Դանդաղ գործող ռումբ. Հայաստանին պետք է չուշանալ

Մինչ հայաստանյան կյանքն ընթանում է իր կեղծ ու անկեղծ օրակարգերի բախումով, այս անցնող օրերին ռուսաստանյան հանրությունը բախվել էր կեղծ ահազանգերի տոտալ խնդրին, երբ Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվայում լինում էին այս ու այն հաստատությունում ռումբի, ականապատման մասին ահազանգեր: Իրավապահները բնականաբար տարհանում էին մի քանի հազար մարդ ահազանգը ստուգելու համար: Ինչքան կշարունակվի այդ տեղեկատվա-հոգեբանական տեռորը, դժվար է ասել, սակայն գործնականում դրա վերաբերյալ որոշակի անզորություն էր խոստովանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը: Նա ասել էր, որ, ցավոք, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաները հասանելի են նաև այդպիսի հանցագործներին: Սա, ըստ էության, խորհրդանշական հայտարարություն է, որը իր խորքում պարունակում է շատ ավելի լայն խնդիրներ ու իրողություններ, քան ռումբերի մասին կեղծ ահազանգերը, որոնք կաթվածահար են անում կյանքը տարբեր քաղաքներում, օրվա տարբեր ժամերին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը փաստորեն խոստովանում է որոշակի անզորություն տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Իսկ սա կարող է ունենալ երկու, այսպես ասած, ճյուղավորում՝ կամ իրապես անզորություն ու դրա ենթագիտակցական խոստովանում, կամ պարզապես իշխանությունը փորձում է այդպիսով նախապատրաստել այդ տեխնոլոգիաների սահմանափակման նոր ալիք, ավելի խիստ ալիք: Քանի որ, ինչպես արձանագրեցինք, խնդիրը միայն կեղծ ահազանգերը և հոգեբանական ներգործությունը չէ, այլ ընդհանրապես Ռուսաստանում կուտակված խորքային խնդիրները: Եվ եթե ռումբերի ահազանգերը կեղծ են և, բարեբախտաբար, դրանք չեն պայթում ու, բարեբախտաբար, չեն խլում մարդկային զոհեր, ապա Ռուսաստանում կուտակված խորքային թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ հոգեբանական-քաղաքական խնդիրները կեղծ չեն և դրանք մի օր անխուսափելիորեն պայթելու են, քանի որ հնարավոր չէ տեղեկատվական դարաշրջանում, տեղեկատվական տեխնոլոգիական անընդհատ հեղափոխությունների դարաշրջանում կեղծել իրականությունը համապետական մի քանի հեռուստաալիքի քարոզչությամբ:

Իսկ Ռուսաստանում այդ խնդիրների պայթյունը, անկասկած, ոչ միայն արձագանքով, այլ ընդհուպ «բեկորներով»՝ այն էլ խոշոր, կարող է հասնել Հայաստան և ունենալ իր ազդեցությունը: Չարժե թվարկել այն բազմաթիվ գործոնները, որոնք Ռուսաստանում ներքին իրավիճակը հույժ առանցքային են դարձնում Հայաստանի համար: Իհարկե պետք է նշել, որ այդ վիճակը Հայաստանի համար ապոկալիպտիկ գնահատելու կարիք չկա, Հայաստանը ՌԴ ներքին կայունությունից չէ կախված, միաժամանակ Հայաստանը Ռուսաստանի ժողովրդավարությունից չէ կախված, Հայաստանն ընդհանրապես Ռուսաստանից չէ կախված՝ իր գոյությամբ: Այդ կախվածությունն առաջանում է այն դեպքում, երբ Հայաստանն ինքն է իր բոլոր ձվերը դնում մի զամբյուղում, որն ակնհայտորեն թեքվել է և անխուսափելիորեն ընկնելու է: Ըստ այդմ, Հայաստանն ուղղակի պետք է պատրաստ լինի Ռուսաստանում ամենատարբեր սցենարների: Ընդ որում՝ պատրաստ լինի ոչ թե «գնացքից թռչելու», այլ հանգիստ իջնելու, միաժամանակ՝ մշտապես պատրաստ լինելով Ռուսաստանի հետ աշխատանքին՝ ինչպիսին Ռուսաստան էլ, որ լինի: Տեղեկատվական տիրույթը կարծրացնելու տարբերակի հավանականությունն ու էֆեկտիվությունը Մոսկվայի համար գրեթե զրոյական է: Հնարավոր են նոր սահմանափակումներ, սակայն հնարավոր չէ գալ այնպիսի մոդելի, ինչպես, օրինակ, Իրանը կամ Չինաստանը: Դեռ պետք է հասկանալ այդ մոդելի էֆեկտիվությունն ու ռազմավարական հեռանկարայնությունն այդ երկրների համար, սակայն բոլոր դեպքերում Ռուսաստանն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք գրեթե անհնար են դարձնում կարծր արգելափակումների տոտալ մոդելի կիրառումը:

Ըստ այդմ, «դանդաղ ռումբը» գործելու է, հետևաբար Հայաստանին էլ անհրաժեշտ է գործել դրան զուգահեռ և գուցե դրանից առաջ, պատրաստելով մի քանի հիմնական սցենարներ, այդ թվում՝ անվտանգային տիրույթում: Ավելին, գուցե նույնիսկ առաջարկներ, որոնք կարող են ներկայացվել ՌԴ քաղաքական վերնախավին, առայժմ խորհրդապահական տարբերակներով: Հայաստանը Ռուսաստանին կարող է առաջարկել կենսական ռեգիոնում հուսալիություն և կանխատեսելիություն, ի պատասխան երաշխիքների, որ ՌԴ ներքին գործընթացների որևէ զարգացման պարագայում Ռուսաստանն էլ իր հերթին կանխատեսելի կմնա Հայաստանի ռեգիոնալ շահերի առումով: Ընդ որում, սրանք ռուսական պետականության համար ունիվերսալ խնդիրներ են, հետևաբար այդ առաջարկները հնարավոր է ներկայացնել ոչ միայն իշխող վերնախավին, այլ քաղաքական այն շրջանակներին նաև, որոնք իրապես շահագրգռված են ռուսական պետականության պահպանումով՝ որևէ մոդելի և իշխանության պարագայում: Ընդ որում, իր հերթին սա էլ ոչ միայն Հայաստանի իշխանության, այլ նաև հանրային-քաղաքական աշխույժ շրջանակների, քաղաքական ուժերի խնդիրն է, իրենց հասանելի խողովակների օգնությամբ: Աշխատանքը մեծ է ու ահռելի, սակայն պետք է անել, հետո «փլատակներ» հավաքելու ավելի ծանր աշխատանքի առաջ չկանգնելու համար:

1in.am

(Visited 73 times, 1 visits today)