինելով 2008-ի նախագահական ընտրությունների հիմնական շահառուն։ Այս հարթության վրա ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի շահերը Մարտի 1-ի գործի այս հանգրվանում առնվազն հակադրվում են, եթե չասենք՝ գործ ունենք քարոզչական ու մարտավարական քողարկված պատերազմի հետ։

Ի՞նչ է Սերժ Սարգսյանը խոսել չորսժամանոց հարցաքննության ժամանակ՝ չենք կարող ասել, սակայն պարզ է, որ այդ տևական գործընթացից հետո նրա նախաքննական կարգավիճակը չի փոխվել։ Այլ խոսքով՝ Սերժ Սարգսյանը ՀՔԾ շենք մտել ու դուրս է եկել վկայի կարգավիճակով։ Ռոբերտ Քոչարյանի պարագայում գործել էր այլ տրամաբանություն. նրան մեղադրանք էր առաջադրվել հենց առաջին հարցաքննության մեկնարկին, ինչին հետևեց կալանավորումը։

Ինտրիգը հենց այն է, որ Սերժ Սարգսյանը նույնիսկ հարցաքննությունից հետո շարունակում է մնալ վկայի կարգավիճակում, իսկ Ռոբերտ Քոչարյանի կալանքը մնաց անփոփոխ։

Արդյոք Սերժ Սարգսյանն «օգնե՞լ» է նախաքննությանը ավելի ամրապնդելու Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը, մանավանդ, որ ուներ դրա բարոյական իրավունքը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին օրերին երկրորդ նախագահն ակնհայտորեն փորձում է «մաքրել» իրեն՝ փաստացի «փուռը տալով» իր թիմակիցներին, առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանին, թե՞ վերջինիս հարցաքննությունն ուղղակի կապ չունի Քոչարյանի դատական նիստի հետ։ Դժվար է ստույգ պատասխան տալ այս հարցին։ Համենայնդեպս, դատական նիստից հետո Քոչարյանի պաշտպանական թիմը հնարավորինս քաղաքականացրել է հարցը։

«Այս որոշումը 100%-ով քաղաքական որոշում է՝ քաղաքական պատվերի շրջանակներում կայացված»,- ասել է փաստաբան Ալումյանը։ «Պարոն Քոչարյանը հերթական անգամ համոզվեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման»,- ասել է Ալումյանը՝ հավելելով, որ այդ մասին Քոչարյանն ասել է դատարանի որոշման հրապարակումից ու դատական նիստի ավարտից հետո փաստաբանների հետ զրույցում։ «Նա արտահայտեց այն կարծիքը, որ այս գործով արդարադատություն չի իրականացվում, իրականացվում է քաղաքական հետապնդում»,- ասել է Ալումյանը։

Այս գնահատականների ֆոնին ավելի ուշագրավ է դառնում Սերժ Սարգսյանի ու նրա թիմի լռությունը։ Զուտ իրավական հարթության վրա ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի հիմնական կազմակերպիչն ու պատասխանատուն է, սակայն ամենևին էլ այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը «հրեշտակ» է, ու նախաքննության մարմինը չի կարող նրան մեղադրանք առաջադրել ու կալանավորման միջնորդություն ներկայացնել։

Խնդիրն այստեղ քաղաքական է. Նիկոլ Փաշինյանի համար դժվար կլինի միջազգային գործընկերներին հիմնավորել երկու նախկին նախագահների միաժամանակյա կալանքը։ Այս տրամաբանության համատեքստում կարելի է ենթադրել, որ եթե Ռոբերտ Քոչարյանը շարունակելու է մնալ կալանքի տակ, ապա Սերժ Սարգսյանը, գոնե այս պահին, այսպես ասած՝ «պլստացել» է՝ խույս տալով մեղադրյալ, առավել ևս՝ կալանավոր դառնալու հեռանկարից։

1in.am

(Visited 52 times, 1 visits today)