Հեղափոխությա՞ն, թե՞ հակահեղափոխության ծրագիր

Կառավարությունն այսօր արտահերթ նիստում ընդունել է հնգամյա ծրագիրն ու ուղարկել Ազգային ժողով՝ հաստատման։

Նախքան քվեարկությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հռչակել են տնտեսական հեղափոխության հայեցակարգը և ըստ էության այս ծրագրով ազդարարում են տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է Հայաստանում ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը, և դա հնարավորություններ ստեղծելն է։

«Կառավարությունն իրեն համարում է այս գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը, կազմակերպիչը, որ հիմնական առաքելությունը՝ ստեղծել հնարավորություններ և մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց քաջալերեն, որպեսզի նրանք օգտվեն այդ հնարավորություններից, և կառավարության առանցքային դերակատարումը լինելու է այն, որ այդ հնարավորությունները լինեն կիրառելի և ոչ թե դեկլարատիվ»,- ասել է Փաշինյանը։

«Կարծում եմ՝ ստացանք լավ ծրագիր, ճիշտ կառուցվածքով, սկզբունքներով: Ծրագրի հետ կապված անելիքների գործիքակազմը և թվային ցուցանիշներն արտացոլված կլինեն ոլորտային ծրագրերում, որոնց վրա կսկսենք աշխատել կառավարության ծրագրի հաստատումից հետո»,- իր հերթին ծրագրի հաստատումից հետո ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Երկրի վարչապետի ու փոխվարչապետի նման հիացական գնահատականների համատեքստում որևէ մեկը չի կասկածում, որ ծրագիրը ստանալու է խորհրդարանի գրեթե միաձայն հավանությունը։ Համենայնդեպս, առայժմ հրապարակային վերապահումներ հայտնել է միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

Հայաստանում ստեղծվել է իրապես արտառոց իրավիճակ, երբ կառավարության ծրագիրը քննարկվում է ավելի վաղ, քան կառավարության կառուցվածքը։ Տրամաբանությունը մինչդեռ ենթադրում է, որ նախ պետք է հաստատվեր կաբինետի կառուցվածքը, ապա այդ տրամաբանությամբ մշակվեին կադրային ու ծրագրային մոտեցումները։

Մյուս կողմից՝ այս ծրագիրը բովանդակային հարթության վրա գրեթե զերծ է կոնկրետություններից ու ավելի շատ բարի ցանկությունների հավաքածու է, որտեղ բացակայում են «ինչո՞ւ» և «ինչպե՞ս» հարցերի պատասխանները։ Այս հարթության վրա Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը շատ նման է Կարեն Կարապետյանի կաբինետի ծրագրին, որտեղ նույնպես շատ էր վերացականության բաղադրիչը։

59 էջանոց ծրագրում գրեթե չկան մակրոտնտեսական թիրախային թվեր, ըստ այդմ՝ չկան կոնկրետ չափելի ցուցանիշներ, որպեսզի հետագայում հնարավոր լինի գնահատել՝ արդյոք կատարվե՞լ են խոստումները, թե՞ ոչ: Օրինակ՝ պարզ չէ, թե ինչպիսի մեխանիզմներով է ապահովվելու ներգաղթը, կամ ինչ գործնական քայլեր են արվելու՝ աղքատությունն ու գործազրկությունը հաղթահարելու, աղետի գոտու հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Միակ մակրոտնտեսական ցուցանիշը, որը խոստացվել է, դա տարեկան ՀՆԱ աճի միջին տեմպի առնվազն 5 տոկոսի ապահովումն է, որն ամենևին էլ հեղափոխական ցուցանիշ չէ. Կարեն Կարապետյանի կաբինետը 2017թ.-ին 7,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ է ապահովել։

Էլ չենք ասում այն մասին, որ կառավարության ծրագրում չկան հիշատակումներ ընտրական ու քաղաքական համակարգերի բարեփոխման, անցումային արդարադատության մարմինների ձևավորման մասին, ինչն առնվազն տարակուսելի է հեղափոխության համատեքստում։

Մի խոսքով՝ սա ծրագիր է ոչ թե տնտեսական հեղափոխության, այլ տեղի ունեցած հեղափոխության արդյունքները սրբագրելու մասին։

1in.am

(Visited 38 times, 1 visits today)