Հեղափոխական սադիզմ. գեներալը մատաղ է արվում Դոն Պիպոյի խաժամուժին

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է։ Նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Գրիգորյանը հետազոտություն է անցնում։

Բնավ մտադիր չենք արդարացնել այն արարքը, որի համար գեներալ Մանվելը հայտնվել է ճաղերի հետևում՝ թեև ակնհայտ է, որ ԵԿՄ նախկին նախագահն ամենևին էլ կոռուպցիոներների թոփ տասնյակում չէ, ու այս հարթության վրա առնվազն տարակուսելի է նրա անազատությունը՝ նախկին համակարգի նշանային դեմքերի անձեռնմխելիության համատեքստում։ Հեղափոխությունը, մեղմ ասած, ընտրողական վերաբերմունք է ցուցաբերում, ինչն ամենևին էլ չի վկայում արդարադատության վերականգնման մասին։

Մանվել Գրիգորյանի գործում առկա են որոշակի կասկածելի հանգամանքներ, որոնց մասին, անշուշտ, պետք է գրվի՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանության թեթև ձեռքով Արցախյան պատերազմի ճանաչված հրամանատարներից մեկը դարձել է հասարակության որոշակի խմբերի ատելության թիրախ։ Կրկնում ենք՝ ամենևին ցանկություն չունենք արդարացնելու գեներալի հետպատերազմյան վարքագիծը, որոշ դեպքերում՝ բեսպրեդելի ու ցինիզմի հասնող։

Խնդրին այն է, որ «տուշոնկաների» հայտնի գործը կարող էր վաղուց դատարան ուղարկված լինել, ու պարզ չէ, թե ութ ամիս ինչով է զբաղված նախաքննության մարմինը։ Եթե այս գործով նախաքննությունը համառորեն դոփում է տեղում, ապա կարող ենք մտածել, որ մեղադրանքի հիմքերն ամուր չեն, ու Մանվելը ձեռքի հետ պահվում է «ԿԳԲ-ի պադվալում»՝ մինչև հարմար գործ կարվի նրա վրա։ Այս առումով ուշագրավ է վերջերս գլխավոր դատախազի հայտարարությունը, թե շուտով Գրիգորյանի մեղադրանքը լրացվելու է, այլ խոսքով՝ լսեցինք անուղղակի խոստովանություն, որ այսօրվա մեղադրանքն այնքան էլ հիմնավոր չէ, համենայնդեպս՝ դատարանում հաստատվելու համար։

Քանի դեռ գեներալ Մանվել Գրիգորյանի մասով չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, նրա մեղքը հաստատված չէ, հետևաբար խիստ վիճահարույց ու խոցելի են նրան փակի տակ պահելու իրավական ու բարոյական հիմքերը։

Ոչ մի բանական մարդ չի արդարացնում այն, ինչ արել է ԵԿՄ նախկին նախագահը, սակայն որևէ մեկը չի կարող նաև ուրանալ, որ Մանվել Գրիգորյանը մեծ ավանդ ունի Արցախյան պատերազմում և ուրեմն, գոնե նախաքննության փուլում, կարող էր ու պետք է լինի ազատության մեջ։ Սա նաև որոշակի վերաբերմունք կլիներ Արցախյան պատերազմին, իհարկե՝ այն շեշտադրումով, որ պատերազմին մասնակցությունը չի կարող որևէ մեկին ազատել քրեական պատասխանատվությունից։

Մյուս կողմից՝ Մանվել Գրիգորյանը ծանր հիվանդ է, ու բանտում նրան պահելը հավասարազոր է սպանության։ Սիրո ու համերաշխության կարգախոսներով տեղի ունեցած հեղափոխությունը չի կարող ունենալ սադիստական, ռեպրեսիվ դեմք։ Ավելորդ չէ հիշեցնել, որ առողջության հիմքերով Սամվել Մայրապետյանը դիմեց ՄԻԵԴ, ու Հայաստանի նոր կառավարությունն առաջին պարտությունը կրեց Ստրասբուրգի հեղինակավոր դատարանում։

Մանվելի փաստաբանները նույնպես դիմել են ՄԻԵԴ, ու կասկած չկա, որ հաղթելու են, ու սա արդեն կառավարության համար ոչ թե պարտություն, այլ խայտառակություն է լինելու, որովհետև ռացիոնալիզմի տրամաբանությամբ գործող արդարադատությունը հաշվի կառներ այն նախադեպը, որը ստեղծվել էր Մայրապետյանի գործով։

Սակայն գեներալի գործով ամենացավալին բարոյական բաղադրիչն է։ Նա կրկին հայտնվեց անազատության մեջ, որովհետև Էջմիածնի մասշտաբով նրա ազատության դեմ «հեղափոխություն» կազմակերպեց քրեական հեղինակություն Դոն Պիպոն։ Ստացվում է՝ գեներալը մատաղ է արվում Դոն Պիպոյի խաժամուժին։ Աստված մի արասցե, բայց բանտում կարող է ընդհատվել Մանվելի կյանքը՝ հեղափոխության դեմքից վերջնականապես ջնջելով «սեր» ու «համերաշխություն» բառերը։

1in.am

(Visited 503 times, 1 visits today)